Տպավորություն կա, որ եկեղեցու ներսի պայքարն ընդամենը անձնական և նյութական շահագրգռության, ֆինանսական լծակներին տիրանալու պայքար է. իրավապաշտպան

25-06-2018
4536 դիտում
Տպավորություն կա, որ եկեղեցու ներսի պայքարն ընդամենը անձնական և նյութական շահագրգռության, ֆինանսական լծակներին տիրանալու պայքար է. իրավապաշտպան

Տպավորությունն այնպիսին է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջողներն ավելի ռեակցիոն են, քան գործող կաթողիկոսը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը:

«Այն մի քանի հարցադրումները, որոնք շարժման առաջնորդներն արեցին, ինձ բացարձակապես չհետաքրքրեցին: Ավելին, տպավորությունս այնպիսին է, որ այդ հրաժարական պահանջողները թերևս ավելի ռեակցիոն են, քան կաթողիկոսի շրջապատը: Ի՞նչ նկատի ունեմ. հրաժարական պահանջողներից մի քանիսը, իսկ մյուսները նրանց աջակցում էին, որպես մեղադրանք ներկայացնում էին այն, որ կաթողիկոսը լավ պայքար չի մղում աթեիստների և աղանդավորների դեմ»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային-եկեղեցական շարժումը, որը ղեկավարում են հոգևորականներ, օրեր շարունակ ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը: Նրանք հայտարարել են, որ սա եկեղեցու բարեկարգմանն ուղղված շարժում է: Իսկ հրաժարականի պահանջի հիմքում դնում են կաթողիկոսի՝ Հայաստանյայց եկեղեցու նվիրապետության սրբազան ուխտի և կանոնների դրժումն ու ոտնահարումն իր ողջ պատճառահետևանքային կապերով, ազգային հարստության (պատմամշակութային արժեքներ) մսխումը, քրեաօլիգարխիկ տարրերին սատարելը և նրանց հետ գործակցելը, ազգի համար կարևոր և եղերական իրադարձություններին չարձագանքելը, անհիմն կարգալուծությունները, եկեղեցիների և տարաբնույթ շինարարական աշխատանքներում ներգրավված շինարարներին և կազմակերպություններին հասանելիք գումարների յուրացումը, եկեղեցու ներսում որոշ հոգևորականների ամբարտավան կեցվածքին և անօրինական գործողություններին, քրիստոնեական արժեքների անկմանը, տարաբնույթ աղանդավորական շարժումների աշխուժացմանը նպաստելը, սփյուռքը սոսկ ֆինանսական աղբյուր և սեփական նկրտումներին ծառայող քսակ դիտարկելը և այլն:

Ավետիք Իշխանյանն ասում է, թե «այնպիսի տպավորություն է, որ Հայ առաքելական եկեղեցու ներսի պայքարն ընդամենը անձնական և նյութական շահագրգռության, ֆինանսական լծակներին տիրանալու պայքար է»:

«Իսկ այդ կարգախոսները, որ նրանք բերում են, մասնավորապես, աղանդավորների և աթեիստների դեմ պայքարին վերաբերող, ներկայացվում են Հայ առաքելական եկեղեցու իբր գաղափարական մաս: Դա անընդունելի է»,- ասում է Իշխանյանը:

Ընդհանրապես եկեղեցու ներքին պայքարը, իրավապաշտպանի խոսքով, պետք է մնա եկեղեցու ներսում, և աշխարհիկ պետության մեջ դա առանձնապես չպետք է հետաքրքրի քաղաքացիներին: «Երկրորդ՝ իհարկե, եկեղեցին, կրոնն ընդհանրապես մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մեծ դեր ունեն հանրության մշակութային աշխարհայացքի մեջ: Եվ այդ տեսանկյունից Առաքելական եկեղեցին դեռևս մեծ դերակատարություն ունի, մանավանդ պետության կողմից վերջին տարիներին ստանալով մեծ աջակցություն՝ ներխուժել է տարբեր պետական հաստատություններ: Բայց այսօր եվրոպական քաղաքակրթությունը հենված է ոչ թե քրիստոնեության, այլ հին հունական ժողովրդավարության, հռոմեական իրավունքի և 6-17-րդ դարերի ռեֆորմացիայի սկզբունքների վրա, որը պետությունը դարձրեց աշխարհիկ: Ի վերջո, այդ ռեֆորմացիայի հիմքը ո՞րն էր, բողոքական շարժման արդյունքում նաև եկեղեցու փոփոխություն եղավ: Մեզ մոտ այդ ամենը ժամանակին միջնադարում խեղդվել է»,- ասում է նա: Ըստ Իշխանյանի՝ հաճելի կլիներ, եթե Հայ առաքելական եկեղեցու ներսից լիներ ռեֆորմիստական շարժում:

«Ի՞նչ նկատի ունեմ, որ շատ ավելի հանդուրժող հոգևորականներ փորձեին փոխել այս կարծրացած ու դոգմատիկ Հայ առաքելական եկեղեցու մոտեցումները հայ ժողովրդի, կրոնի և այլնի մասին, կարողանային ձերբազատվել «ով առաքելական չէ՝ հայ չէ» սկզբունքից, կարողանային և՛ կրոնական, և՛ այլ փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք դրսևորել: Սա իմ կողմից ողջունելի կլիներ, բայց առայժմ ես եկեղեցում այդպիսի ռեֆորմիստական շարժումների նշույլ իսկ չեմ տեսնում»,- ասում է Ավետիք Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am