«Դա կարելի է և՛ Սովետի փլուզում անվանել, և՛ անցում արդյունավետ մենեջմենթին, հին դեմքերից ազատում». Արմեն Գրիգորյան

13-05-2018
10397 դիտում
«Դա կարելի է և՛ Սովետի փլուզում անվանել, և՛ անցում արդյունավետ մենեջմենթին, հին դեմքերից ազատում». Արմեն Գրիգորյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

- Պարո՛ն Գրիգորյան, նոր կառավարության կազմն արդեն հայտնի է, հիմնականում երիտասարդներ են նշանակվել նախարարներ: Կարո՞ղ ենք ասել, որ այսպիսով հրաժեշտ է տրվում կառավարման սովետական մոդելին:

- Դա կարելի է և՛ Սովետի փլուզում անվանել, և՛ անցում արդյունավետ մենեջմենթին, հին դեմքերից ազատում: Իրականությունն այն է, որ փոփոխություն է լինում:

- Ի՞նչ պահանջներ են դրված երիտասարդ կադրերի առաջ: Ի՞նչ խնդիրներ նրանք պետք է առաջնահերթ լուծեն:

- Ընդհանուր առմամբ պետք է բարեփոխումներ իրականացնեն, հին կառավարման մեթոդներից, որոնք փակ մեթոդներ էին, պետք է հրաժարվել: Պետք է անցում կատարել հանրության հետ աշխատելու սկզբունքին, պետության նկատմամբ իրական պարտականությունների շրջանակներում պետք է աշխատել: Այս ձևավորված կառավարության առաջնահերթ խնդիրը նաև արտահերթ ընտրությունների կազմակերպումն է: Բայց դրանից բացի նաև պետության ընդհանուր կառավարումը պետք է կազմակերպվի ավելի արդյունավետ, քան նախկինում է եղել:

- Նոր նախարարների անձերի շուրջ սոցիալական ցանցերում նաև քննադատություններ են հնչում, թեժ քննարկումներ են: Նորմա՞լ է, երբ հանրության մի մասը քննադատում է այս նշանակումները:

- Նորմալ է, երբ մարդիկ անծանոթ անուն են տեսնում և ուզում են իմանալ, թե ովքեր են նրանք: Անձամբ ես բոլոր նորանշանակ նախարարներին ճանաչում եմ, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ում հանդեպ հիմնական մտահոգություններ են, անձամբ ճանաչում եմ: Համոզված եմ, որ Լիլիթը կարողանալու է արդյունավետ կառավարում իրականացնել, բազմաթիվ հմտություններ ունի: Եվ ամենակարևորը՝ մարդկային է ու սկզբունքային: Մեր կառավարման համակարգին մարդկային տեսք տալու անհրաժեշտությունը շատ մեծ է, և համոզված եմ, որ բոլորն էլ կարողանալու են իրենց առջև դրված խնդիրները կատարել:

- Նոր ու երիտասարդ կադրերի կողքին նաև պաշտոններ են տրվել նախորդ կառավարությունների օրոք աշխատած կադրերի: Սա ևս քննադատության թեմա է դարձել: Արդյունավետ կառավարում այս պարագայում հնարավո՞ր է:

- Իրականում լավ կլիներ, եթե բոլորը նոր կադրեր լինեին, բայց այլընտրանքի հնարավորություն գրեթե չի եղել: Օրենսդրությունը պահանջել է, որ համակարգում նախկինում փորձ ունեցած մարդիկ լինեն: Հների մասով անհանգստությունը ես էլ եմ կիսում, բայց համոզված եմ, որ նոր կադրերը, ինչպես նաև խաղի նոր կանոնները փոխելու են իրավիճակը: Այնպիսի իրավիճակ է լինելու, որ հին կադրերը աշխատելու են նոր խաղի կանոններով: Եվ նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սա անցումային կառավարություն է, որի առաջ խնդիր է դրված նոր ընտրություններ կազմակերպելը:

- Այսինքն՝ ընտրություններից հետո կառավարության կազմի էական փոփոխությո՞ւն է սպասվում:

- Միանշանակ, ընտրությունները հենց հնարավորություն են տալու իսկապես այս համակարգը ռեսթարտ տալ:

- Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի այս կադրերը չարդարացնեն իրենց, նրանք նորերո՞վ կփոխարինվեն:

- Այո՛, եթե լինեն մարդիկ, ովքեր չկարողանան իրականացնել իրենց առջև դրված խնդիրը, բնականաբար, նրանց նշանակման որոշումը կվերանայվի: Բայց ես կասկածում եմ, որ այդպիսի մարդիկ կլինեն, քանի որ ամենակարևորն այն է, որ նրանք մեծ էնտուզիազմով երիտասարդներ են: Եվ նրանք մաքսիմում աշխատանք են կատարելու, որպեսզի իրենց առջև դրված խնդիրը կատարեն:

Նախ կառավարման մոդելն է մեծ չափով փոխվում: Փոփոխությունն այն առումով է, որ ավելի շատ կառավարման սկզբունքներն են փոփոխվում: Դրվում է մի սկզբունք, որ քաղաքացիներին ներգրավում են կառավարման գործընթաց:

Ե՛վ քաղաքացիական հասարակությանը, և՛ բիզնեսին, և՛ անհատ քաղաքացիներին ներգրավում են այս աշխատանքի մեջ: Եվ այստեղ, ես համոզված եմ, սխալվելու հավանականությունը հասցվելու է մինիմումի: Եթե երիտասարդները դա կարողանան կատարել, իսկ ես համոզված եմ, որ կկարողանան, ապա խնդիրներն ավելի քիչ են լինելու: Պետք է ենթադրել, որ այդ կադրերը միայնակ չեն ղեկավարելու, կա ավելի մեծ թիվ, կա հասարակություն, որը պատրաստ է ներգրավվել գործընթացում: Եվ այդ ներգրավումը միանշանակ օգնելու է, որ արդյունավետ կառավարում իրականացվի երկրում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am