Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի կասեցումը տեղին քայլ է. կրթության փորձագետ

16-05-2018
7487 դիտում
Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի կասեցումը տեղին քայլ է. կրթության փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

- Պարո՛ն Խաչատրյան, դուք նախորդ իշխանությունների նախաձեռնած «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը քննադատում էիք, համարում, որ դրա կարիքն ընդհանրապես չկա։ Հիմա կրթության և գիտության նորանշանակ նախարարը հետ է կանչում այդ նախագիծը։ Ինչպե՞ս եք գնահատում դա։

-Կարծում եմ՝ տեղին քայլ է, որովհետև այն ժամանակ էլ ես ասել եմ, որ այդպիսի փաստաթղթի կարիք չկա։ Հայրենասիրության մասին փաստաթուղթ ունենալու իմաստ չեմ տեսնում, առավելևս՝ ռազմահայրենասիրության։ Փոխարենը տեսնում եմ ռազմագիտություն առարկայի դասավանդման բարելավման անհրաժեշտություն։ Դրանք տարբեր բաներ են. այն, ինչ գրված էր այդ փաստաթղթում, ավելի շատ քարոզչության միջոցով ինչ-որ բաներ անելն է, իրականում պետք է ավելի պրագմատիկ քայլեր անել։ Պետք է պարզապես վերանայել ռազմագիտության ծրագիրը և ռազմագիտության ուսուցիչների աշխատանքը։ Իսկ դա անելու համար նման հայեցակարգ պետք չի։

- Կարո՞ղ ենք փաստել, որ դա ավելորդ քայլ էր ու հիմա դուրս է գալիս օրակարգից։

- Իհարկե, առանց այդ հայեցակարգի էլ կարելի էր իրավիճակը բարելավել։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էին նախորդ իշխանությունները ներդրել այդ ծրագիրը։

- Ես մի ենթադրություն կարող եմ անել, որ վերջին ժամանակներս Հայաստանը մի քիչ ավելի գաղափարայնացման էր գնում, ռազմաքաղաքական ինչ-որ ուղղություն էր։ Դա խորհրդային տարիներին բնորոշ ինչ-որ տարբերակ էին փորձում ներդնել։

- Նոր կառավարություն է ձևավորվել, և ԿԳ նորանշանակ նախարարը բավական երիտասարդ է։ Ի՞նչ փոփոխություններ եք սպասում նրանից և կրթական համակարգի առողջացման ի՞նչ հույսեր ունեք։

- Այո՛, այդ հույսերը կան։ Մենք ունեինք մի վիճակ, երբ համակարգի թթվածինը կարծես սահմանափակ էր, հիմա կրթության համակարգը կարծես հնարավորություն է ստանում բավարար չափով թթվածին ստանալու։ Կան շատ մեծ սպասումներ, կա դրական էներգիա, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս ամենը պետք է շատ պրոֆեսիոնալ ձևով առաջ տանել, որովհետև հասկանալի է, որ թեև սպասումները շատ մեծ են, բայց կրթության ոլորտում փոփոխությունները շատ արագ չեն կարող լինել, հատկապես գլխավոր հարցերում։ Դրա համար ժամանակ է պետք, մարդիկ պետք է այդ կապանքներից մի քիչ ազատվեն։ Վերջին շրջանում նորմալ չեն արտահայտել իրենց տեսակետները, վախեցել են, լռել, կեղծել են, իսկ հիմա հնարավորություն է ստեղծվել արտահայտվելու։ Բայց նաև պետք է այնպես անել, որ տեսակետների ու առաջարկների հարահոսի մեջ չկորչի կարևորը, և համակարգը խելամիտ առաջ գնա։

- Նոր նախարարն առաջ է քաշել բուհերի ապակուսակցականացման հարցը։ Սա արդյոք կարևո՞ր քայլ չէ բուհական կյանքում։

- Շատ կարևոր քայլ է, բայց ես մի վերապահում անեմ. Հայաստանում ոչ թե բուհերն են կուսակցականացված, այլ բուհերի կառավարումը, որովհետև դասախոսների տոտալ կուսակցականացում, ուսանողների տոտալ կուսակցականացում չի արվել։ Այդ իմաստով բուհական համակարգն ավելի լավ վիճակում է, քան դպրոցը։ Բայց բուհերում այլ խնդիր կա՝ ռեկտորների, ուսխորհուրդների և կառավարման խորհուրդների կուսակցականացում կա։ Սա է բուհերի հիմնական խնդիրը։ Կառավարման խորհուրդներում քաղաքական գործիչների ներկայացվածություն կա, գրեթե բոլոր բուհերը կառավարում են քաղաքական ազդեցիկ մարդիկ։ Այ սա՛ պետք է վերացնել, և կարծում եմ՝ այս խնդիրը բուհերում ավելի հեշտ կլուծվի։

Դպրոցներում ավելի տոտալ կուսակցականացում է արվել։ Իհարկե, հասկանալի է, որ ուսուցիչների մեծ մասն իր կամքով չի կուսակցական դարձել, բնականաբար, նրանք հեշտությամբ կհրաժարվեն դրանից, բայց այս առումով դպրոցներին ավելի շատ են շահագործել, քան բուհերին։ Դպրոցները ծնողներին, հասարակությանն ավելի մոտ են և ավելի շատ են ընտրական պրոցեսներին մասնակցել։ Հիմա նրանց համար ավելի դժվար է լինելու։

- Ձեր կարծիքով՝ կրթական համակարգի առողջացմանն ուղղված ամենակարևոր առաջնահերթությունը ո՞րը պետք է լինի։

- Առաջին քայլով պետք է լսել, թե ի՛նչ են մտածում ուսուցիչներն ու դասախոսները, ի՛նչ են առաջարկում նրանք։ Կրթության ոլորտում ամենակարևորը դասավանդողներն են։ Դրանք մարդիկ են, որոնք առաջին գծի վրա են, և նրանց կարծիքը շատ կարևոր է հարցեր լուծելու իմաստով։ Պետք է նրանց լսել, հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունեն, ինչ առաջարկներ ունեն, ինչ են մտածում։ Մեր նպատակը պետք է լինի ուսուցիչներին ու դասախոսներին ուժեղացնելը, որովհետև հիմնական գործը նրանք պետք է անեն։ Նախարարությունը չի կարող 37 հազար ուսուցչի վերահսկել։

- Այս հեղափոխության ընթացքում մենք տեսանք, թե դպրոցներում ի՛նչ բացահայտումներ եղան, դպրոցների տնօրեններ հրաժարական տվեցին։ Այս գործընթացը որքանո՞վ առողջացման նպատակ ունի։

- Դա ինչ-որ իմաստով անխուսափելի է, որովհետև այն տնօրենները, որոնք կարծես շատ են չափն անցել, նաև այս տարիների ընթացքում եղել են մամուլի ուշադրության կենտրոնում։ Օրինակ՝ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մասին արդեն տասնամյակներ գրվում է։ Ինչ-որ իմաստով այդ ամենը կուտակվել էր երկար ժամանակ, և բնական է, որ այդպիսի դպրոցներում նման զարգացումներ են լինում։ Բայց նախընտրելի է, որ դա լինի ավելի հանգիստ ձևով, որովհետև մեր օրենքները տալիս են հնարավորություններ, որ ծնողները, դպրոցի կառավարման մարմիններն ավելի քաղաքակիրթ ձևով լուծեն դպրոցի կառավարիչների հարցը։ Ես չէի ուզենա, որ 11-րդ դպրոցում տեղի ունեցածը զանգվածային բնույթ ստանա։

Մանե Հարությունյան

MediaLab.am