Ռոբերտ Քոչարյան. Թարս «Գանդին»

15-08-2018
4921 դիտում
Ռոբերտ Քոչարյան. Թարս «Գանդին»

Ռոբերտ Քոչարյանը կարծես ուզում է Գանդի խաղալ: Թեպետ մի փոքր ուշացել է: Բայց ուշացել է ընդմիշտ: Եթե Մարտի 1-ը համարենք իշխանության ներկայացուցիչ Քոչարյանի հանցանքը, ապա առանց իշխանության Քոչարյանը կենդանիներ էր սպանում: Իսկ Գանդին սիրում էր մարդկանց, որոնք սիրում էին կենդանիներին: Ընդ որում, Գանդին պայքարն սկսել է Աֆրիկայից, որտեղ

Սկզբից նրանք անտեսում են քեզ…

Եվ այսպես մեր վերջին «Գանդին» նախորդ իշխանության ժամանակ իսկապես անտեսված էր: Նրա հայտարարությունները եղանակ չէին ստեղծում: Նա չկար, բայց ուզում էր լինել: Ի տարբերություն Գանդիի՝ ուներ լիքը փող եւ զրո հեղինակություն: Այս զրո հեղինակությունը նա ընկալեց իբրեւ անտեսված լինելու հզոր խթան: Որպեսզի առաջանա ժողովրդի միջով: Այն ժողովրդի, որին գնդակահարելու հրաման էր տվել, երբ ինքն ամեն ինչ էր, բայց ոչ՝ Գանդի: Այս մարդն անկասկած ուզում է հեղինակություն ունենալ ցանկացած գնով: Այսօր նա անտեսված չէ, բոլորը հիշում են նրան՝ ով ինչպես կարող է՝ լեզվի եւ նյարդերի հարց է:

Հետո ծիծաղում են քեզ վրա….

Հայաստանում ո՞վ է լուրջ ընդունում, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը անմեղությունն է, ինքը ազատությունն է, ինքը այլախոհն է, ինքը ազատամտությունն է: Ոչ մեկը: Սա նույնպես կարելի է տեսնել Ռոբերտ Քոչարյանի ծրագրերում: Բայց նրա արբանյակներն արդեն հայտարարում են, որ մարդը թավշյա Հայաստանում խոսքի ազատության հետ խնդիրներ ունի: Քաղաքական կշիռը, ինչպես համեստորեն տեղեկացնում են գրասենյակից, բախվել է անհանդուրժողականությանը: Իհարկե, տողատակերում հո անհանդուրժողականությունը չէ, այլ՝ հույսը, որ մատղաշ քաղաքական հոտառությամբ ժողովուրդ է, վաղն ավելի լավ կհասկանա Ռոբերտ Քոչարյանի կշիռը: Իսկ առայժմ շատերը ծիծաղում են, որովհետեւ չեն հավատում, որ էդ մարդը մոխիրներից հառնող է: Ուղղակի թարս «Գանդիի» թիմում մեկը չկա, որ նրան ասի՝ ընկեր, կեսից կենսագրություն չի գրվում, հատկապես Մարտի 1-ը վարկային պարտք չէ, որ զրոյացնես, նորից սկսես:

Հետո կռվում են քեզ հետ…

Էս որ հաստատ: «Էրեբունի պլազայի» սպասվելիք ասուլիսը կարող էր դառնալ նույնիսկ հաշվեհարդար: Սակայն բոլոր հաջորդ «Գանդիները» դա միշտ նկատի են ունենում: Մեռնելը նրանց պլաններում չկա: Ռոբերտ Քոչարյանը տեսավ 9-րդ հարկ բարձրացած ժողովրդի բռունցքները: Եվ ինչպես մեր նախնիներն են ասում՝ տեղում չի «սթրվում», մտմտում է հաջորդ ասուլիսի մասին: Ինքը նպատակին հասնելու հզոր զինանոց ունի եւ մեկ նպատակ՝ վերադառնալ իշխանության: Հասկանու՞մ եք՝ մեղքի ոչ մի ընկալում, ոչ մի 10 զոհ, ոչ մի Պողոս Պողոսյան, ոչ մի «Ա1+»-ի եթերազրկում: Այս մարդը ներաշխարհ չունի, քննելու բան չունի: Քննող մարդը սկզբից գիրք չի գրում, կարդում է: Ինքն իր հետ կռիվ չունի: Ու վստահ է, որ իր հետ կռիվ ունեն:

Հետո դու հաղթում ես

Գանդին երկար պայքարեց: Պայքարեց մերկ ձեռքերով: Պայքարեց պատճառ չդառնալով որեւէ մեկի մահվան: Ոչ մի անհաջողություն չսեւացրեց այդ մարդու սիրտը: Մինչեւ հաղթեց: Որովհետեւ նահանջում են սիրո առաջ, ոչ թե՝ նպատակի, որովհետեւ իշխանությունը ինքնատիրապետում է պարտության մեջ, ոչ թե ագրեսիայի ազատություն պարտվելու վախից: Իսկ առայժմ Գանդիի եւ Քոչարյանի միջեւ միակ ընդհանուրը մաշկի մգությունն է:

Մհեր Արշակյան

MediaLab.am