Օգոստոսի 17-ին ոստիկանությունն արգելում է մեքենաների կայանումը Հանրապետության հրապարակում և հանրահավաքի նկարահանումը դրոնով

16-08-2018
1558 դիտում
Օգոստոսի 17-ին ոստիկանությունն արգելում է մեքենաների կայանումը Հանրապետության հրապարակում և հանրահավաքի նկարահանումը դրոնով

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքին արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումը:

«Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և  նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից», - ասված է հայտարարությունում:

Ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ հանրահավաքի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Արամի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի –Մելիք-Ադամյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում եւ Շահումյանի հրապարակի տարածքում ու Զաքյան փողոցում՝ Գրիգոր Լուսավորչից մինչեւ Խորենացի փողոց։


Միաժամանակ, ժամը 15-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։

Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները: