«Վստահ եմ, որ նոր ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հաղթահարելու 5 տոկոսի շեմը և չեն անցնելու խորհրդարան». քաղաքագետ

19-05-2018
19705 դիտում
«Վստահ եմ, որ նոր ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հաղթահարելու 5 տոկոսի շեմը և չեն անցնելու խորհրդարան». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

- Պարոն Շիրինյան, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իրենք արտահերթ ընտրությունների կարիք չեն տեսնում, միաժամանակ շեշտել է, որ ՀՀԿ-ն չի կարող կառավարության կցորդը լինել և չի կարող հաստատել այն, ինչ կբերի կառավարությունը։ Սա փակուղային իրավիճակ չի՞ ստեղծում արտահերթ ընտրությունների համար։

- Ստեղծում է, և իրենք լավ չեն մտածել ու լավ չեն պատկերացնում իրավիճակը, որովհետև հեղափոխության համար ճահճի ժամանակներում կեղծիքներով ընտրված Ազգային ժողովը արժեք չունի։ Կարող է հասարակությունը դուրս գա անհնազանդության ակցիաների և այդ Ազգային ժողովը շպրտի իրենց նախագահի մոտ։ Սա հեղափոխության օրենքն է։

Չի կարող որևէ երկրի զարգացման պահանջները բավարարել հեղափոխությունից առաջ ընդունված օրենքներով, հատկապես նախկինում ընտրված խորհրդարաններով, որովհետև այն զանգվածը, որը իշխանության է բերել ՀՀԿ-ին, վաղուց արդեն թավշյա հեղափոխության շարժիչ ուժերից մեկն է։ Հետևաբար, նրանք քաղաքագիտական իմաստով բացարձակ որևէ լեգիտիմություն չունեն։

Այն երկրներում, որտեղ նախագահները, խորհրդարանները լեգիտիմությունը կորցնում են, չեն կարող գոյատևել։ Դրա համար իրենք ունենք երկու ճանապարհ՝ կամ հեղափոխության երկրորդ ալիքով դուրս մղվել Հայաստանի քաղաքական իրականությունից, կամ համակերպվել ու հանձնվել։ Նրանք, կարծես, հանձնվելու մտադրություն չունեն, բայց պետք է գնալ այդ ճանապարհով։ Իմ ասածը բխում է ժողովրդի սուվերեն իրավունքի սկզբունքից։ Ժողովուրդը մայիսի 2-ին ոչ թե Հայաստանում, այլ Երկիր մոլորակում դեմ դուրս եկավ ՀՀԿ-ական վարչակարգին և թաղեց նրանց քաղաքական գոյությունը։ Մարդիկ, որոնք 25 տարի օրենք են բռնաբարել, այսօր կառչել են օրենքից ու օրենքից են խոսում։ Դա բարոյական չէ։

- Այսինքն կարծում եք՝ ժողովուրդը կպարտադրի՞ արտահերթ ընտրություններ։

- Այո, իհարկե։ Հեղափոխության ղեկավարությունը, որը ողջ ժողովրդից, համայն հայությունից ստացել է բացարձակ լեգիտիմության մանդատ, չի կարող աշխատել մի խորհրդարանի հետ, որի մեծամասնությունը իրենից անգամ կուսակցություն չի ներկայացնում, այլ միայն խմբակցություն։ ՀՀԿ-ն որպես այդպիսին գոյություն չունի։

- Կարծում եք, որ ՀՀԿ-ն պետք է լուրջ վերափոխմա՞ն ենթարկվի՝ զտվելու, մարդկանց թիվը վերանայելու առումով։

-Այն ՀՀԿ-ն, որը բռնազավթել է իշխանությունը, որը նաև Սահմանադրությունն էր փոխել իր շեֆին պահելու համար, այլևս չկա։ Ես վստահ եմ, որ նոր ընտրությունների դեպքում նրանք գրեթե ձայն չեն ստանալու, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հաղթահարելու 5 տոկոսի շեմը և չեն անցնելու խորհրդարան։ Նրանք Հայաստանում քաղաքական ճգնաժամի կերտիչներն են, դրա համար սկսել են օրենքից կառչել՝ օգտագործելով գլխավոր դատախազին ու դատարանները։ Նրանք բարիկադավորվել են ձևական իրավունքի թիկունքում, որն իրականում լեգիտիմության հետ ոչ մի առնչություն չունի։ Դրա համար ժողովուրդը զայրացած է, այս անգամ կարող է նրանց իսկապես աղբանոցը նետել։

Նրանց միակ ելքը, որ դեռ կարող են ինչ-որ ձևով մնալ քաղաքական դաշտում, նոր ընտրությունների անցկացումն է։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ նոր ընտրություններում ոչ մի կեղծիք չի լինելու, իսկ ոստիկանությունն ասել է, որ կյանքի գնով պահելու է օրինականությունը։ Ով կընտրվի` թող ընտրվի։ Այսինքն՝ նոր ընտրությունները երկրում քաղաքական ուժերի նոր դասավորությունը կցուցադրեն։

ՀՀԿ-ականները եթե երկրի ճակատագրով մտահոգ լինեին, կամավոր կհեռանային, կասեին՝ դե լավ, մենք կերտել ենք երկրի աղքատությունն ու արտագաղթը, նաև ապրիլյան պատերազմում 100-ից ավելի զոհ ենք տվել, նաև «Սասնա ծռերի» դեպքն ու Սարի թաղի այլանդակությունները, մենք գնում ենք։ Եթե Սերժ Սարգսյանին հեղափոխությունը քշել է, սրանք ո՞վ են, որ մնան։ Հեղափոխությունը նաև պետք է կարողանա պաշտպանվել ռևանշիզմից։

ՀՀԿ-ականներից մեկը չասաց, որ իրենք երկրի կյանքում բացասական դեր են խաղացել, ասում են՝ իրենք դրական դեր են խաղացել, բայց երկիրը չի զարգացել, արտագաղթը մեծացել է։ Այդպիսի պարադոքս աշխարհում ոչ մի տեղ չկա։ Նրանք մտածում են, որ փողն իրենց ձեռքում է, բայց հեղափոխությունների համար դա որևէ նշանակություն չունի, հեղափոխությունները նաև ունեզրկում ու գլխատում են։ Թող նայեն Ֆրանսիայի ու Անգլիայի պատմությունը, կրակի հետ են խաղում։

ԱՄՆ-Իրան հարաբերությունները խիստ սրված են, Իսրայելը ամբողջ թափով աշխատում է, և մոտ ժամանակներս Իրանում կարող է լինել խառնակ վիճակ, ինչը հակասում է մեր շահերին, ու այդ պայմաններում մեզ լեգիտիմ ու ժողովրդի վստահությունը վայելող Ազգային ժողով է պետք։ Այդ բացը շտապ պետք է լրացնել, որ երկիրն իր ինքնապաշտպանությամբ զբաղվի։ Դրա համար խոհեմությունը պահանջում է՝ մաքրել ավգյան ախոռներն ու գնալ առաջ։ Հայաստանը չի կարող խաղալիք դառնալ նրանց ձեռքին։ Եթե ՀՀԿ-ն չհեռանա, պայթյուն է լինելու։ Հեղափոխությունից 4 օր առաջ էլ հոխորտում էին, թե 1000 տարի պետք է իրենք կառավարեն։

- Ձեր կարծիքով՝ ե՞րբ է արտահերթ ընտրությունների ռացիոնալ ժամկետը։

- Լավագույն ժամկետը հուլիսն է, որպեսզի աշնանն արդեն ունենանք երկրի տեր, Ազգային ժողով և կառավարություն։ Հակառակ դեպքում, մինչև սեպտեմբերի 20-ը ընտրությունները պետք է վերջացած լինեն։ Մենք նաև պետք է հաշվի առնենք Ռուսաստանի քաղաքականության իրական բովանդակությունը, քանի որ նրանք ատամները կրճտացրած են ընդունել մեր նոր իշխանությունը, դրա համար պետք է շտապել։

Մենք պետք է ունենանք արդար ձևավորված, ինտելեկտուալ, քաղաքական բարձր մշակույթ ունեցող Ազգային ժողով, որը կձևավորի կառավարություն։ Այդ ժամանակ արդեն կիմանանք, որ ինչ էլ լինի արտաքին ճակատում, ունենք կառավարություն, որի վերաբերյալ կասկած չկա։ Այս մտահոգությունն է ԱՄՆ-ին անհանգստացրել, որ Թրամփը շատ արագ շնորհավորեց թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետին։ Այնպես որ, ՀՀԿ-ականները պետք է տղամարդկություն ունենան և նախ իրենց դատախազին ասեն՝ հրաժարական տուր, իրենք էլ մանդատները վայր դնեն։

Ի վերջո, Ֆրանսիայում անգամ գեներալ դը Գոլը հայտարարեց՝ եթե չեք ուզում, չեմ ղեկավարի, կհեռանամ, չնայած կարող էի շարունակել։ Հեղափոխությունը սրբել-տարել է գորշ կարդինալին, հիմա էլ նրա հենարան բազան պետք է ոչնչացվի։ Եթե հիմա դա չարվի՝  վաղը ավելի վատ է լինելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am