«Եթե ինձ ևս մեղադրանք չառաջադրվի, և չկալանավորվեմ, կհանդիպենք մամուլի ասուլիսում». Ֆարմանյանը՝ քրոջը կալանավորելու որոշման մասին (տեսանյութ)

10-08-2018
2558 դիտում
«Եթե ինձ ևս մեղադրանք չառաջադրվի, և չկալանավորվեմ, կհանդիպենք մամուլի ասուլիսում». Ֆարմանյանը՝ քրոջը կալանավորելու որոշման մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոստացել է արձակուրդից վերադառնալուց հետո ասուլիս հրավիրել և մեկնաբանել քրոջ՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու՝ դատարանի որոշումը:

«Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի, և, ԱԺ-ն շրջանցելով, չկալանավորվեմ (օրինակ՝ 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում»,- ֆեյսբուքյան գրառում է արել Ֆարմանյանը:

Ֆարմանյանը նաև գրել է, որ իր քույրն առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի. «Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել՝ նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու»։

Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։ Օգոստոսի 8-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։

Դեպքի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել:

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: Պարզվել է, որ ուսումնական հաստատության նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից: Ուսանողուհուն խոստացել են, որ նրա փոխարեն իրենք կվճարեն ուսման վարձը՝ 300.000 դրամ, ինչը չի կատարվել:

Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000: 

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից հանցակցությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու վերաբերյալ:

Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության:

Բուհի նախկին պրոռեկտոր 45-ամյա Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ: 

Գյումրու բնակիչ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կա՛մ մոտակա ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02, 010-59-06-54 հեռախոսահամարներով: 

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»: