«Ադրբեջանը Նախիջևանի հատվածում չի դիմի ռազմական գործողությունների, որովհետև իր մասին միջազգային կարծիքը բավական անբարենպաստ է». քաղաքագետ

02-06-2018
8258 դիտում
«Ադրբեջանը Նախիջևանի հատվածում չի դիմի ռազմական գործողությունների, որովհետև իր մասին միջազգային կարծիքը բավական անբարենպաստ է». քաղաքագետ

Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի առաջբերումը մտահոգիչ փաստ է, որոշակի խնդիրներ է առաջացնում հայկական կողմի համար, բայց առանձնապես նոր վտանգ չի ստեղծում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Տևական ժամանակ է՝ աշխուժություն է նկատվում Նախիջևանի ուղղությամբ: Նաև դրանով էր պայմանավորված Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նորանշանակ նախարարների կատարած այցելությունը այդ ուղղությամբ: Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանն առաջիկայում կդիմի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որովհետև իր մասին միջազգային հանրության և այլ պետությունների կարծիքը բավական անբարենպաստ է»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ մասնավորապես, կա ամերիկյան կողմի հստակ դիրքորոշումը՝ չխոչընդոտել Հայաստանում և Վրաստանում բարեփոխումների գործընթացը: Ըստ Պապյանի՝ Վրաստանն այստեղ հիշատակվում է, որպեսզի միայն Հայաստանի անունը չլինի:

Այսինքն՝ այսօր Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնցով Արևմուտքը շատ շահագրգռված է: Ժողովրդավարության հաղթանակը, մասնագետի խոսքով, Արևմուտքի հիմնական նպատակներից է: Հետևաբար, Արևմուտքը զսպման դեր է խաղում: «Ռուսաստանը, իհարկե, կուզեր նման մի բախում, որովհետև մենք գիտենք, որ ռուսական դիրքերը միշտ ամրանում են, եթե կան ռազմական գործողություններ: Բայց Ռուսաստանն այլևս դա անելու համար ազդեցություն չունի: Մյուս կողմից, ակնհայտ է, որ եթե պատերազմական գործողություններ սկսվեն, ապա նաև այդ նախիջևանյան ուղղությունը կգործարկվի: Ես չեմ կարծում, որ ադրբեջանցիները նախատեսում են այս ուղղությունից մեծածավալ գործողություններ իրականացնել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին տեղեկություններ կան, որ Ադրբեջանն առաջ է բերում Նախիջևանի հատվածում Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ գտնվող դիրքերը: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է: «Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում տեղափոխություններ, և այս պահին միջամտելու կարիք չկա»,- ասել է Տոնոյանը:
Նշենք, որ ադրբեջանական դիրքերի տեղաշարժը ֆիքսվել է արբանյակային լուսանկարներով:

Իրականում, ըստ Արա Պապյանի, Նախիջևանի տարածքում դիրքերի տեղաշարժով ադրբեջանական կողմը նպատակ ունի խոչընդոտել ճանապարհի բնականոն աշխատանքը: «Եվ դա, իմ կարծիքով, կարվի Երասխի հատվածում: Այսինքն՝ որքան առաջ է դիրքը, այնքան մեծ է ճանապարհը կրակի տակ պահելու հնարավորությունը: Այն զենքերը, որոնք հեռավորության պատճառով չէին կարող հասնել ճանապարհին, հիմա կկարողանան»,- ասում է մասնագետը:

Մյուս բացասական կողմը, ըստ Պապյանի, այն է, որ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև տարածությունն է շատ փոքրացել: Տվյալները նայելով՝ տեսնում ենք, որ նախկինում դիրքերի միջև 4,5 կմ էր հեռավորությունը, ինչը նշանակում էր, որ դիպուկահարները չէին կարող աշխատել: Իսկ հիմա տարածությունը նվազել է՝ հասնելով 700-1600 մետրի, ինչը նշանակում է, որ դիպուկահարները կարող են կրակել: «Դա նշանակում է, որ մեր դիրքապահ զինվորները վտանգի տակ են հայտնվում»,- ասում է նա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը Հայաստանի հետ սահմանի երկայնքով տեղի ունեցող գործընթացների մասին է, այս փուլում հարցադրումներ են հնչում, թե արդյոք հայկական կողմը պե՞տք է դիմի ՀԱՊԿ-ի օգնությանը:

Արա Պապյանն ասում է, թե դրա կարիքը հիմա չկա: Այսօր, ըստ նրա, որևէ իրավական հիմք էլ չկա ՀԱՊԿ-ին դիմելու, որովհետև այդ տեղաշարժերը տեղի են ունեցել բուն Նախիջևանի տարածքում: «Ադրբեջանն իր չեզոք գոտու հաշվին է առաջ եկել, հարձակում չկա: Չմոռանանք, որ ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց այն պարագայում, երբ Տավուշում հայկական բնակավայրեր էին գնդակոծվում, և խաղաղ բնակչության մեջ զոհեր ունեցանք:

Անգամ այդ պարագայում ՀԱՊԿ-ը որևէ հայտարարություն չարեց: Բայց ես կարծում եմ՝ եթե Հայաստանի տարածքի վրա որևէ հարձակում կամ կրակոց լինի, ՀԱՊԿ-ը անպայման պետք է կարծիք հայտնի»,- հավելեց մասնագետը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է մնալ ՀԱՊԿ-ի անդամ: Եվ, Արա Պապյանի խոսքով, ՀԱՊԿ-ը պետք է կատարի իր պարտականությունները:

«Ինչո՞ւ պետք է մենք մնանք մի կառույցի մեջ, որն անգամ խոսքով չի ուզում մեզ օժանդակել, չի դատապարտում հարձակվող կողմին, այլ մեկ ընդհանուր հայտարարություն է անում»,- հարցադրում է անում նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am