«Եւ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չպետք է կանչվի հարցաքննության, նա է եղել Մարտի մեկի հրաման տվողը». Ժաննա Ալեքսանյան

06-06-2018
5398 դիտում
«Եւ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չպետք է կանչվի հարցաքննության, նա է եղել Մարտի մեկի հրաման տվողը». Ժաննա Ալեքսանյան

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոբերտ Քոչարյանին առաջիկայում կհարցաքննեն Մարտի 1-ի գործով: Հիշեցնենք, որ թեև այս տարվա մարտի 1-ին ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ հրավիրվեցին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դիմեց գլխավոր դատախազին, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն մերժվեց՝ պատճառաբանությամբ, որ դրա համար հիմքեր չկան:

Առհասարակ, ի՞նչ կարող է փոխվել այս աղմկահարույց գործերում՝ Մարտի մեկ, Հոկտեմբերի 27, այն դեպքում, երբ արդարադատության համակարգը դեռևս նախկին իշխանության ձեռքին է։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ Մարտի մեկի քննությունը պետք է վերսկսել և շարունակել.

«Նախկին իշխանությունը կոծկում էր քննությունը և թույլ չէր տալիս, որ այդ բացահայտումները տեղի ունենային։ Իհարկե, հայտնի է, որ մահվան դեպքերի պատասխանատուն այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Նրա հրամանով է տեղի ունեցել, նա է այդ իրադարձությունների պատասխանատուն, և նա այդ հարցերը լուծեց կրակելով, ի հետևանք՝ տասը զոհ ունեցանք։ Եվ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չպետք է կանչվի հարցաքննության։ Ակնհայտ է, որ նա է եղել հրաման տվողը, և որևէ մեկը, բացի նրանից, չէր կարող դիմել այդ գործողությանը։ Մինչև այսօր այդ տասը սպանությունների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, նա պետք է գա և հարցաքննվի»,- ասում է իրավապաշտպանը։

Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը, ով մարտին նախաձեռնեց այս թեմայով լսումներ, պետք է հետևողական լինի, որ քննությունը օբյեկտիվ և անաչառ իրականացվի։

Իրավապաշտպանը նկատում է, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր աղետալի վիճակում է, և օր առաջ պետք է հեռացնել Աղվան Հովսեփյանին.

«Գիտեք, որ քննչական կոմիտեն է կատարել այդ քննությունը, և ժամանակին իշխանությունն ուներ քաղաքական որոշում՝ այն չբացահայտելու, բայց շարունակում են այդ տեղերում հայտնվել և մնալ մարդիկ, ովքեր ներգրավված են եղել Մարտի մեկի գործերում։ Օրինակ՝ հենց Մարտի մեկի գործերով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն է այսօր աշխատում Քննչական կոմիտեում, մարդ, որ ոչինչ չի արել և չի բացահայտել։ Ժամանակն է, որ նրանք հեռանան համակարգից, պետք է գան նոր մարդիկ, ովքեր պատրաստ են բացահայտելու Մարտի մեկի զոհերի քննությունը և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին և հրաման տվողներին»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Նա հավելում է, որ քանի դեռ համակարգում կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն արել բացահայտելու համար, պետք է հեռանան և տեղ տան մարդկանց, ովքեր կգան և կքննեն այս գործերը համակարգային փոփոխություններին ընդառաջ։ Մինչդեռ մինչև հիմա, իրավապաշտպանի խոսքով, Աղվան Հովսեփյանն իր տեղում է և զբաղված է գործեր կոծկելով, և ամեն օր սպասում ես, թե երբ նա պետք է հեռանա, և նրանք, ովքեր կոծկել են այս գործը, անգամ մոտիկ չպետք է գան։

Մանե Հարությունյան

MediaLab.am