«Մարդիկ երբևէ իրական սպառնալիք չեն տեսել, հավատացել են, որ իրենց առաջնորդը շախմատիստ է, վստահ են եղել, որ որքան ուզեն՝ կխփեն». Հայկ Ա. Մարտիրոսյան

07-06-2018
7242 դիտում
«Մարդիկ երբևէ իրական սպառնալիք չեն տեսել, հավատացել են, որ իրենց առաջնորդը շախմատիստ է, վստահ են եղել, որ որքան ուզեն՝ կխփեն». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակը, մասնավորապես, արդեն վեցերորդ մարդը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից։ Այսպիսով, ՀՀԿ-ն զրկվում է մեծամասնությունից, սա ի՞նչ իրավիճակ է ստեղծում։

- Այս խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնությունից կարող է զրկվել միայն քանակական առումով: Բայց արդյոք այն ՀՀԿ-ականները, որ կուսակցությունից դուրս են գալիս, դադարո՞ւմ են հասկանալ, որ իրենք ամեն դեպքում նոր Հայաստանի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, և որ իրենց, միևնույն է, հարազատ են հին՝ ՀՀԿ-ական Հայաստանի ոգին ու շահը: Եվ որտե՞ղ են երաշխիքները, որ կարևոր քվեարկությունների ժամանակ իրենց ձայները չեն տրամադրի ՀՀԿ ճամբարին: Կա մեկ այլ վտանգ ևս. եթե դուրս եկածները միանան այլ ուժերի, դա կարո՞ղ է և թուլացնել հեղափոխության հաղթանակի էֆեկտը: Հեռանկարում սա լուրջ սպառնալիքի տարրեր կարող է ընդգրկել:

- Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բազմիշխանություն է ստեղծվել։ Մասնավորապես, Մասիսի քաղաքապետի, փոխքաղաքապետի ազատ արձակումը ինչի՞ մասին է վկայում, և ի՞նչ վտանգներ եք տեսնում։

- Վկայում է այն մասին, որ Հայաստանում դարձյալ ընտրվեց գերքաղաքակիրթ մոտեցման ճանապարհ: Եվ դրա արդյունքն է, որ երիտասարդ դատավորուհու ձեռքով հին համակարգը սաբոտաժ է անում և անելու է: Ընդհանուր առմամբ, չի կարելի թույլ տալ, որ ապօրինի հիմքերով և միայն կապերի կամ նախկին Բաղրամյան 26-ին հավատարմության երդում տվածության հանգամանքի շնորհիվ դատավոր դարձած անձինք շարունակեն պաշտոնավարել՝ հիմա արդեն իրապես անկախ գործադիր իշխանությունից: Այդ ազատությունն ու անկախությունն անհրաժեշտ է շնորհել անաղարտ դատավորական խմբին: Հին, կոռումպացված խավին ուղղակի պետք է հեռացնել համակարգից: Նախադեպեր աշխարհում կան: Վստահ եմ, որ այս խնդրի լուծման սեփական տարբերակ Փաշինյանն ունի: Չգիտեմ՝ որն է դա, բայց վստահ եմ, որ կա: Դրա չլինելը հավասարազոր կլինի հեղափոխության տապալման:

- Այսօր կառավարության ծրագիրը կքննարկվի ԱԺ-ում։ Կառավարության ծրագրի մեջ արտահերթ ընտրությունների հետ կապված նշված է մեկ տարվա ընթացքում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել, որ ժամկետներ են փոխվել։

- Տեխնիկապես անհնար է Ընտրական օրենսգիրքն արագորեն փոխել: Անհնար է նաև Սահմանադրությունում կարճ ժամկետում փոփոխություններ կատարել, թեև, կարծես թե, դրա հրամայականի մասին հիմա լռություն է տիրում: Ամեն դեպքում դրանք անհրաժեշտ փոփոխություններ են, որոնք չկատարել հնարավոր չէ: Մեկ տարուց պակաս ժամկետներում անչափ դժվար է լինելու երկիրը պատրաստել ընտրություններին: Իշխանությունն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ որքան շուտ՝ այնքան լավ, պարզապես ժամանակ է պետք: Եվ դա անխուսափելի հանգամանք է:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ականները մինչև հիմա չէին տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն, իսկ հիմա պատրաստ են քննարկելու։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է ՀՀԿ-ն հետապնդում։

- Աստիճանաբար սկսում են հասկանալ, որ հին մոտեցմամբ անիրատեսական է առաջնորդվելը: Մարդիկ երբևէ իրական սպառնալիք իրենց իշխանությանը չեն տեսել, հավատացել են, որ իրենց առաջնորդը շախմատիստ է, ընդ որում՝ գրոսմայստեր, վստահ են եղել, որ որքան ուզեն՝ կխփեն և այլն: Եվ դա ամենակարողության ախտանիշ է ծնել նրանց մեջ: Հիմա կորցրել են իշխանությունը և հարվածային շոկն անցնելուց հետո միայն սկսում են զգալ հարվածի ցավը և դրան պատասխան դեղամիջոց փնտրում: Իսկ իրենց դեղամիջոցը նոր պայմաններում նոր ձևերի և դաշինքների մեջ մտնելն է՝ թողնելով խորտակվող նավը միայն նրանց, որոնց այլ նավեր ուղղակի չեն էլ կարող ապաստան տալ:

- Պարո՛ն Մարտիրոսյան, սուպերմարկետների տերերը հայտարարեցին, որ ԱԱՀ-ով աշխատելու դեպքում գները կբարձրանան, և բարձրացրին գները, Նիկոլ Փաշինյանն էլ կոչ արեց բոյկոտել թալանչիներին, որից հետո նրանք նահանջեցին։ Հնարավո՞ր է սա նախկին իշխանությունների հերթական սաբոտաժն է։

- Սաբոտաժ էր, և սաբոտաժներ դեռ լինելու են, անհրաժեշտ է դրանց հակազդել: Վստահ եմ, որ կառավարությունում դրանց կամ դեպք առ դեպք են մոտենում, կամ էլ՝ երկարաժամկետ բանավոր ծրագիր ունեն: Ամեն դեպքում՝ մի պարագայում, երբ չընտրվեց դասական հեղափոխությունների ճանապարհը՝ քանդել այն ամենը, ինչ նեխած էր և ախտահարված, այս դժվարին և երկար ճանապարհը տրամաբանական է: Հիմա պետք է սրանով գնալ հաստատուն ու վստահ քայլերով:

Մանե Հարությունյան

MediaLab.am