Բռնություններ, ոտնձգություններ, նվաստացում. ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործությունները հաջորդում են իրար անպատժելիության հետեւանքով

10-08-2018
7132 դիտում
Բռնություններ, ոտնձգություններ, նվաստացում. ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործությունները հաջորդում են իրար անպատժելիության հետեւանքով

Ոստիկանությունը նույնպես մեղավոր է Շուռնուխի բռնությունների համար, որտեղ հարձակում է եղել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա` համոզված են Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի անդամները:

Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մոտ 30 հոգի հարձակվել էին Հայկ Հակոբյանի և իր ընկերների վրա, որոնք մեկնել էին Հակոբյանի տուն հանգստանալու: Նրանց ծեծել էին, քարերով խփել ու վտարել գյուղից:

Հավասարության կոալիցիան ոստիկանության մեղքի բաժինը տեսնում է, որովհետև կարծում են, որ իրենց անգործությամբ, երբեմն նույնիսկ` ուղղորդմամբ, ոստիկանության ծառայողները տարիներ շարունակ «խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները»:

Հավասարության կոալիցիայի մեղադրանքին ոստիկանությունը պարզաբանում է տվել, որում, թեև շրջանցել է «սեռական կողմնորոշու» արտահայտությունը, բայց նշել է, որ. «Ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես և այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ռասայից, սեռից, լեզվից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից»:

Այդուհանդերձ, տարիներ շարունակ ոստիկանություն հաղորդումներ են ներկայացվել սեռական կողմնորոշման հիմքով կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին: Օրինակ` 2017 թվականին Ալբերտ Սարգսյան (Albert Sargsyan) անունով Ֆեյսբուքի օգտատերը գրառում էր արել, որտեղ խոստովանել ու հպարտացել էր, որ ընկերների հետ մի նույնասեռականի այնպես են ծեծել, որ վերջինս «արյունլվա էր եղել»: Գրել էր՝ «թե կուզեք, նկարն էլ ցույց կտամ»: Դեպքի առթիվ հաղորդում էր ներկայացվել ոստիկանություն, սակայն քրեական գործ չէր հարուցվել հանցադեպի բացակայության պատճառով:

Կամ` 2016 թվականի փետրվարի 15-ին Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցում, 3 հոգի հանկարծակի հարձակվել էին 5 ԼԳԲՏ անձանց վրա ու ծեծել: Հարվածների ընթացքում նրանց սեռական կողմնորոշմանը վերաբերող հայհոյանքներ էին տվել: Այս գործով նույնպես բացահայտումներ չեն եղել:

«Հայաստանի hելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության (Հավասարության կոալիցիայի անդամ) նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով` Հայաստանում շատ հանցագործությունների չբացահայտման պատճառներից են դատաիրավական համակարգի կախվածությունը գործադիր ղեկավարությունից, ցուցումներով գործ սարքելն ու կարճելը, մասնագիտական ոչ պատշաճ պատրաստվածությունը, կոռուպցիան։

Սակայն ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործությունների չբացահայտվելը այլ հարթության մեջ է տեսնում. «Տվյալ պարագայում գործում են ոչ միայն վերը թվարկված գործոնները, այլև հանցագործության գործը քննող քննիչի, հետագայում` դատախազի կաշկանդվածությունը և հանրության և իր կոլեգաների և անձամբ իր «ավանդական» մտածողությունը»։

«Չեմ բացառում, որ, օրինակ, իրավապահ մարմնի այն աշխատողը, ում հանձնարարված է քննել տվյալ գործը, ծաղրի ենթարկվի կոլեգաների կողմից, իսկ ինքն էլ իր նկատմամբ բացասական, ծաղրական վերաբերմունքի դրսևորում ընկալի այդ գործը հատկապես իրեն հանձնարարելը։ Եվ, երևի, ազատ շունչ է քաշում, երբ գործը հանձնարարվում է կարճել։ Եվ նմանատիպ քրեական գործերում, այո, ես համոզված եմ, որ անպատժելիությունը բերում է նման հանցագործությունների կրկնությանը»,- ասում է Իշխանյանը:

2016 թվականին սեքս աշխատող տրանսգենդեր անձի ծառայություններից օգտված տղամարդը հրաժարվել էր վճարել ծառայության գինը ու, դանակը պահելով նրա վզին, ստիպել էր, որ հեռանա տնից: Ոստիկանություն դիմելիս տուժողն արդեն կասկած ուներ, որ գործ չի հարուցվի, և այդպես էլ եղավ՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Եվս մեկ օրինակ է այն, որ 2016 թվականի մայիսի 26-ին Mlo new Right օգտատերը, որը հետագայում պարզվեց, որ Ռուսաստանի քաղաքացի Դավիթ Մլայանն է, ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցերով զբաղվող Փինք Արմենիայի Ֆեյսբուքի էջին գրել էր. «Լավ ենք անում քրֆում ենք, լավ ենք անում ծեծում ենք և հլը լավ էլ անելու ենք, մինչև որ չվերանաք այս երկրի երեսից, զգույշ եղեք, ապրում եք հայ ազգի մեջ և ամեն վայրկյան Ձեր կյանքին վտանգ է սպառնում»: Փինք Արմենիան հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ գրառումն ընդունելով որպես սպառնալիք: Հարցաքննության ժամանակ Մլայանն ասել էր՝ որևէ մեկին սպառնալու նպատակ չի ունեցել, այլ արտահայտել է նույնասեռականների հանդեպ իր վրդովմունքը: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ չէր հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այսպիսի դեպքերի ավելի մանրամասն հնարավոր է ծանոթանալ ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ տարբեր զեկույցներում, որոնցում նաև արձանագրվել է նրանց նկատմամբ ոստիկանների բացասական վերաբերմունքը, երբ տուժողին իր սեռական կողմնորոշման համար հենց իրավապահներն են ծաղրում, ինչի պատճառով շատերը չեն վստահում համակարգին ու հաղորդում չեն ներկայացնում:

Տվյալ գործերով զբաղված փաստաբան Հասմիկ Պետրոսյանի պնդմամբ` ոչ բոլոր դեպքերում է գործ չհարուցելը պայմանավորված եղել օրենսդրական բացերով. «Եղել են կյանքին կամ առողջությանն ուղղված սպառնալիքի դեպքեր, շորթման դեպքեր, երբ ոստիկանությունը, լսելով ենթադրյալ իրավախախտին, հանգել է եզրակացության, որ վերջինի սպառնալիքներն իրական չեն եղել, նա վնասելու նպատակ չի ունեցել»։

«Ոստիկանության կողմնակալության վերաբերյալ կարելի է միայն ենթադրություններ անել՝ պայմանավորված նրանց՝ անհանդուրժողականությունն արդարացնող արտահայտություններով: Կարգավորումների բացով պայմանավորված դեպքերը ավելի շուտ կապված են ատելության խոսքի դրսևորումների հետ։ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, չնայած նրան, որ Հայաստանում, եթե չասենք ավելի տարածված, ապա հավասարապես տարածված են նույնասեռական անձանց նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն սերմանելու դրսևորումները»,- հավելում է նա:

Ավետիք Իշխանյանն ասում է, որ անպատժելիության վերացման համար նախևառաջ պետք է այնպիսի բարեփոխումներ արվեն, որ ողջ դատաիրավական համակարգն անկախ լինի թե՛ իշխանության, թե՛ հասարակության ազդեցությունից։ Իսկ հանցագործությունները կանխարգելելու համար, ըստ Իշխանյանի, նաև պետք «հասարակության սոցիալական վիճակի, կրթության ոլորտի բարելավում, հանրության մեջ սերմանել հանդուրժողականություն, բարձրացնել իրազեկությունը, հատկապես փոքրամասնությունների իրավունքների հարցերով»։

Հայկ Հակոբյանի վրա հարձակումն առաջինը չէր: Ապրիլի 21-ին Գորիսում ընկերոջ հետ զբոսնելիս նրանց են մոտեցել երկու տղամարդ ու ապտակել Հայկին: Նրա քիթն արյունահոսել է: Հետո Հայկի ընկերոջն ասել են, որ չշփվի նման կողմնորոշում ունեցող մարդու հետ: Հայկն ու ընկերը նույն օրը դիմել են ոստիկանություն, բայց այս գործով նույնպես քրեական գործ չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության պատճառով, իսկ այդ նույն տղաները, Հայկի ու ընկերոջ ասելով, Շուռնուխում իրենց վրա հարձակված խմբի հիմնական դերակատարներից էին:

Հովհաննես Իշխանյան

MediaLab.am