«Յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ինքն է որոշում՝ ո՛ւմ հրավիրել, ո՛ւմ չհրավիրել». Սաքունցը ՀՀԿ վերնախավի նկատմամբ խտրականություն չի տեսնում

29-05-2018
3809 դիտում
«Յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ինքն է որոշում՝ ո՛ւմ հրավիրել, ո՛ւմ չհրավիրել». Սաքունցը ՀՀԿ վերնախավի նկատմամբ խտրականություն չի տեսնում

Երկրում իրավիճակ է փոխվել, և ՀՀԿ անդամները պետք է պատրաստ լինեն, որ կարող են տոնակատարությունների ժամանակ հատուկ հրավերներ չստանալ: Նրանք այլևս ընտրյալներ չեն և կարող են միջոցառումներին մասնակցել որպես սովորական քաղաքացի՝ կանգնելով սովորական մարդկանց կողքին:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների այն բարձրաձայնումներին, որ առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին իրենց հատուկ հրավեր չի ուղարկվել:

«Այն, որ դրանում կա հստակ քաղաքական ուղերձ, իրենք շատ լավ գիտակցում են: Այդ ուղերձը հետևյալն է՝ իրենք այլևս չեն համարվում, ըստ իրենց մտածողության, հատուկ ընտրյալներ, ովքեր պետք է հատուկ կարգավիճակով մասնակցեն տոնական միջոցառումներին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նշենք, որ մայիսի 28-ին առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին Սարդարապատի հուշահամալիրում ներկա չէր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀԿ-ական պատգամավորները ևս ներկա չէին միջոցառմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը լրատվամիջոցներին ասել էր, որ Բաբլոյանին որպես ԱԺ նախագահի չեն հրավիրել միջոցառմանը:

«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում: Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները, և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում: Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում»,- պարզաբանել է Արսեն Բաբայանը:

Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդիր մարմնի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք: Տեղի ունեցածը քննադատել են նաև ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը և ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը: Նրանք տեղի ունեցածը խտրականություն են որակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր հերթին, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է, որ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եվ, այո, պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համամիտ չէ ՀՀԿ-ականների պնդումներին, թե իրենց նկատմամբ խտրականություն է դրսևորվել:

«Ժամանակին այդ աղմուկ բարձրացնողները կարող էին ձայն բարձրացնել, երբ իրենց գործընկերներին՝ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, ապօրինի ձերբակալել էին: Այն ժամանակ ես ընդհանրապես որևէ ծպտուն ու բողոք չեմ լսել: Այն ժամանակ իրենք իրենց ապահով էին զգում»,- ասաց նա:

Ըստ Արթուր Սաքունցի՝ «յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ինքն է որոշում՝ ո՛ւմ հրավիրել, ո՛ւմ չհրավիրել»: Նրա խոսքով, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կամ մյուս դժգոհողները կարող էին գնալ հրապարակ և մասնակցել միջոցառումներին՝ ժողովրդի կողքը կանգնելով:

«Օրինակ՝ ես այս տարի առաջին անգամ ստացել եմ հրավեր՝ մասնակցելու տոնակատարություններին: Նաև քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ են հրավերն ստացել, նոր ազատված քաղբանտարկյալները՝ Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը: Նախորդ տարիներին, երբ մենք նման միջոցառումների հրավեր չենք ստացել, ես դա արդյոք պետք է համարեմ խտրականությո՞ւն, թե՞ ոչ: Երևի խտրականության մասին նույն մտահոգված անձինք պետք է պատասխանեն այդ հարցին»,- նշեց իրավապաշտպանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ականները հիմա պետք է պատասխան տան՝ իրենք ընդունո՞ւմ են, որ տարիներ շարունակ խտրականություն են ցուցաբերել այլ անձանց նկատմամբ:

Ըստ իրավապաշտպանի՝ օրենսդիր իշխանություն կազմող ՀՀԿ-ի ներկայացուցիչները հավանաբար հոգեբանորեն չեն հաշտվել այն մտքի հետ, որ իրենք այլևս գործադիր իշխանություն չեն:

«Խնդիրը հավանաբար պետք է քննարկել ոչ թե իրենց տեսակետից՝ ընտրյալ, ոչ ընտրյալ, այլ այն տեսանկյունից, որ այսուհետ ում նպատակահարմար են գտնում, նրան էլ հրավիրում են: Իսկ քանի որ պետական տոն էր, ապա իրենք էլ կարող էին գալ ու մասնակցել այդ ընդհանուր տոնակատարությանը: Այնտեղ կային մետաղյա պատնեշներ, իրենք էլ կարող էին հրապարակում ժողովրդի ներսում մասնակցել տոնակատարություններին: Բայց այստեղ, կրկնում եմ, խտրական որևէ մոտեցում չկա»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am