«Գնչու ոստիկան… Խայտառակ եղանք»-միջազգային ատամհատիկ. «Ալամեզոն» Բլոգ

29-05-2018
1533 դիտում
«Գնչու ոստիկան… Խայտառակ եղանք»-միջազգային ատամհատիկ. «Ալամեզոն» Բլոգ

- Ռոզա՞,- մի օր զանգահարեց Լետիսիան` ամուսնուս մորաքրոջ աղջիկը, որի որդին աղջկաս հետ մի քանի օր տարբերությամբ է ծնվել,- մի խնդրանք ունեմ։ Սուանը ատամ է հանել, կարո՞ղ ենք Լունայի հետ միասին իր տոնն էլ անել:

Անչափ հուզվեցի։ Չէ՛, ես հո գիտեմ` էս տոնը միայն հայերի մենաշնորհը չէ, բայց իմ ֆրանսիական ընտանիքը առաջին անգամ իմ միջոցով է ծանոթացել այս ավանդույթին։ Անչափ սիրել են, միշտ հիշում էին և անհամբեր սպասում։

Արարողությունը, որ մեզ համար կարծես սովորական է թվում, ֆրանսիացիների համար այնքան խորհրդավոր է, այնքան լուրջ են մոտենում այդ հարցին։ Ամուսինս սրտնեղում է.

- Ո՜նց, իմ տղան ինչի՞, արտիստ է դառնալու, ուրիշ մասնագիտություն չկա՞ր գրելու:

Էդպես էլ այսօր Սուանի հայրը պարզապես գունատվեց, երբ տղան վերցրեց «ոստիկան» մասնագիտությունը։ Իհարկե սա ասում ենք կատակով։ Լետիսիայի ամուսինը Ֆրանսիայում ծնված գնչու է (մանուշ ցեղից), հաճախ են ազգային թեմաներով կատակներ անում։ Եվ դա հրաշալի է։ Կարծում եմ` հեչ չարժի կլիշեներին լուրջ վերաբերվել, ինչն էլ մենք անում ենք:

- Գնչու ոստիկան… Խայտառակ եղանք, - դեմքը ձեռքերով փակեց հայրը:

Լունային էլ ընկավ «դասախոս» մասնագիտությունը: 

- Ըհը՛, Ջո՛, էսօրվանից գումար հավաքեք Սորբոնի համար,- խորհուրդ տվեցին բարեկամները: 

Տղաս` Լուկան, ևս վիճակ հանեց. 

 - Կրկին արտի՜ստ,- հիմա էլ դարդ անելու հերթը Ժորդանինն էր,- էսքան մասնագիտությունների մեջ էլի՞ արտիստ…

Բոլորը սկսեցին ընտանիքի մյուս բացակա անդամներին հաղորդագրություն ուղարկել՝ վիճակի պատասխաններով։ 

Այսօր, ատամհատիկի հետ նաև մի ֆրանսիական տոն նշեցինք՝ Մայրերի տոնը։ Հետաքրքիր համաձուլում ստացվեց՝ ֆրանսիական տոնին հայկական ավանդույթ։ Հետաքրքիր է, որ պատահական էր համընկել, կարծում եմ` շատ խորհրդանշական է, որ հայ-ֆրանսիական ընտանիքում կողք կողքի՝ իրար ձեռք բռնած, քայլում են ավանդույթներ, տոներ, առիթներ, և դա է՛լ ավելի է հարստացնում մեր մշակույթը և հարուստ ժառանգություն տալիս մեր մյուս սերնդին:

Մայրերի տոնի հետ կապված մի դեպք հիշեցի. փոստատանը 50-ն անց տղամարդուն խնդրեցին իր ազգանունը տառ-տառ հեգելով արտասանել (էստեղ ընդունված է): Ասեց.

- Պ` Պիեռ, ի` իրիս, մ`մամաս,- ու ժպտաց:

Երանի՜ բոլոր երեխաները` մեծ ու փոքր, միշտ սենց քնքշությամբ սիրեն իրենց մայրերին:

Սիրով լինեք տարվա բոլոր օրերին <3

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog