Կոռուպցիայի դեմ պայքարը չի ուղեկցվում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններով, այնինչ սպասելիքներն այլ են

14-06-2018
8508 դիտում
Կոռուպցիայի դեմ պայքարը չի ուղեկցվում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններով, այնինչ սպասելիքներն այլ են

Հայաստանում կոռուպցիոն գործընթացներում ներգրավված բարձրաստիճան պաշտանյաներ պետք է ձերբակալվեն, բայց չպետք է խտրական մոտեցում կիրառվի, որպեսզի դա քաղաքական հետապնդում չդիտարկվի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունները դեռևս չեն ուղեկցվում ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններով: Այնինչ, հանրության սպասելիքներն այլ են այս գործընթացից: Ազգային անվտանգության ծառայության կողմից սուպերմարկետներում գործողություններ իրականացնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ չեղան: ԱԱԾ-ն արդեն գործողություններ է սկսել «Երևան» հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

ԱԱԾ-ն բողոք էր ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Արդյոք պե՞տք է այս գործով Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ սպասել: Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ պետք է ապացուցվի, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ուղղորդել այդ ամբողջ թալանը, որն իրականացվել է «Երևան» հիմնադրամի միջոցով:

«Իսկ եթե խնդիրը դիտարկում ենք հակակոռուպցիոն տեսանկյունից, ապա խոշոր պաշտոնյաներին պետք է ձերբակալել: Բայց միաժամանակ դրանով տարվելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետև եթե չկան լուրջ կանխարգելիչ ու տնտեսական քայլեր, միայն ձերբակալություններով հարցը չի լուծվի: Այստեղ նաև վտանգ կա, որ երբ նման ձերբակալություններ լինեն, արդեն կարող է աղմուկ բարձրանալ, թե դա քաղաքական դրդապատճառ ունի: Այսինքն՝ եթե ձերբակալում են բարձրաստիճան պաշտոնյաների, ուրեմն հստակ փաստեր պետք է ունենան, պետք է ապացուցեն, որ նրանք իսկապես կոռուպցիոն հանցագործություն են իրականացրել»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը:

Նա հավելում է, որ ձերբակալությունների հարցում պետք է նաև խտրականություն չցուցաբերվի: «Եթե Երևանում նման գործընթաց է, կարելի է նաև Գյումրիում, Հրազդանում, Վանաձորում, Գավառում և այլ քաղաքներում էլ կիրառել: Ընդ որում, պետք է պատժել ոչ միայն ՀՀԿ-ականներին, քանի որ ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական մարզպետներ ու համայնքապետներ էլ են եղել: Այսինքն՝ սելեկտիվ չպետք է լինի դա և պետք է լինի փաստերի վրա հիմնված: Բայց չի կարող արդյունավետ պայքար լինել, եթե այդ ձերբակալությունները չուղեկցվեն արդյունավետ կանխարգելման աշխատանքներով և այնպիսի քայլերով, որոնք կբարձրացնեն ժողովրդի բարեկեցությունը»,- ասում է մասնագետը:

Ըստ նրա՝ եթե նոր իշխանություններն իրենց հակակոռուպցիոն գործողություններով չբարձրացնեն մարդկանց բարեկեցությունը, կլինի այնպես, ինչպես Վրաստանում եղավ, երբ ամեն քայլափոխի կոռուպցիան «սատկացնում» էին, բայց հետո ժողովուրդը գնաց ու դեմ քվեարկեց Սաակաշվիլիին: Ինչո՞ւ, որովհետև պարզվեց, որ ժողովրդի կենսամակարդակն այդ հակակոռուպցիոն միջոցառումների ֆոնին չէր փոխվել:

«Չպետք է կրկնվի այն փորձը, որը տեղի ունեցավ Վրաստանում, երբ թալանված ու հետ բերված գումարն ավելի շատ գնում էր իրենց կուսակցության կառույցներն ուժեղացնելուն կամ Սաակաշվիլիի պաշտոնական այցերն ու արձակուրդները ֆինանսավորելուն: Օրինակ՝ պատմում էին, որ նա գնացել էր Պերուի նախագահի ինաուգուրացիային, մի քանի օր էլ հանգստացել էր հայտնի զբոսաշրջային վայրերում: Այսինքն՝ եթե գումարներն այդ նպատակով ծախսվեն, խնդիր է առաջանում»,- ասաց նա: Այդ դեպքում, ըստ մասնագետի, հասարակության համար իմաստ չի ունենում կոռուպցիայի դեմ պայքարը:

Հայաստանի նոր կառավարության մոտ, ըստ Հոկտանյանի, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական կամք կա: Նախկին իշխանությունները լավագույն դեպքում իրավական ակտեր էին ընդունում, որոնք մնում էին թղթի վրա: Այս կառավարության կողմից քայլեր են արվում, բայց հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ ու որքանով կնպաստեն իսկապես իրավիճակի փոփոխությանը:

«Ո՞րն է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական նպատակը. որ մարդիկ ավելի շատ եկամուտ ունենան, ավելի լավ ապրեն: Բայց եթե դու պայքարում ես կոռուպցիայի դեմ, և շարքային քաղաքացին դրանից ոչինչ չի ստանում, այդ դեպքում ինչո՞ւ ես պայքարում: Եթե դրա արդյունքում աշխատատեղեր չեն բացվում, սուպերմարկետները հանում ես ստվերից, բայց քաղաքացին դարձյալ աշխատանք չի գտնում կամ ստանում է ոչ թե աշխատավարձ, այլ աղքատավարձ և չի կարողանում օգտվել արդեն ստվերից դուրս աշխատող սուպերմարկետից, այդ քաղաքացին դժվար թե ասի, որ լավ բան եղավ: Ի վերջո պետք է հստակ սահմանվի, որ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը պետք է լինի քաղաքացու բարեկեցության աճը: Այսինքն՝ մոտեցումը պետք է լինի համակարգային, ինչը ես դեռ չեմ տեսնում»,- ասաց մասնագետը:

Եթե նախկին իշխանությունների համար կոռուպցիայի դեմ իրական պայքարը ինքնասպանության նման մի բան էր, այսինքն՝ իրենք իրենց դեմ չէին պայքարելու, ապա, ըստ Հոկտանյանի, այսօր նոր իշխանությունները կարծես այդ խնդիրը չունեն:
«Նոր իշխանություններն առայժմ այդ խնդիրը չունեն, բայց մենք հիշում ենք 1990-ականների սկիզբը, երբ ՀՀՇ-ն այլասերվեց: Այն ժամանակ էլ էր երկրում հեղափոխություն, բայց հետո տեսանք, թե ինչ եղավ: Այնպես չէր, որ այն ժամանակ բոլորն էին թալանչի, բայց մի քանի թալանչիների պատճառով վարկաբեկվեց ամբողջ իշխանությունը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am