«Գրող Փաշինյանն ինձ մրցակից չէ». Հուսիկ Արա

22-08-2018
8400 դիտում
«Գրող Փաշինյանն ինձ մրցակից չէ». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արայի այս տարվա հունվարին հրապարակված Apocalypto բանաստեղծությունը պատմեց այն օրերի Հայաստանի արատների ու խայտառակության մասին, որոնց միջից ժողովուրդն առանց հեղափոխության դուրս չէր գա: Բանաստեղծն այսօր փորձում է հասկանալ, թե ինչքանո՞վ է հետապոկալիպսիսյան Հայաստանը ազատագրված հին կեղտերից ու արատներից:

Apocalypto

Իմ երկիրը՝ արևելյան թերմացք,
նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,
կեղտից-կեղտ սողալու է ճապաղ
ու չի բարձրանա իր կղանքից վեր:
Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝
թևերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.
մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,
որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք:

- Հուսի՛կ, այսօրվա Հայաստանում քո Apocalypto-ի հետքը մնացե՞լ է, թե՞ ոչ:

- Նախ ասեմ՝ Apocalypto-ն անհուսության ճիչ էր:

- Անհուսությունը հիշում եմ, ոչ ոք հույս չուներ նախորդ իշխանությունների օրոք, բայց նրա ութ տողից այսօր ինչ-որ բան մնացե՞լ է հեղափոխական Հայաստանում:

- Դեռ կա: Ցավալի մի բան է կատարվում, կարծես սև ու սպիտակի է բաժանվել հասարակությունը՝ հեղափոխականների ու հակահեղափոխականների: Մի խումբ կա, որ, այսպես ասած, մարաղ մտած սպասում է Փաշինյանի կառավարության տապալմանը կամ երերալուն, որպեսզի հարձակվի, ինչպես մարաղ մտած որսին են սպասում: Դա ինձ ցավ է պատճառում: Իրավիճակ է փոխվել երկրում: Եկեք անկախ կուսակցական շահերից, անկախ ամեն ինչից կանգնենք միմյանց կողքին ու էս երկիրը դուրս բերենք հին վիճակից: Այսօր չեմ տեսնում իրար կողք կանգնածների: Մինչդեռ էլ կորցնելու բան չունենք: Մեզ տրված շանսն այսօր փոշիացնում ենք:

- Հակահեղափոխությա՞մբ:

- Ահա: Գիտե՞ք, պիտի էդ ամենը մոռանան՝ հանրապետական, հակահանրապետական: Կառավարությունն էլ չպիտի նայի, թե ո՛ր կուսակցությունից է նա, ով պետք կգա իրեն: Եթե աշխատող կադր է, պիտի լինի կառավարության մեջ: Էս երկրում չեզոք մարդիկ էլ կան, որոնք կարգին մտածողներ են:

- Քո՝ բանաստեղծի համախմբումը ինչպե՞ս կարող է արտահայտվել՝ գրականությա՞մբ, թե՞ քեզ պաշտոն է պետք: Ո՞րն է Հուսիկ Արայի հակաApocalypto-յան մասնակցությունը հեղափոխությանը:

- Ես միայն նոր իշխանության հանդեպ իմ համակրանքով կարող եմ մասնակցել, ապրիլին եղել եմ երթերի և միտինգների մասնակից, 100-օրյա միտինգին եմ մասնակցել և թավշյա հեղափոխությանը նվիրված բանաստեղծություններ եմ գրել: Միշտ եղել եմ ընդդիմադիր, բայց էսօր ընդդիմադիր չեմ: Ես մարզերում չինովնիկների եմ տեսնում, որոնք սպասում են նոր իշխանության տապալմանը: Էս տեսնելն է իմ մասնակցությունը:

- Եթե դու բանաստեղծություն գրես, ես՝ հոդված, Արմեն Աշոտյանը զբաղվի քաղաքականությամբ, սա համախմբո՞ւմ է:

- Չէ՛, ես նկատի ունեմ՝ էնպես գործեն բոլորը, որ այս իշխանությունը չտապալվի: Ի վերջո, Փաշինյանը մենակ է, կողքն էլ մարդիկ չեմ տեսնում:

- Դու Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կարդացե՞լ ես: Փաշինյանը գրո՞ղ է:

- Ինքն էդ վեպով չի ձգտել գրականություն ստեղծել, իր մտքերն են, իր խոհերը, իր փորձը, ինքը գրողի հավակնությամբ չի գրել: Ինքը գործիչ է:

- Փաշինյանի գիրքը այսօր ամենավաճառվող գիրքն է…

- Բնական է, էդպես էլ պիտի լիներ:

- Ինչո՞ւ:

- Որովհետև ինքը ժողովրդի ընտրյալն է: Գիտենք՝ ոնց եկավ, և, բնականաբար, նրա գրածն այսօր Թումանյանի, Չարենցի գործերից լավ պիտի վաճառվի:

- Քո Apocalypto-ն ցնցեց Հայաստանը հունվարին: Apocalypto-ից հետո դու տպագրեցիր «Եվ սերն ասաց» բանաստեղծությունների ժողովածուն: Ո՞նց է վաճառվում էդ գիրքը, տեղյա՞կ ես:

- Միայն «Անտարեսի» գրախանութներում է վաճառվում գիրքը, գովազդված չէ, մարդիկ գրքի մասին չգիտեն: Միայն իմ ֆեյսբուքյան էջում կարող են գրքի շապիկը տեսնել: Սովորաբար շնորհանդեսների ժամանակ է վաճառվում:

- Չե՞ս ափսոսում, որ գրող ես:

- Դա իմ ճակատագիրն է, իմ խաչն է, որը ես տանում եմ:

- Գրող լինելը քո խա՞չն է:

- Էդպես է ստացվել: Եթե գրելն էլ չլինի, ես երևի կխելագարվեմ, կմեռնեմ: Բայց շատ կուզենայի մի ուրիշ բանով զբաղվել, որովհետև գրելը տառապանք է բերում:

- Գրականությամբ գրողն ապրո՞ւմ է:

- Ֆինանսապես՝ ոչ: Դա արդեն տառապանք է:

- Հուսի՛կ, քեզանով հիացած են շատ-շատերը: Բայց դու առանձնապես հեշտ կյանքով չես ապրում: Հույսդ ինչի՞ վրա է նոր Հայաստանում, որտեղ կարծես իշխանությունը քո կարիքը չի ձևակերպել իր համար:

- Ես լրագրող եմ և միշտ իմ հացը լրագրությամբ եմ վաստակել: Բանաստեղծությունն իմ ապրելակերպն է:

- Ինչո՞ւ Հուսիկ Արայի բանաստեղծությունը չի դառնում առաջին անհրաժեշտության գրականություն: Ինչո՞ւ մարդիկ քո ստեղծագործությունները ձեռք բերելու համար իրար չեն «կոտորում»:

- Իսկ ո՞ւմ համար են կոտորել:

- Նիկոլ Փաշինյանի:

- Փաշինյանը քաղաքական գործիչ է:

- Դու վիրավորված չե՞ս, որ Փաշինյանի գիրքն ավելի լավ է վաճառվում, քան՝ քոնը:

- Բնավ:

- Բայց «Երկրի հակառակ կողմը»-ի բումից առաջ կար քո Apocalypto-ն, որը կարծես թե հեղափոխության դուռը բացող բանալին դարձավ:

- Հասարակությունն էլ գիտի, որ Փաշինյանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում թիվ մեկ մարդն է համարվում: Ինքը գրեց մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկը և միշտ մնալու է առաջին շարքում: Նրա գիրքը կարող է 10 տարի հետո չառնեն, բայց նա մնալու է առաջին մեծության գործիչ: Աշխարհում եղել են գործիչներ, որոնց գրքերը մեծ տպաքանակով վաճառվել են: Համեմատությամբ չեմ ուզում վիրավորել, բայց Մոնիկա Լևինսկին գրեց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի մասին մի գիրք, միլիոնից ավելի տպաքանակ ունեցավ, ո՛չ Կուրտ Վոնեգութը, ո՛չ մեկ ուրիշ գրող էդ պահին էդքան չվաճառվեցին: Գրող Փաշինյանն ինձ մրցակից չէ:

- Մոնիկա Լևինսկին հուշում է հաջորդ հարցը՝ չե՞ս մտածում մի քիչ ավելի անպատկառ բանաստեղծություններ գրել վաճառվելու համար, թե՞ ավելի անպատկառ արդեն հնարավոր չէ:

- Դե, գրում ես էն, ինչ ներսից է գալիս: Անպատկառ գրելու ժամանակն էլ է անցել: Բաց տեսարաններ կան իմ «Բուրմունքի հիշողություն» պոեմում, բայց դա նորմալ պոետիկայով է գրված, և ոչ ոք ինձ դիտողություն չի արել: 100 տարի առաջ Եվրոպայում արդեն գրել են էդ անպատկառ բանաստեղծությունը, 20 տարի առաջ մեր մոտ էլ դա արեցին, բայց դրա ժամանակներն անցել են: Ի վերջո, մնացողը գրականությունն է:

- Հուսի՛կ, դու կուզեիր քո Apocalypto՞-ն ավելի մեծ հռչակ ձեռք բերեր, թե ՞«Եվ սերն ասաց» բանաստեղծությունների ժողովածուն:

- Ես Apocalypto-ին էդպես մեծ նշանակություն չեմ տալիս: Դա ո՛չ բանաստեղծական արժեք ուներ, ո՛չ էլ եսիմ ինչ էր, դա տարիների ընթացքում կուտակված անհուսության ճիչն էր: Դա գրվեց, որովհետև Հանրապետականն ասում էր, որ մինչև 60 թիվը մենք ենք լինելու իշխանության գլխին, մեր դեմ խաղ չկա: Նայում էիր՝ երկիրդ գնում էր անկում: Ես 30 տարի էս երկրում հեղափոխության մեջ եղել եմ, երեխաներ եմ ուղարկել ծառայելու, բա, լավ, չտեսնե՞մ նոր Հայաստանը:

- Համաձա՞յն ես, որ քո Apocalypto-ն նույնքան ոչ գրական է, որքան Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»:

- Գիտե՞ս, ոչ թե ոչ գրական է Apocalypto-ն, այլ բառեր կան, որոնք օգտագործված են, համարում են հակաբանաստեղծական: Ես չէի ասի, ամեն բառն էլ բանաստեղծական է: Ուղղակի ավելի իմ ոճը չէր: Ռիթմիկ գրել եմ, որ ազդեցություն ունենա էդ ստիխը:

- Քո կարծիքով՝ ինչու՞ Հայաստանից չեն արտագաղթում բանաստեղծ լինելու պատճառով: Այսինքն՝ շինարարը գիտի ուր է գնում, ատամնաբույժը միշտ էլ կգտնի կիսատամ բերանով մարդկանց, երաժիշտը և նկարիչը դրսում հաճախ ավելի լավ են ընկալվում:

- Դրսում մենք էսօր գրողներ ունենք:

-Ես նկատի ունեի՝ ինչո՞ւ բանաստեղծը չի արտագաղթում բանաստեղծության պատճառով: Շինարարն արտագաղթում է, որ իր շենքը սարքի, ատամնաբույժը, որ ատամ սարքելով փող աշխատի։

- Բանաստեղծությունը գալիս է իմ հողից, ես չեմ պատկերացնում ինձ էդ հողից կտրված: Իմ պոեզիան ամբողջությամբ իմ միջավայրն է: Դրսում մենք իհարկե գրողներ ունենք: Եթե իմ պոեզիան վերցնենք, ամբողջը միջավայրն է, սկսած 88-ի թավշյա հեղափոխությունից, սկսած Երևան քաղաքից, սոցիալական խնդիրներից: Ուրիշ տեղ գնամ՝ ուրիշ բան կգրեմ: Բրոդսկին շատ երիտասարդ է գնացել: Իր տարիքում գուցե գնայի:

- Դու քեզ համարո՞ւմ ես գնահատված բանաստեղծ:

- Չէի ասի, որովհետև իմ գրքերը հիմնականում չեն ընթերցվել: Ինչպես մեր ժամանակակից գրողների գրքերը չեն ընթերցվում: Իմ գրքերը տպագրվում են լավագույն դեպքում 500 օրինակով: Լավ, էդ 500 հոգին ընթերցեց, այսինքն՝ ժամանակն այնպիսին է, որ և՛ հոգեբանական խնդիրն է, և՛ սոցիալականն է, այլ խնդիրներ ունեն մարդիկ: Պետք է մի քիչ հանգիստ լինեն: Եթե նրանք ճամպրուկները կապել են, նրան նույնիսկ երաժշտությունը, կերպարվեստը հետաքրքիր չեն: Մի տեսակ դառնում ենք տնայնաբուծական, ինքնաբավ հեղինակներ, մենք մեզ համար գրում ու կարդում ենք: Սակայն Ֆեյսբուքում բավականին ակտիվ ընթերցում են:

- Հուսի՛կ, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարող է անել գրականության համար, ըստ քեզ:

- Փաշինյանն արդեն անում է, հենց իր վերաբերմունքը գրականության հանդեպ բավարար է, ժամանակին ասում էի՝ վերաբերմունք չկա, ասում էին՝ պետական մրցանակ կա, նախագահի մրցանակ կա գրականության համար: Ես ասում էի՝ հայացք չկա, վերաբերմունք չկա: Բայց բարեբախտաբար էսօր Փաշինյանի հայացքը, վերաբերմունքը գրականության համար այլ է, անընդհատ ասում է՝ ժամանակակից գրականություն կարդացեք, նույնիսկ կառավարության նիստերից մեկում ժամանակակից գրողների գրքեր նվիրեց: Ես չեմ կարծում, որ ազգովի կգնան, կառնեն ու կընթերցեն, բայց վերաբերմունքն արդեն զգում ես:

- Իսկ այսօրվա Հայաստանում ո՞րն է գրողի խնդիրը:

- Գրողի խնդիրը գրելն է: Բայց գրողը նաև ինչպես իր գրականությամբ պետք է բան ասի, կիսվի, մեսիջ ուղարկի, ընթերցողի հայացքը ձևավորի, նաև մենք էնպիսի քաղաքական իրավիճակում ենք, որ գրողը պետք է մասնակից լինի կառավարության գործունեությանը, մասնակցի հավաքներին: Եթե միտինգ է լինում, ես պարտադիր գնում եմ:

- Գրողը պետք է մասնակցի՞ հանրահավաքներին:

- Ես կարծում եմ՝ այո: Ոչ միայն գրողը: Բայց մասնակիցը լինի, ներկա լինի, զգա, որպեսզի իր մեջ կուտակելով մի բան գրի: Այլապես ի՞նչ պիտի գրի: Կա մեր գրողների մի զգալի մաս, վերացական տարածքում են ստեղծագործում, ասում են՝ ժամանակն ուղիղ կերպով չենք տալիս, որպեսզի ժամանակի հետ նաև մեր գրականությունը չոչնչանա: Ես էն գրողն եմ, որի գրչով առօրյա դեպքերը դառնում են գրականություն: Ես ՊՊԾ գնդի գրավումն էլ եմ դարձրել բանաստեղծություն, ապրիլյան պատերազմն էլ, թավշյա հեղափոխությունն էլ: Իմն առօրյայի մեջ է, ես էդ տեսակ բանաստեղծ եմ: Քաղաքացիական պահվածք պետք է ունենա գրողը, և հենց դա էլ պիտի դառնա գրականություն:

Քայլերթ

Մեր ձեռքում է մեր դրոշը`երեք գույն.
փշալար, ոստիկաններ ու շուրջկալ:
Աշխարհը ուղիղ է տեսնում,
մեր հայացքը շեղ նայեց.
և գնում են մեր ոտքերը անթեք`
առավոտ, կեսօր ու իրիկուն:

Իմ թևերին` գարնան ապրիլ,
իմ աչքերում` այսվայրկյանի նորալույս,
թոքերիս մեջ եկող օրն է` շնչառություն.
իմ քայլն եմ անում
և սիրո անշեջ հուրն եմ բերում քեզ`
կանաչ-կարմիր քո աշխարհը անթեղված:

Հեքիաթի այն տղան ես,
որ խոցեց սիրտը
և գլուխ առ գլուխ կտրում է
ջրի ակունքը փակած վիշապին:

Մենք անկախ ենք,
ազատ ենք,
միասին ենք,
Հայաստան:

Զրուցեց Մհեր Արշակյանը

Լուսանկարը՝ Սոնա Ադամյան

MediaLab.am