«Եթե դուք Ֆրանսիայից քաղաքական ապաստան եք խնդրել և ասել, որ Սերժի ռեժիմից եք փախել, բնական է, ձեզ կպատասխանեն. ռեժիմը էլ չկա՝ վերադարձեք ձեր երկիր». «Ալամեզոն» Բլոգ

24-05-2018
3514 դիտում
«Եթե դուք Ֆրանսիայից քաղաքական ապաստան եք խնդրել և ասել, որ Սերժի ռեժիմից եք փախել, բնական է, ձեզ կպատասխանեն. ռեժիմը էլ չկա՝ վերադարձեք ձեր երկիր». «Ալամեզոն» Բլոգ

Ընդհանրապես դեղին մամուլին քիչ եմ անդրադառնում, բայց էս դեպքում ամբողջ էջս դրանով է ողողված, ավելի լավ ա սենց գրեմ. որպես էմիգրացիոն համակարգը ոտքից գլուխ անցած մարդ` կարծում եմ, խոսքս տեղին կլինի.

- Հարգելիներս, սա հո 39 թի՞վը չի, որ գան ձեր դռան վրա նշեն հայ, հետո գան ձեզ բռնեն, զոռով տանեն Հայաստան, ինչ ա թե` հեղափոխություն ա եղել։ Ամեն ինչ կախված է ձեր փաստաթղթերից. նայած ինչ քաղաքական ապաստան եք ստացել/չեք ստացել 

Ֆրանսիայում: Դեռ 2012-ից Հայաստանի Հանրապետությունը ապահով երկրների ցանկում է, դա Սերժ Սարգսյանի շնորհիվ է, ով Եվրոպային վստահեցրեց, որ պարտավորվում է ընդունել Եվրոպայից արտաքսված ցանկացած ՀՀ քաղաքացու։ 

Ֆրանսիայում էլ օրենքները փոխվում են ամեն տարի, իսկ էմիգրացիոն օրենքները տարեցտարի ավելի են խստացվում։ Բառացիորեն երկու օր առաջ նոր օրենք են ընդունել, անգամ վախենում եմ բացել կարդալ։ Միաժամանակ խստացվել է պատիժը ճիշտ տվյալները չհաղորդելու համար (ինձնից լավ գիտեք` որքան կեղծ տվյալներով հայ կա այստեղ):

Բացի այդ, բնական է, որ Եվրախորհուրդն արձագանքում է երկրում ստեղծված իրավիճակին։ Շատերը բողոքում են, թե լիքը սիրիացի կա: Մի րոպե. իսկ դուք տեղյա՞կ եք, որ Սիրիայում քանի տարի է` պատերազմ է, ու օրենքն է այդպիսին, պատերազմական երկրից փախած մարդուն ապաստան պիտի տա ցանկացած երկիր, իսկ երբ Սիրիայում պատերազմն ավարտվի, բնականաբար, մարդկանց կառաջարկվի վերադառնալ իրենց երկիր։

Հիմա եթե դուք Ֆրանսիայից քաղաքական ապաստան եք խնդրել և ասում եք, որ Սերժի ռեժիմից եք փախել, բնական է, ձեզ կպատասխանեն. ռեժիմը էլ չկա՝ վերադարձեք ձեր երկիր։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր «յան»-ով ավարտվող ազգանուն ունեցող մարդկանց բառացիորեն բռնելու են և ուղարկեն Հայաստան։ Կրկնում եմ` նայեք ձեր փաստաթղթերն ու կեղծ լուրերով ավելորդ խուճապ մի տարածեք: 

Որպես իրավաբանական֊հասարակական բյուրոյում թարգմանիչ աշխատող մարդ նաև ասեմ. տարեկան հազար հոգի ստանում են, հազարն էլ չեն ստանում, դուք ամբողջական վիճակագրությանը չեք տիրապետում, չգիտեք, թե նաև քանի հոգու են ուղարկում Հայաստան` առանց այս հեղափոխության։

Լիքը-լիքը մարդ ժամանակին ինձ ասում էին` շատ են ուզում վերադառնալ, բայց միայն մի դեպքում, եթե ՀՀԿ-ն գնա, դե հիմա` գնում են… 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

Medialba Blog