Ռոբերտ Քոչարյան. «Փրկիչը» բանտում

08-08-2018
13054 դիտում
Ռոբերտ Քոչարյան. «Փրկիչը» բանտում

ՀՀԿ-ից ավելի քան 40 հոգի քննչական ծառայությանը միջնորդել են փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: ՀՀԿ-ն Քոչարյանին պաշտպանելով իշխանության պատրանքն է պահպանում: Քոչարյանը նրա իշխանության ամրոցն է, որի ներսում պաշտպանված են: Մեկուսարանում այդ ամրոցը պաշարված է թավշյա իշխանությամբ, որն իր հերթին պաշտպանված է ժողովրդով:

Ի՞նչ պիտի անի ՀՀԿ-ն: Ինքն էլ չգիտի: Ուստի անում է վատագույնը՝ ցույց է տալիս, որ Քոչարյանն իրենն է: Ու դա անում է ճնշվածներին պաշտպանելու ձեռագրով: Կարծում է, թե նույնն են բանտարկված Քոչարյանն ու բանտարկված Փաշինյանը: Ինչ-որ բան է փտել ՀՀԿ-ի ներսում: Եվ ամենայն հավանականությամբ՝ փտել է 1998-ը՝ երբ այդ մարդիկ Քոչարյանի հետ եկան իշխանության:

Այս մարդիկ մարդասիրության վրա են շեշտադրում անում՝ մարդուն ազատ արձակելը բանտարկված պահելուց մարդկային է: Դա կաշխատեր նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, եթե նա իշխանությունը թողնելուց հետո «իր հետ չտաներ ամբողջ երկիրը»:

Իսկ ստորագրահավաքին միացածներն ովքե՞ր են՝ զրո հեղինակությամբ մարդիկ, որոնք 20 տարի իշխանություն են ունեցել եւ այդ զրոյի վրա գոնե մեկ հարյուրերորդական տոկոս չեն ավելացրել: Թերեւս միայն Գեղամյանը կարող էր էժան պրծնել, երբ 2003-ին ընդդիմության առաջնորդներից էր: Բայց նրա հեղինակությունը զրոյացրեց հենց իշխանությունը: Որովհետեւ ուզում էր լավ ապրել:

Որովհետեւ ժողովուրդը չի ապրեցնում, որովհետեւ սերը թոռանդ չես ժառանգի, թոռանդ «մի զրո ավել» ունեցվածք պիտի թողնես: Այսինքն՝ այս մարդը, որն ատում էր Ռոբերտ Քոչարյանին, հիմա մի իրավիճակում է, երբ հանձին նրա իրեն ապրող է տեսնում: Նրա «վրա» է պաշտպանում իր կենսունակությունը: Ռոբերտ Քոչարյանը Գեղամյանի արհեստական թոքերն է: Եվ ինքն իսկապես այլ հանգրվան չունի: Չի կարող ասել՝ ձեզ մնա ձեր կենսունակությունը, ես գնացի իմ թոռների մոտ: Ասենք, մոտավորապես օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի նման, որը 2008-ին Սերժ Սարգսյանի օգտին քարոզչությունը վերածեց հակաքարոզչության:

Մյուս հանրապետականները կենսունակության կռիվ չեն տալիս: Նրանք դեռ տաք են իշխանություն տեսածի իրենց դերի մեջ: Իրենք տիրոջ փնտրտուքի մեջ են: Այսինքն՝ իշխանությունը կորցրել են, բայց իշխանության զգացումը չեն կորցրել: Ու իշխանության էդ զգացումը մարմնավորում է Ռոբերտ Քոչարյանը, որը ՀՀԿ-ին ամբողջական, առանց որեւէ կորստի հանձնեց Սերժ Սարգսյանին: Սա Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային ուրացումն է: Որովհետեւ իրենց աչքով տեսան այդ մարդու անկումը: Իսկ Քոչարյանի անկումը չեն տեսել: Կարծում են, թե հենց «միակ տղամարդն» է բանտում, Փրկիչն է բանտում: Ստորագրահավաքը հավատարմություն չէ, այլ՝ փրկեա զմեզ: Ու էս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ իրենք իրենց ժողովուրդ են երեւակայում: Այսինքն՝ քանի որ «ընդդիմություն» են, ուրեմն ժողովուրդն են: Իսկ ժողովուրդն արդեն իշխանություն է, այլեւս ընդդիմություն չէ:

Նոր իշխանության ոչ մի բառապաշար այս մարդկանց հագով չէ: Դիցուք, իրավիճակին չեն տիրապետում: Թվում է, թե չտիրապետելու այլընտրանքը ինչ-որ հրաշքով նորից իշխանությունը վերցնելն է: Ուղղակի ՀՀԿ-ին պետք է մի անգամ էլ շատ ուշադիր նայել պարոն Քոչարյանի հարցազրույցը, որպեսզի հասկանան՝ նախկինում ՀՀ նախագահն ասում էր, որ ինքը միակ տղամարդն է:

Այսօր «միակ տղամարդն» ասում է, որ ինքը ՀՀ նախագահ է եղել: 10 տարի հետո է դա հասկացել: Այսինքն, 10 տարի ղեկավարել է առանց Սահմանադրությանը տիրապետելու: Ու իր հետեւից կուսակցություններ է քարշ տվել դեպի հակասահմանադրական բաղեր: Արդյունքում Սահմանադրությունը ժողովրդի մեջ է, իսկ ինքը՝ «ուղղիչ աշխատանքային գաղութում»: Գուցե նաեւ հենց որպես ՀՀԿ-ի «փրկիչ», որը պակաս արժանի չէ այդ «գաղութին»:

Մհեր Արշակյան

MediaLab.am