Աբխազիայում սկանդալ է. հարյուրավոր զբոսաշրջիկներ փողոցում են մնացել կեղծ ուղեգրերի պատճառով

08-06-2018
10539 դիտում
Աբխազիայում սկանդալ է. հարյուրավոր զբոսաշրջիկներ փողոցում են մնացել կեղծ ուղեգրերի պատճառով

Հենց այդպես. հարյուրավոր ռուս զբոսաշրջիներ բառացիորեն փողոցում են հայտնվել՝ հանգստանալու նպատակով Աբխազիա գալով: Նրանք բոլորն ուղեգրերը գնել են համացանցով, ինչպես պարզվել է, աբխազական հայտնի հանգստավայրերի կեղծ կայքերում:

Ինչպե՞ս են խաբվում զբոսաշրջիկները

Առաջին ծուղակը, որն ընկնում են զբոսաշրջիկները, շատ գրավիչ գներն են, որոնք նրանց առաջարկում են կեղծ կայքերը: «Շահեկան առաջարկից» օգտվելու համար անհրաժեշտ է հարյուր տոկոս կանխավճար: Այդ հանգստավայրերում սենյակի գինը տատանվում է 20 հազար ռուբլուց [մոտ 350 դոլար] մինչև 120 հազար ռուբլի [2000 դոլար]:

Խաբեբաները սկսել են Պիցունդում գտնվող «Սոճուտ» պանսիոնատից և Ցանդրիպշ ավանի «Պսոու» հանգստյան տնից: Սակայն արդեն հայտնի է, որ նրանք հասել են նաև «Բագրիպշ», «Արևային», «Լազուր ափ» պանսիոնատներին:

Ուղեգրի բոլոր գնորդներին հաշիվ և պայմանագիր են ուղարկում:

Ոստիկանությունում տուժածների արդեն բազմաթիվ հայտարարություններ կան, սակայն զեղծարարներին բռնելը գրեթե անհնար է: Ամեն անգամ պարզվում է, որ ուղեգիր վաճառած ընկերությունն արդեն մի քանի տնօրեն է փոխել, անփոփոխ է մնում միայն կայքը:

«Վրդովմունք է առաջացնում այն, որ այդ բոլոր կազմակերպությունները գրանցված են Ռուսաստանում՝ Մոսկվայում, հարկայինում: Կան գրանցման բոլոր տվյալները: Ստացվում է, որ ցանկացած խաբեբա կարող է ընկերություն ստեղծել, ինչ-որ հանգստավայրի կեղծ կայք և անպատիժ կերպով խաբել հարյուրավոր մարդկանց: Իսկ մեր իրավապահ մարմինները ոչինչ չեն կարող անել: Այ ինչպե՞ս է ստացվում», — ֆորումներից մեկում գրում է զեղծարարների գործողություններից տուժածներից մեկը:

Տուժածները միավորվում են

Խաբված զբոսաշրջիկների հստակ թվի մասին դժվար է որևէ բան ասել: Սակայն հայտնի է, որ խոսքը գնում է մի քանի հարյուր մարդու մասին: Օրինակ, սոցցանցերից մեկում զեղծարարների գործողություններից տուժածներին միավորող խումբ է հայտնվել: Այն կոչվում է ««Պսոու» պանսիոնատ Աբխազիա», և այս նյութի հրապարակման պահին դրանում գրանցված էր 361 մարդ:

Հայտնի է նաև ավելի քան 481 տուժածների մասին, որոնք հանրագիր են ստորագրել Change.org կայքում:

Սոցցանցերում արձագանքածների մեծ մասն արդեն դիմել է ոստիկանություն, և նրանց տուժած են ճանաչել:

Խաբեբաների զոհերի թվում են նաև թոշակառուներ, քիչ ապահովված ընտանիքներ, որոնք մի ամբողջ տարի գումար են հավաքել Աբխազիայում հանգստանալու համար: Օրեցօր տուժածների թիվն ավելանում է:

«Երկու տարի թոշակս հավաքել եմ, փոխանցել «Պսոու» պանսիոնատի կեղծ կայքին, գնել Նովոսիբիրսկ-Սոչի երկու ուղղությամբ ավիատոմս: Հիմա ոչ փող կա, ոչ էլ ծով», — գրում է Լիդիան:

«Մայիսին Աբխազիայում հանգիստ ենք ամրագրել: Ինչպես պարզվեց, ոչ մի ամրագրում չկա: Հարյուր տոկոս  վճարում ենք արել: Ընտանիքս շոկի մեջ է: Երեխան լալիս է. առանց հանգստի է մնացել: Ե՞րբ է ավարտվելու այս այլանդակությունը: Ե՞րբ են պատժելու հանցագործներին: Հարյուրավոր տուժածներ կան», — շարունակում է Ելենա անունով մի կին:

«Մենք բոլորս խաբեության զոհ ենք դարձել, քանի որ վստահել ենք կազմակերպության պետական գրանցմանը», — գրում է Գալինան:

Խաբեության զոհերը նամակ են գրել նաև նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ գծին, որն անցկացվել է հինգշաբթի՝ հունիսի 7-ին: Նրանք խնդրել են օգնել գտնել հանցագործներին և վերադարձնել գումարները:

Օգնություն՝ խաբված զբոսաշրջիկներին

Զբոսաշրջության աբխազական միությունն այժմ հարցի լուծման ալգորիթմ է մշակում տուժածների հանգիստը կազմակերպելու համար: Մոտ տասը պանսիոնատ, հյուրանոց և հյուրատուն տեղավորել է խաբված զբոսաշրջիկներին:

«Մենք խնդրանքով դիմել ենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք իրենց մոտ տեղավորեն Աբխազիայի խաբված հյուրերին: Ոմանց անվճար են տեղավորում, ոմանց՝ լավ զեղչով: Դեռ ընտրովի ենք մոտենում: Մոտ ապագայում հույս ունենք օգնելու բոլորին», — JAMnews-ին ասել է Աբխազիայի զբոսաշրջության միության նախագահ Աննա Կալյագինան:

Կազմակերպությունը նաև պնդում է, որ տուժածները դիմեն ոստիկանություն՝ ըստ բնակության վայրի, և ակնկալում է ռուսական իրավապահ մարմինների աջակցությունը, քանի որ խաբեությունը կատարվել է ՌԴ տարածքում, զեղծարարաների իրավաբանական անձն ու հաշվառման հաշիվները նույնպես Ռուսաստանում են գրանցված:

«Մենք պետք է միավորենք մեր ջանքերը, …չէ՞ որ Աբխազիայի պանսիոնատներն ու ողջ զբոսաշրջային ուղղությունը նույնպես տուժել է: Խաբեբաների գործողությունները վնաս են հասցրել ձեռնարկությունների և ողջ Աբխազիայի իմիջին«», — ասված է փաստաթղթում:

Ինչպե՞ս ապահովագրվել խաբեբաներից

Ռուսական «Ռոստուրիզմ» պաշտոնական համակարգող կազմակերպությունում կարծում են, որ ընկերության օրինականությունը հեշտ է պարզել. այն պետք է գտնել «Ռոստուրիզմի»կայքում հրապարակված ցուցակներում:

Կեղծ կայքի չհանդիպելու համար պետք է ուղեգրերը գնել զբոսաշրջային ընկերույթունների գրասենյակում՝ պայմանագրով և դրամարկղային կտրոնով: Իսկ եթե վճարումը ստիպված արվել է համացանցում, ստուգել աղբյուրի արժանահավատությունը:

«Կարելի է նայել ընկերության համբավին, նրա աշխատանքային փորձին և այլ զբոսաշրջիկների արձագանքներին», — ասել է Ռոստուրիզմի ղեկավարի խորհրդական Դմիտրի Գորինը:

Աղբյուրը՝ jam-news.net