«Երբ առաջին անգամ ամուսնուս, իր ընտանիքին պատմեցի, թե ինչպես է անցել իմ մանկությունը, սկեսուրս շատ հուզվեց». «Ալամեզոն» Բլոգ

01-06-2018
5356 դիտում
«Երբ առաջին անգամ ամուսնուս, իր ընտանիքին պատմեցի, թե ինչպես է անցել իմ մանկությունը, սկեսուրս շատ հուզվեց». «Ալամեզոն» Բլոգ

Իմ մանկությունն անցել է երջանիկ 90-ականներին։ Հա, հա, սխալ չեմ գրել, հենց երջանիկ այդ տարիներին։ Ես մութ ու ցուրտ տարիների Վան Դամի ֆիլմերը դիտած, «Կասանդրայի» բոլոր սերիաները հարևանների հետ քննարկած, վառարանի վրա տաք-տաք խորոված աշխարհի ամենահամով կարտոֆիլը կերած ու լույսը մեկ ժամ տեսած էրեխեքի սերնդից եմ։ Եվ ես բացարձակ երջանիկ երեխա էի։ Թե էդ տարիների մասին ֆիլմ նկարեն, ռեժիսորը Էմիլ Կուստուրիցան պիտի լինի՝ իր ֆիլմերի ոճով. ամեն ինչ վատ է, բայց մարդիկ երջանիկ են։

Երբ առաջին անգամ ամուսնուս, իր ընտանիքին պատմեցի, թե ինչպես է անցել իմ մանկությունը, սկեսուրս շատ հուզվեց.

- Ռոզա, տենց մայրս էր պատմում, որ էստեղ եղել է 1940-ականներին…

- Իսկ մեզ մոտ՝ ոչ հեռավոր 90-ականներին, Դոմինիկ…

Եվ չնայած դրան, ես իմ մանկությունը երբեք չէի փոխի և ոչ մի հարուստ երկրի ապահով մանկության հետ։ Մանկություն, որտեղ տալոնով գնած հացը ամենահամեղն էր… Անչափ կարոտել եմ իմ աղմկոտ «իտալական» փողոցը, որտեղ հարևանները մի կաթսա ունեին, մի վառարան ու մի հեռուստացույց։ Կարոտել եմ իմ գյուղը, որտեղ ես Մաուգլիի պես թռչում էի ծառից ծառ։ Կարոտել եմ իմ քաղաքը, որտեղ մորաքույրերս փորձում էին հագիցս հանել մաշված շորերը՝ փոխարինելով նորով, իսկ ես աղիողորմ լալիս էի.

- Ես իմ հին ռետուզն եմ սիրում ՝ ծա՜կ, սիրո՜ւն… 

Շատ արտահայտություններ, դեպքեր մնացել են հարազատներիս մոտ։ Դրանք կարծես գրքի էջերի արանքում մնացած չորացած տերևներ, ծաղիկներ լինեն։ Ժամանակ առ ժամանակ բարեկամներս գրքերը թերթելիս դրանք խնամքով հանում են, վերհիշում, պատմում, հետո զգուշությամբ նորից տեղը դնում։ Դա սիրո ամենամեծ դրսևորումն է ինձ համար, երբ իմ մանկությունը նաև նրանցն է եղել։ Իմ մանկությունը մի մեծ Սեր էր։ Ես ապրել եմ այդ սերը ու, ավաղ, հետդարձի ճամփա էլ չկա…

Մի տեսակ անսովոր է ինքս ինձ տեսնել 30-ն անց։ Եվ եթե տարվա ընթացքում հիշողություններից պատառիկներ չեն այցելում ինձ, ապա հունիսի 1-ին հաստատ գալիս է էն փոքր Ռոզիկը, որ մնացել է հեռավոր 90-ականներում։

Գալիս ու հիշեցնում է, որ 30-անց Ռոզայի միակ առաքելությունը այն բացարձակ երջանկության դաշտը ստեղծելն է, որ իմ երեխաները տարիներ հետո ևս զգան այս երջանկությունը իրենց մանկությունը հիշելիս։ Ուրիշ ավելի լավ պաշտպանություն չկա մեր երեխաների համար, քան Սերը։ Համբուրեք, գրկեք ու գուրգուրեք և սեր խոստովանեք ձեր երեխաներին օրը հազար անգամ, իսկ քնելիս զղջացեք, որ ընդամենը հազար անգամ եք գրկել ու պաչպչել, այլ ոչ հարյուր հազար անգամ… 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog