«Մենք գործ ունենք կազմակերպված, մաֆիոզ համակարգի հետ, որի առանձին օղակներն են հանդիսանում գեներալ մանվելները». ըստ Սաքունցի՝ ՀՀԿ-ն անմիտ վարքագիծ է դրսևորում

18-06-2018
9221 դիտում
«Մենք գործ ունենք կազմակերպված, մաֆիոզ համակարգի հետ, որի առանձին օղակներն են հանդիսանում գեներալ մանվելները». ըստ Սաքունցի՝ ՀՀԿ-ն անմիտ վարքագիծ է դրսևորում

Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի պայմաններում ՀՀԿ-ի արձագանքը փաստում է, որ այդ կուսակցությունն անբարոյական պահվածք է դրսևորում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, հավելելով, որ այն, ինչ բացահայտվել է այսօր, նորություն չէ ՀՀԿ-ականների համար:

«ՀՀԿ-ն միասնական քրեական ու մաֆիոզ կառույց է: Օրենքի առաջ պատասխան տալու ժամանակ նման կառույցներին բնորոշ է, ինչպես առնետներն են վտանգի ժամանակ անում, օր առաջ լքել նավը»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ նման կրիմինալ կառույցները, ինչպիսին ՀՀԿ-ն է, հիմնված են միայն շահի վրա: Երբ շահի ապահովման երաշխիքները բացակայում են, ապա նրանց կապող այլ գաղափար չկա:

«Եվ երբ գաղափարի բացակայության պայմաններում ընդհանուր շահն էլ է բացակայում, իսկ դա եկամուտ ստանալն էր, ապա սկսում են ամեն մեկը փոքր շահիկներով բավարարվել և առնետների նման նավը լքում են»,- հավելում է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ԱԱԾ իրականացրած գործողություններից ու նրա ձերբակալությունից հետո ՀՀԿ-ակաները իրենց կուսակցին դատապարտող հայտարարություններ են անում:

«Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է: Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ»,- մասնավորապես նշվում է ՀՀԿ հայտարարությունում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ՀՀԿ-ն շատ անբարոյական է պահում իրեն, որովհետև այդ կուսակցության նախագահը՝ որպես ՀՀ նախկին նախագահ, որպես նախկին պաշտպանության նախարար, առավել քան տեղյակ է եղել այդ ամենին:

«Եվ հիմա, եթե հույսն այն է, որ փաստերը չեն տանելու դեպի իրենց, և փորձում են օր առաջ վախկոտի նման խուսափել պատասխանատվությունից, դա իրենց չի հաջողվի: Հասկանում ենք, հոգեբանորեն նրանց համար դժվար է կրել նման պատասխանատվություն, բայց պետք է գիտակցեն, որ այս ամենի թիվ մեկ քաղաքական պատասխանատուն հանդիսանում են իրենք»,- ասում է Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի՝ ՀՀԿ-ն է այս ամենի պատասխանատուն, քանի որ հենց այդ կուսակցությունն է համակարգը կառուցել նման բարոյական կերպար ունեցող մարդկանց վրա:

«Եվ հիմա իրենց այս հայտարարություններով ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ականները նախևառաջ հայտարարում են, որ որպես քաղաքական ուժ գոյություն չունեն: Քաղաքական պատասխանատվության գիտակցումն ըստ էության ամբողջովին բացակայում է»,- ասում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն անմիտ վարքագիծ է դրսևորում այս պարագայում: «Իհարկե, տարբեր դրվագներով կոռուպցիոն բացահայտումներ կլինեն, բայց մենք գործ ունենք կազմակերպված, մաֆիոզ համակարգի հետ, որի առանձին օղակներն են հանդիսանում գեներալ մանվելները»,- ասում է նա:

«Ի վերջո մենք հանգելու ենք ՀՀԿ-ին՝ որպես հակապետական կառույցի իրավական գնահատական տալու անհրաժեշտությանը»,- նշում է Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am