«Իշխանության գործունեությունը պետք է վեկտոր ունենա, թե ո՛ր ուղղությամբ են գնում՝ ցանկալի Հայաստան ունենալու համար». Արմեն Բադալյանը հստակություն չի տեսնում

31-05-2018
7291 դիտում
«Իշխանության գործունեությունը պետք է վեկտոր ունենա, թե ո՛ր ուղղությամբ են գնում՝ ցանկալի Հայաստան ունենալու համար». Արմեն Բադալյանը հստակություն չի տեսնում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից արդեն երկու պատգամավոր է դուրս եկել: Հնարավո՞ր է «արտահոսքը» շարունակվի, և ՀՀԿ-ն խորհրդարանում փոքրամասնություն դառնա:

- Մենք ընդամենը տեսել ենք երկու պատգամավորի՝ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու փորձը: Սակայն չենք կարող եզրակացնել, որ դա կշարունակվի, բայց միաժամանակ չենք կարող նաև դա բացառել: Դա կախված է վարչապետի և իր թիմակիցների կողմից իրականացվելիք քաղաքականությունից: Եթե նրանք գրագետ աշխատեն, ապա ՀՀԿ խմբակցությունը շատ արագ կլքեն բազմաթիվ այլ պատգամավորներ:

Եթե նրանք տարբեր ոլորտներում գրագետ չաշխատեն, շատ քիչ թվով պատգամավորներ դուրս կգան ՀՀԿ-ից: Այսինքն՝ հիմնական շեշտադրումը պետք է կատարենք այն փաստի վրա, որ խնդիրը ոչ թե ՀՀԿ խմբակցությունից դուրս գալն է, այլ այդ խմբակցությունից դուրս գալու արագությունը կախված է վարչապետի կողմից իրականացվող քաղաքականությունից: Իսկ որ վարչապետն իր թիմակիցներով կարող է այնպես անել, որ շատ կարճ ժամանակ հետո ՀՀԿ խմբակցությունում ավելի քիչ մարդ մնա, դա փաստ է:

Իսկ ՀՀԿ խմբակցությունից պատգամավորների դուրս գալը ենթահարցերից մեկն է, ոչ թե առաջնային խնդիրը: Առաջնայինն այն վարվելիք քաղաքականությունն է, որի արդյունք կարող է լինել ՀՀԿ խմբակցությունից պատգամավորների դուրս գալը: Այսինքն՝ արդյունք կարող է լինել վարվող քաղաքականությունը, այդ քաղաքականությունն այսօր չի նկատվում: Սա դեռևս ինքնահոս շարժում է, երբ ՀՀԿ խմբակցությունը լքում են պատգամավորներ, կազմակերպված գործողություններ դեռ նկատելի չեն:

- Մենք այս փուլում ականատես ենք լինում, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բացահայտումներ է անում: Կարո՞ղ ենք պատգամավորների հեռանալը խմբակցությունից կապել այս բացահայտումներ հետ: Հնարավո՞ր է ոմանք այսկերպ փորձում են ապահովագրել իրենց ու իրենց բիզնեսները:

- Ես մեկը մյուսի հետ այնքան էլ չեմ կապում: Ովքեր դուրս են եկել ՀՀԿ խմբակցությունից, այս պահին խոշոր կոռուպցիոն գործերի հետ կապված չեն: Նրանցից առնվազն մեկը կոռուպցիոն սկանդալներում չկա, մյուսի մասին ինչ-որ խոսակցություններ կան: Այսինքն՝ ասել, որ սա կոռուպցիոն սկանդալի հետևանք է, չենք կարող: Երկրորդ՝ եթե ընդունենք, որ որևէ մեկը կոռումպացված է, և այդ մասին փաստեր կան, ի՞նչ է, ՀՀԿ խմբակցությունից դուրս գալը խանգարելո՞ւ է նրա նկատմամբ դատաիրավական գործընթաց սկսելու:

- Իսկ ընդհանրապես ի՞նչ սպասել այս բացահայտումներից: ՀՀԿ-ականների մոտ կարծես վախ է նկատվում:

- Խնդիրն այն չէ, որ պետք է հետևել՝ ՀՀԿ-ականների մոտ վախ կա, թե ոչ: Ի վերջո, հեղափոխությունը եղավ ոչ թե այն բանի համար, որ ՀՀԿ խմբակցությունից հինգ կամ յոթ պատգամավոր դուրս գա: Հեղափոխությունը եղավ, որ հեղափոխություն արած ուժը ցույց տա այն Հայաստանի տեսլականը, ինչի համար երկրի երիտասարդությունը դուրս եկավ պայքարելու:

Այս տեսլականը նրանք չեն կարողանում այս պահի դրությամբ ցույց տալ: Այ դա՛ է ամենամեծ խնդիրը, այդ տեսլականի բացակայությունը կարող է ռևանշի բերել:

Մենք տեսնում ենք, որ այժմ ՀՀԿ-ում քայքայման գործընթաց կա, բայց ոչ այն արագությամբ, որը հեղափոխականներին պետք էր: Բայց դա հիմնական վտանգը չէ, կրկնում եմ, հիմնական վտանգը ապագա տեսլականի բացակայությունն է:

- Կմանրամասնե՞ք՝ ինչ տեսլականի մասին է խոսքը:

- Դա այն երկիրն է, որին պետք է ձգտել: Դա պետք է շոշափելի լինի, պետք է ցույց տալ, ոչ թե վերացական ասել, որ մենք ուզում ենք արդար Հայաստան: Ո՛չ, դա պետք է տեսանելի լինի: Իշխանության գործունեությունը պետք է վեկտոր ունենա, թե ո՛ր ուղղությամբ են գնում՝ ցանկալի Հայաստան ունենալու համար:

- ԱԱԾ գործունեությունը, կոռուպցիոն այս բացահայտումներն արդյոք թույլ չե՞ն տալիս պատկերացում կազմել, թե ո՛ր ուղղությամբ է ընթանում երկիրը:

- Լուրջ բացահայտումներ են պետք: Հիմա ՊԵԿ-ում ինչ-որ ընկերություն է բացահայտվել, որի շրջանակներում շատ փոքր գումարներ չեն վճարվել պետական բյուջե: Խոսքը մոտ 7 մլն դոլարի մասին է, բայց, հավատացե՛ք, Հայաստանում շատ ավելի մեծ կոռուպցիոներներ կան, որոնք պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ են ստացել:

- Այսինքն՝ այդ գործընթացին պետք է ավելի մե՞ծ թափ հաղորդել:

- Խնդիրը համակարգված մոտենալու մեջ է: Խնդիրն այն չէ, որ այսօր սրան թափ տանք, վաղը մի ՀՀԿ-ականի համոզենք խմբակցությունից դուրս գալ, համալսարանի ռեկտորի դեմ ինչ-որ գործողություններ անենք: Սրանք չկանոնակարգված գործողություններ են: Երբ չկա մեկ ուղղությամբ վեկտոր, որը ցույց կտա հասարակությանը, թե ո՛րն է այն Հայաստանը, որի համար հեղափոխություն եղավ, սկսվում են նման անկանոն գործողություններ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am