«Թրամփի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին, կարող է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր փուլ բացել». Արա Պապյան

16-05-2018
14504 դիտում
«Թրամփի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին, կարող է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր փուլ բացել». Արա Պապյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարող է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր փուլ բացել: Այս կարծիքին է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Ցանկացած շնորհավորանք նոր կառավարությանն ու վարչապետին, բացի արարողակարգային իմաստից, իր մեջ պարունակում է նաև ճանաչելու իմաստ: Բայց այստեղ կարևորն այն էր, որ մի փոքր ավելի ընդլայնված մտքեր կային Թրամփի տեքստում»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Նա ուշադրություն է հրավիրում ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձի այն հատվածի վրա, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծմանը:

Ըստ Պապյանի՝ կարծես թե ինչ-որ համագործակցության ծրագրային հիմնադրույթներ կան այս ամենում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է.

«Շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատել մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր կուսակցությունների ջանքերը միավորելը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան»:

Արա Պապյանի խոսքով՝ Թրամփի այս ուղերձը կարևոր էր, քանի որ այսօրվա դրությամբ ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամների շնորհավորանքները՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Եթե համեմատենք՝ վեց օր էլ Սերժ Սարգսյանն է աշխատել վարչապետ, բայց նրան շնորհավորեցին միայն Վրաստանը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, որոնց թվում են երեք բռնապետներ, իսկ Վրաստանն էլ զուտ սահմանակից երկիր լինելով է շնորհավորել: Իսկ Նիկոլ Փաշինյանին շնորհավորողների մեջ կարևորագույն երկրներ կան»,- ասում է Արա Պապյանը:

Պապյանի խոսքով՝ Թրամփի այս քայլը կարող է Հայաստան-ԱՄՆ նոր հարաբերությունների սկիզբ լինել: ԱՄՆ-ում, բացի նախագահից, արտաքին հարաբերությունների լիազորությունները կախված են նաև Սենատից: Եվ Սենատն այս գործում մեծ դերակատարություն ունի:

«Ի վերջո, մենք մոռանում ենք, որ ԱՄՆ-ը պետությունների միություն է: Սա նշանակում է, որ, լինելով ժողովրդավար երկիր, շատ ավելի հեշտ է օրենսդիր իշխանությունից ևս ստանալ համաձայնություն՝ տարբեր ծրագրային օգնությունների համար: Ցանկացած ֆինանսական օգնություն, առանց Սենատի համաձայնության, արտաքին աշխարհին չի կարող տրամադրվել»,- նշում է Արա Պապյանը:

Որպես օրինակ նա նշում է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը, որը 2008 թվականի մարտի մեկից հետո փակվեց՝ հայտնի իրադարձությունների պատճառով:

Մյուս կողմից՝ երբ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ խիստ միակողմանի քաղաքականություն է վարում, բացասական միտումներ ենք տեսնում: Օրինակ՝ հարևան Վրաստանն այս տարվա համար ԱՄՆ-ից 105 մլն դոլար օգնություն ստացավ, Հայաստանը չստացավ: Արա Պապյանի խոսքով՝ հնարավոր է, որ նոր իշխանությունների օրոք ԱՄՆ-ն վերականգնի Հայաստանին տրամադրվող օգնությունը, վերսկսվի «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի իրականացումը Հայաստանում:

«Վստահաբար, նման հույսեր կան, որովհետև մենք արդեն տեսնում ենք, որ նույն «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շուրջ տեղում սկսել են ձայներ հնչել, որ ծրագրի փակման պատճառներն արդեն վերացված են, այն պետք է վերսկսել»,- նկատում է Արա Պապյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ երեք նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, մինչ օրս չեն շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արա Պապյանը նշում է.

«Եթե հոգեբանական տեսանկյունից նայենք հարցին, բուն պատճառն այն է, որ նրանց մեջ մի տեսակ թերարժեքության բարդույթ է առաջացել, դրա համար չեն շնորհավորում: Բայց նրանք ունեն արտաքին ձևական պատճառաբանություն, թե պետության գլուխը նախագահն է, հետևաբար, մենք նախագահին ենք շնորհավորում, իսկ վարչապետի հետ գործ չունենք, թող նախկին վարչապետները շնորհավորեն»:

Բայց, ըստ Արա Պապյանի, պետք է հաշվի առնել այն փաստը, որ ռեալ իշխանությունն այսօր գտնվում է վարչապետի ձեռքում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am