Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ Վերաքննիչը կբավարարի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը

10-08-2018
2082 դիտում
Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ Վերաքննիչը կբավարարի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը

Վերաքննիչ դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին:

Դատարանը Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննել է երկու օր՝ դռնփակ նիստում: Փաստաբանները միջնորդել են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանը  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ 2008թ․Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նույն դիրքորոշումն են հայտնել նաև ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն:

Բողոքի քննության երկու օրերին Քոչարյանը ներկա է եղել դատարանի դահլիճում, շարունակել է պնդել, որ ինքն անմեղ է, եւ ըստ նրա փաստաբան Հայկ Ալումյանի, «փայլուն» ելույթ ունեցել: «Ես նույնիսկ մտածում եմ՝ իմաստ ունի նրա ելույթի զգալի մասը հրապարակել»,- ասել է փաստաբանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է ասել Քոչարյանը՝ դա պայմանավորելով դռնփակ նիստի գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտությամբ:

Ըստ Ալումյանի, ձգձգման պատճառն այն է, որ դեռևս բավականաչափ փաստարկներ կան, որոնք դատարանում պետք է ներկայացնեն մեղադրող և պաշպանական կողմերը:

Քննության ավարտից հետո երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողներին ասել է, որ իրենց ակնկալիքները դրական են: «Կարծում եմ՝ պետք է բավարարվի»,- ասել է փաստաբանը:

Նիստին զուգահեռ դատարանի առջև բողոքի ակցիա է անցկացրել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը՝ պահանջելով, որ Քոչարյանը մնա կալանքի տակ, ավելին՝ նրա դեմ ներկայացված մեղադրանքի ծավալն ընդլայնվի:

Ավելի վաղ, գլխավոր դատախազությունը մերժել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի 46 պատգամավորների միջնորդությունը:

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանից բացի ՀՀ քրեական օրենսգրքի նույն՝ 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և վերադարձել Մոսկվա:

Մարտի 1-ի գործի շրջանակում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանք է առաջադրվել նաեւ 2008թ. դեպքերի ժամանակ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին:   Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: