Ապրիլյան ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 1236 քաղաքացի

21-06-2018
3070 դիտում
Ապրիլյան ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 1236 քաղաքացի

2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի և քաղաքացիական անհնազանդության օրերին, ոստիկանական բաժիններ են տեղափոխվել աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ձևավորված իրավապաշտպանների թեժ գիծը ստացել է քաղաքացիներին բերման ենթարկելու ավելի քան 1000 ահազանգ, ընդ որում գրանցվել են ակտիվիստներին թիրախավորելու, միևնույն քաղաքացիներին մի քանի անգամ բերման ենթարկելու դեպքեր:

Բերման ենթարկվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներն ավելի տպավորիչ են: Այսպես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) ՀԿ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի տարբեր շրջաններից ոստիկանական բաժիններ է տեղափոխվել 1236 քաղաքացի, ընդ որում, ամենամեծ թվով բերման ենթարկվածներ եղել են ապրիլի 22-ին՝ 363 անձ:

Հիշեցնենք, հենց այդ օրը Արցախի փողոցից բերման ենթարկվեցին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը: Հարկ է նշել, որ այս շարժումն աչքի էր ընկնում անչափահասների ակտիվ մասնակցությամբ, և զարմանալի չէ, որ բերման ենթարկվածներից 121-ը, ըստ ոստիկանության տվյալների, եղել են հենց անչափահասներ:

Ուշագրավ է, որ բերման ենթարկվածների այսպիսի թիվ չի գրանցվել նախորդ տարիներին Հայաստանում անցկացված բազմամարդ բողոքի ակցիաների ժամանակ:

Համեմատության համար նշենք, որ 2015թ. հունիսի 23-ին՝ «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ բերման է ենթարկվել 237 քաղաքացի, իսկ դրան հաջորդած մոտ 2 շաբաթների ընթացքում բաժիններ տեղափոխելու հատուկենտ դեպքեր են գրանցվել:

Իսկ 2016թ. հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ, Երևանում, Վանաձորում և Գյումրիում ոստիկանական բաժիններ է տեղափոխվել 775 քաղաքացի (ամենաշատը՝ հուլիսի 29-ին՝ 207 քաղաքացի):

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններից տուժելու դեպքերին, իրավապաշտպանների թեժ գիծը հարյուրավոր ահազանգեր է ստացել այն մասին, որ քաղաքացիներին ոստիկանական բաժիններ են տեղափոխում բռնությամբ և ուժի գործադրմամբ: Թեժ գծի հետ համագործակցած փաստաբանները թեև հաստատել են այս տեղեկությունը, այնուամենայնիվ, նկատել են, որ ոստիկանական բաժիններում ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքը եղել է առավել հավասարակշռված, և տեղերում արդեն բռնության դեպքեր հիմնականում չեն գրանցվել:

Համեմատելով նախորդ տարիների փորձի հետ՝ սա կարելի է գնահատել որպես դրական միտում, այնուամենայնիվ, այս անգամ ֆիզիկական բռնությունը փոխարինվել է հոգեբանական ճնշմամբ: Մասնավորապես, փաստաբանները հայտնել են, որ դեպքերի մեծ մասում քաղաքացիները պահվել են նախատեսված 3 ժամից ավել, նրանց չեն տեղեկացրել իրենց բերման ենթարկելու հիմքերը, չեն պարզաբանել իրենց իրավունքները, առանց համաձայնության լուսանկարել են և մատնահերքեր վերցրել, սահմանափակել զանգի, սնվելու հնարավորությունը, անգամ հորդորել են հրաժարվել փաստաբանական ծառայությունից:

ՀՀ առողջապահության նախարարության՝ ԻՔՄ-ին տրամադրած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններ են ընդունվել հանրահավաքներին մասնակցող 127 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով: Մասնավորապես ապրիլի 16-ին և 22-ին, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ, հիվանդանոց է տեղափոխվել համապատասխանաբար 55 և 22 քաղաքացի, այդ թվում 7 ոստիկան և 3 անչափահաս:

Այսպիսով, «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման ծավալման ժամանակ աննախադեպ մեծ թվով մարդիկ են բերման ենթարկվել ոչ միայն ամբողջ շարժման, այլև մեկ օրվա կտրվածքով: Փաստացի, այս նախաձեռնության ժամանակ բերման ենթարկվածների թիվն ավելի մեծ է, քան վերը դիտարկված երկու ակցիաներինը՝ միասին վերցրած: Նման մեծ թիվը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ժողովրդական շարժումն աննախադեպ էր նաև իր աշխարհագրությամբ և ընդգրկում էր առանց բացառության Հայաստանի բոլոր մարզերը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»