Կարպիս Փաշոյանի դեմ մեդիա-տեռորը փորձարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ

17-07-2018
6100 դիտում
Կարպիս Փաշոյանի դեմ մեդիա-տեռորը փորձարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ

Ժամանակակից լրատվությունը սահմանակցում է մի կողմից պրոպագանդայի, մյուս կողմից մանիպուլյացիայի հետ։ Մեդիայի նպատակը հաճախ մի փոքր այլ է, քան օբյեկտիվ տեղեկության մատակարարումը։ Հաճախ այն կարծիքի ստեղծման, կարծրատիպեր կոտրելու, այս կամ այն քաղաքական գործչի վարկանիշը բարձրացնել-իջեցնելու գործիք է։

Նման դրսևորման ականատես եղանք ապրիլ-մայիս ամիսներին, երբ համացանցում տարածվեց Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում 2001 թվականին հրապարակված հոդվածը։ Քարոզչամեքենան ընտրել էր հայերի համար թերևս ամենակարևոր հարցը՝ Արցախը և, նենգափոխելով 17 տարվա վաղեմության հոդվածը, կարծիք ստեղծել․ Փաշինյանը կոչ է անում Արցախի 7 շրջանները հանձնել Ադրբեջանին։

Այս հնարքը կրկին օգտագործվեց օրեր առաջ։ Թեման նույնն էր՝ Արցախը, իսկ «զոհը» առաջին փոխվարչապետի խոսնակ Կարպիս Փաշոյանը։

Իրականում, սակայն, տեսանյութն ամբողջությամբ դիտելիս հասկանալի է դառնում, որ Փաշոյանը կոչ է անում չշահարկել հերոսի անունն ու սխրանքը քաղաքական նպատակներով, այլ կերպ ասած՝ չարժեզրկել Աբաջյանի հերոսությունը։ «Մենք անընդհատ շահարկում ենք այս անունը, ինձ թվում է չարժի»։ Այդուհանդերձ շատ քչերը միացրեցին արդեն «դասալիք» կարգված խոսնակի հարցազրույցը և լսեցին մինչև վերջ։

Ի դեպ դասալքության մասին։ Բանակում չծառայելու հանգամանքը ևս քարոզչամեքենայի սիրելի գործիքներից է, որը ևս օգտագործվեց հեղափոխության օրերին։ «Նիկոլ Փաշինյանը անգամ բանակում չի ծառայել, նա հայրենասեր չէ, իսկ ահա Մանվել Գրիգորյանն, ով գեներալ է և Արցախի հերոս, այ նա հայրենասեր է, էլ ինչ խոսք Սերժ Սարգսյանի մասին»։

Փաշոյանը, սակայն, ծառայել է հայոց բանակում, իսկ մարտական հերթապահությունն իրականացրել Նախիջևանի սահմանին։ Այս հանգամանքը, այդուհանդերձ, չխանգարեց քարոզչամեքենային «հայատյաց ու ցինիկ արարածին» կարգել նաև դասալիք։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ sut.am