Պատվաստումների դեմ թեզերը հիմնավոր չեն. դրանք բազմիցս հերքվել են

15-05-2018
1632 դիտում
Պատվաստումների դեմ թեզերը հիմնավոր չեն. դրանք բազմիցս հերքվել են

Սոցիալական ցանցերում նորանշանակ նախարարներից մեկը, ով քննադատության թիրախում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Վերջինիս քննադատում են իր նախկին մտքերի համար, սակայն այդ քննադատություններն արդեն տեղափոխվում են այլ հարթություն: Մասնավորապես, փորձ է արվում կասկածի տակ դնել վարակների դեմ տարիներ շարունակ իրականացվող պատվաստումները և դրանց անհրաժեշտությունը: Մենք չենք անդրադառնա նախարարին ուղղված քննադատություններին, միայն հանրության ուշադրությունը կհրավիրենք այն թեզերի վրա, որոնք ակնհայտ սուտ և կեղծ տեղեկություներ են պարունակում պատվաստումների մասին:

  1. Պատվաստումները աուտիզմ են առաջացնում:  2003 թվականից սկսած ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնների կողմից, որը համարվում է ապացուցողական բժշկության ամենահիմնավոր տեղեկատվություն տրամադրող կազմակերպությունն ամբողջ աշխարհում, իրականացվել են 9 գիտական հետազոտություններ՝ պատվաստանյութերի, նրանցում պարունակվող նյութերի և աուտիզմի միջև հավանական կապի պարզաբանման վերաբերյալ, որոնց արդյունքում վերջնականապես ժխտվել է աուտիզմի և պատվաստումների միջև պատճառահետևանքային կապը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աուտիզմ գրանցվում է ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված երեխաների մոտ: Պատվաստանյութերի բաղադրությունում աննշան քանակությամբ առկա թիոմերսալի և աուտիզմի, ինչպես նաև նյարդային համակարգի զարգացման խանգարումների առաջացման միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
  2. Սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը  հանգեցնում է հիվանդությունների վերացմանը, հետևաբար պատվաստումների կարիք չկա:Չնայած, որ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը պաշտպանում է մարդուն մի շարք վարակիչ հիվնադություներից, այնուամենայնիվ  պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունները նորից կարող են հայտնվել, եթե պատվաստումները դադարեցվեն: Բազմաթիվ հիվանդություններ տարածվում են՝ անկախ հիգիենիկ պայմաններից: Եթե ազգաբնակչությունը պատվաստված չէ, ապա հազվադեպ հանդիպող հիվանդությունները կարող են նորից վերադառնալ, օրինակ՝ կարմրուկը, պոլիոմիելիտը:
  3. Դիֆթերիայի, կապույտ հազի և փայտացման դեմ համակցված, ինչպես նաև պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութերն առաջացնում են կրծքի հասակի երեխաների հանկարծամահություն: Չկա պատճառահետևանքային կապ պատվաստումների և կրծքի հասակի երեխաների հանկարծամահության միջև: Սակայն պատվաստումներն իրականացվում են այն ժամանակահատվածում, երբ կարող է առաջանալ կրծքի հասակի երեխաների հանկարծամահության համախտանիշը, այսինքն հանկարծամահությունը կարող է համընկնել պատվաստումների հետ կամ առաջանալ առանց պատվաստման: Կարևոր է հիշել, որ այս չորս հիվանդությունները կարող են մահվան, ծանր հաշմանդամության պատճառ հանդիսանալ և երեխաներին չպատվաստելով ենթարկում ենք ավելի մեծ ռիսկի:
  4. Միաժամանակ մեկ պատվաստումից ավել ներարկումը կարող է ունենալ կողմնակի ազդեցություն, կարող է ծանրաբեռնել երեխայի իմուն համակարգը: Ըստ  գիտահետազոտական տվյալների, մի քանի պատվաստանյութերի միաժամանակ ներմուծումը երեխայի իմուն համակարգի վրա չունի անբարեհաջող ազդեցություն: Երեխաները ամեն օր ենթարկվում են հարյուրից ավել օտար ազդակների ազդեցությանը, որոնք առաջացնում են իմուն պատասխան: Սովորաբար սննդամթերքի միջոցով օրգանիզմ են թափանցում բազմաթիվ հակամարմիններ, իսկ բերանի և քթի խոռոչում բնակվում են բազմաթիվ բակտերիաներ: Երեխան ենթարկվում է մեծ քանակի հակամարմինների ազդեցության մրսածության կամ անգինայի ժամանակ ավելի շատ, քան պատվաստման ընթացքում: Միաժամանակ մի քանի պատվաստում կատարելու հիմնական առավելություններն են՝ կրճատվում է պոլիկլինիկա այցելությունների թիվը, որը կտնտեսի ժամանակ և գումար, բարձրանում է հավանականությունը, որ երեխան կստանա անհրաժեշտ պատվաստումներն առանց խախտելու ազգային օրացույցի ժամկետները: Համակցված պատվաստումների կիրառումը նպաստում է նաև ներարկումների կրճատմանը, օրինակ, կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված պատվաստանյութի օգտագործումը:
  5. Գրիպը տհաճ հիվանդություն է և պատվաստումը արդյունավետ չէ: Գրիպն ավելին է, քան տհաճ հիվանդությունը: Այն լուրջ հիվանդություն է, որն ամբողջ աշխարհում տարեկան 300-500 հազար մարդու մահվան պատճառ է հանդիսանում: Ռիսկի խումբ են կազմում հղի կանայք, փոքր տարիքի երեխաները, տարեցները, սիրտ-անոթային, շնչառական համակարգի խրոնիկ հիվանդները: Հղի կանանց պատվաստումը երկակի դրական ազդեցություն ունի, այն պաշտպանում է նաև նորածիններին /քանի որ չկա գրիպի պատվաստանյութ 6 ամսականից ցածր երեխաների համար/: Պատվաստումը ապահովում է պաշտպանություն յուրաքանչյուր սեզոնին շրջանառվող երեք ամենատարածված շտամերի նկատմամբ: Գրիպի դեմ պատվաստանյութը լավագույն մեթոդն է նվազեցնել ծանր գրիպով հիվանդացության հնարավորությունը և չվարակել շրջապատի մարդկանց: Խուսափել գրիպից նշանակում է խուսափել լրացուցիչ ծախսերից:
  6. Ավելի լավ է իմունիտետ ձեռք բերել հիվանդանալու արդյունքում, քան պատվաստման: Պատվաստանյութերը փոխազդում են իմունային համակարգի հետ` առաջացնելով իմուն պատասխան, որը նման է բնական վարակի նկատմամբ առաջացած իմուն պատասխանին, սակայն պատվաստանյութերը հիվանդություն չեն առաջացնում և պատվաստվածին հավանական բարդությունների ռիսկի չեն ենթարկում: Ի տարբերություն դրան, բնական վարակի արդյունքում անընկալություն ստանալու համար հնարավոր է, ստիպված լինեք վճարել, հեմոֆիլուսային Բ տիպի վարակի (Hib) առաջացրած մտավոր հետամնացությամբ, կարմրախտի հետևանքով` բնածին արատներով, վիրուսային հեպատիտ Բ-ից` լյարդի քաղցկեղով կամ կարմրուկից` մահով:
  7. Պատվաստանյութերը պարունակում են առողջության համար վնասակար սնդիկ: Թիոմերսալը սնդիկ պարունակող օրգանական նյութ է, որն ավելացնում են որոշ պատվաստանյութերի մեջ որպես կոնսերվանտ: Սա բազմադեղաչափ շշիկներով առաքվող պատվաստանյութերի մեջ կիրառվող ամենատարածված կոնսերվանտն է: Գոյություն չունեն առողջության համար վնասակար լինելու վերաբերյալ տվյալներ թիոմերսալի` պատվաստանյութերում օգտագործվող քանակի վերաբերյալ:

Իմունականխարգելման ազգային ծրագրի տվյալների համաձայն՝ վերջին ժամանակահատվածում հակապատվաստումային տեղեկատվության տարածումից հետո նկատվում է պատվաստումների ցուցանիշների անկում: Մասնավորապես, 1 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը 94 %-ից (2010 թ.) նվազել է մինչև 90 % (2018թ. մարտ): Նման միտումները վտանգավոր են, քանի որ այդ պարագայում կարող են դիտվել որոշ հիվանդությունների հետ վերադարձ:

Պատվաստումներին դեմ արտահայտվողները քննարկումներ են ծավալում ֆեյսբուքյան հետևյալ խմբերում՝ «Հայ ծնողների ակումբ»«Հայ կանանց ակումբ», «Կոնսուլտանտները», «Հղիների/Մայրիկների ակումբ», «Հարցեր բժիշկներին-բժշկական խորհրդատվություն», «Mapa.am», «Մեր բալիկը», «Ամեն ինչ պատվաստումների մասին»: Ասվածը չի նշանակում, որ այդ խմբերում բացառապես ապատեղեկատվություն են տարածում:

Աղբյուրը՝ sut.am