«Արցախում ընտրությունը պետք է կատարել փոփոխությունների անհրաժեշտության ու անվտանգության մարտահրավերների միջև». Ստյոպա Սաֆարյան

09-06-2018
3900 դիտում
«Արցախում ընտրությունը պետք է կատարել փոփոխությունների անհրաժեշտության ու անվտանգության մարտահրավերների միջև». Ստյոպա Սաֆարյան

Բնական էր, որ Հայաստանի թավշյա հեղափոխության ալիքները հասնելու էին նաև Արցախ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերի պաշտոնանկություններին: Նրա խոսքով՝ Արցախի քաղաքական համակարգն իր զարգացման օրինաչափություններով ու տրամաբանությամբ անջատ չէ Հայաստանից:

«Եվ բնական էր, որ այնտեղ էլ այն ժողովուրդը, որը փոփոխություն էր ուզում, փորձելու էր կրկնել հայաստանյան սցենարը: Այս լավ իմաստով ինֆեկցիան միանգամայն սպասելի էր: Բայցևայնպես, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում կարևոր է քաղաքական կայունությունը: Ես, իհարկե, չեմ խոսում ավտորիտար կայունության մասին»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Ստեփանակերտում մարդիկ բողոքի ակցիաներ անցկացրեցին՝ փակելով փողոցներ: Ծեծկռտուքի մասնակից ԱԱԾ աշխատակիցներն ու նրանց կողմնակիցները ձերբակալվեցին: Փողոց դուրս եկած ցուցարարները Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում էին երկրում բարեփոխումներ անել և փոխել ուժային կառույցների ղեկավարներին:

Մի քանի օր տևած ակցիաների արդյունքում պաշտոնանկ եղան Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության պետը, նրա տեղակալը և ոստիկանության պետը: ԱՀ նախագահ Բակո Սահակյանը կոչ էր արել դադարեցնել ակցիաները, նշելով, որ իշխանությունները կկատարեն ցուցարարների պահանջները: Ստեփանակերտում բողոքի ակցիաները դադարեցնելու կոչով հանդես եկավ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Արցախի իշխանությունները, գիտակցելով, որ չեն կարող հավերժ տուրք չտալ փոփոխությունների պահանջին, գնացին որոշակի փոփոխությունների: Այդկերպ, նրա խոսքով, գոնե սպասելիքներ առաջացրեցին հանրության մոտ և մեղմեցին դժգոհությունների ալիքը:

Նրա խոսքով՝ Արցախի ղեկավարությունը ճիշտ քաղաքականություն չէր որդեգրել՝ ժողովրդավարություն հաստատելու հարցում:

«Այն, իհարկե, ավտորիտար չէր, ինչպես և Հայաստանի նախկին քաղաքական ռեժիմը: Դասական քաղաքագիտության իմաստով այն միարժեք ավտորիտար չէր, կարող էր ժամանակ առ ժամանակ ավտորիտար դեմք ընդունել, բայց հիբրիդային ռեժիմ էր: Եվ այս կտրվածքով ճիշտ մոդել չէր ընտրվել Արցախում՝ տարբեր խորամանկություններով ու ձևափոխություններով իշխանության վերարտադրություն վերևից: Շատ հաճախ վերաձևվում էր Սահմանադրությունը, ինչը արվել էր նաև Հայաստանում»,- նկատում է նա:

Հետևաբար, ըստ Ստյոպա Սաֆարյանի, Արցախում ժողովրդի համբերության բաժակն ուղղակի լցվել էր: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանում և Արցախում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ միշտ պետք է ականջալուր լինել մարդկանց պահանջին, ծպտված չմնալ ժողովրդից և հասկանալ, որ փոփոխությունները պետք է կատարվեն:

Առաջին քայլն այն է, որ Արցախի իշխանությունները գնացին որոշ պաշտոնանկությունների և փոփոխությունների: Բայց թե դրանք որքանով լուծում կհանդիսանան, ըստ Սաֆարյանի, ցույց կտա ժամանակը: Ըստ նրա՝ այսօր դժվար է ասել՝ Արցախում հնարավո՞ր է տեղի ունենա իշխանափոխություն, ինչպես Հայաստանում եղավ:

«Արցախը մի փոքր այլ տարածք է, այլ սպառնալիքների տակ ապրող հասարակություն է: Այնտեղ անվտանգության սպառնալիքները օբյեկտիվորեն միշտ դասվել են առաջին մարտահրավերների շարքը, ի տարբերություն Հայաստանի: Եվ այս կտրվածքով շատ կարևոր է հասկանալ կարևորությունը: Մենք ոչ թե մենթալիտետով ենք տարբեր իրարից, նույնքան ազատատենչ ենք, բայց այլ բան է, որ մեր օրակարգի մտահոգությունների առաջնահերթությունները տարբեր են: Այնտեղ պատերազմի վերսկսման վտանգը կա»,- ասում է նա:

Ըստ Սաֆարյանի՝ դժվար է ասել, թե Արցախի ժողովուրդը կամ քաղաքական դերակատարներն ինչ որոշումներ կկայացնեն ու ինչպես ծանրութեթև կանեն իրավիճակը: Ընտրությունը պետք է կատարել փոփոխությունների անհրաժեշտության ու անվտանգության մարտահրավերների միջև: Հատկապես որ, իրենք էլ են հասկանում, որ լայնամասշտաբ պատերազմի ռիսկերն իսպառ վերացած չեն:

«Մենք այսպիսով կարող ենք արձանագրել, որ Արցախը այլ որոշումների կայացման մատրիցա ունի»,- հավելում է քաղաքագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am