Արա Բաբլոյան. Ելույթի չմոնտաժված կադրերը. «Սատիրիկոն»

23-08-2018
10946 դիտում
Արա Բաբլոյան. Ելույթի չմոնտաժված կադրերը. «Սատիրիկոն»

ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ Նախկինում, երբ ինձ մոտ սկսվում էին այդ օրերը, ես անհանգստանում էի, սակայն այժմ, երբ օգտագործում եմ…

ՌԵԺԻՍՈՐ — Ստո՛պ, ստո՛պ: Անջատի՛ տեսախցիկը:

ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ — Այս հրաշալի և փափուկ… Ը՜ըը՜... ի՞նչ եղավ:

ՌԵԺԻՍՈՐ —  Արա՛ Սայենիչ, դադարեցրե՛ք կարդալ, սխալ տեքստ եք կարդում:

ԲԱԲԼՈՅԱՆ —  Ինչպե՞ս թե սխալ տեքստ եմ կարդում:

ՌԵԺԻՍՈՐ — Հա, բա չե՞ք մտածում՝ ի՞նչ եք կարդում:

ԲԱԲԼՈՅԱՆ — Տղա՛ ջան, ինձ չեն ասել մտածել: Դավիթն ու Վիգենը զանգեցին, ասեցին՝ գամ այստեղ ու սուֆլյորին ինչ գրած լինի՝ կարդամ: Մենակ սուֆլորին գրածը: Ես էլ կարդում եմ:

ՌԵԺԻՍՈՐ — Ո՞նց թե՝ ինչ գրած լինի: Հիմա մարդ ես՝ կարող է էս սուֆլյորին հայհոյանք գրած լինի, կարդալո՞ւ էիք:

ԲԱԲԼՈՅԱՆ — Տղա՛ ջան, երկարացնում ես, դո՞ւ լավ գիտես, թե՞ Դավիթը: Պտտացրա՛ էդ տեքստը, կարդամ՝ գնամ:

ՌԵԺԻՍՈՐ — Պարո՛ն Բաբլոյան, ասում եմ՝ սա սխալ տեքստ է: Սպասե՛ք կարգավորեմ էդ տեքստի հարցը, նո՛ր կարդացեք:

ԲԱԲԼՈՅԱՆ — Տղա՛ ջան, հարցիս պատասխանի՝ այո կամ ոչ:

ՌԵԺԻՍՈՐ — Պարո՛ն Բաբլոյան, ասում եմ՝ համբերե՛ք՝ տեքստը կարգավորեմ ու գամ:

(Ռեժիսորը դուրս է գալիս սենյակից):

ԲԱԲԼՈՅԱՆ (ռեժիսորի հետևից գոռալով) — Այո կամ ոչ: …. Ի՞նչը կարգավորես: Էդ տեքստը որտեղ պետք ա՝ կարգավորվել ա, պտտացրու ասում եմ: (Քթի տակ:) Սա հաստատ հեղափոխականներից է, ուզում է տղերքի գրած տեքստը փոխել, որ ես ուրիշ բան կարդամ ու հեղափոխությանն օգնեմ: Սաղ ջոգած ա: Օպերատո՛ր, նկարի՛: Կարդում եմ:

ՕՊԵՐԱՏՈՐ — Բայց ո՞նց նկարեմ:

ԲԱԲԼՈՅԱՆ — Նկարի՛ ասում եմ, հեղափոխականները այլ տեքստ չեն խոթելու էս սուֆլյորի մեջ, թույլ չեմ տա:

ՕՊԵՐԱՏՈՐ — Բայց դա սխալ տեքստ է:

ԲԱԲԼՈՅԱՆ — Ճիշտն ու սխալը գրողն է որոշել: Նկարի՛ ասեցի:

ՕՊԵՐԱՏՈՐ — Լավ: Ինչպես ուզում եք: Երեք, երկու, մեկ: Գնացի՛նք:

ԲԱԲԼՈՅԱՆ — Հագեցրո՛ւ երևակայությունդ: Բնական աղբյուրի ջուր: Տեխնիկայի մեր խանութում տոնական մեծ զեղչերը սկսվել են: Իսկ կատարելով 25 հազար դրամը գերազանցող գնում՝ մասնակցեք վիճակախաղին: Յուղ «Ժառա»՝ մեր խոհանոցի նոր բնակիչը: Ընտրյալ հատիկ՝ համի գաղտնիք: Նախկինում իմ մազերը թեփոտում էին և թափվում: Բայց այս շամպունը փոխեց իմ կյանքը: Հիմա ես ունեմ գեղեցիկ, փարթամ վարսեր, որոնք կարող եմ հյուսել, և գանգրացնել, և ուղղել՝ չվնասելով անգամ մեկ հատիկ մազ: Առողջ կաթնամթերք ընտրելու համար ես ձեզ կպատմեմ իմ ընտանիքի փոքրիկ գաղտնիքը: Մազահեռացում Էլլոս: Ցտեսություն ասենք անցանկալի մազերին: Շնորհակալություն:

Վե՛րջ, տղա՛ ջան: Ամբողջը կարդացի: Ռեժիսորդ էլ որ գա՝ կասես թող չփորձի իր հեղափոխական մտքերը խցկել մեր՝ հակահեղափոխականների կողմից ինձ համար գրված տեքստում: Կասես՝ ո՜ւշ է արդեն: Տեքստը կարդացել եմ: Տեսագրվել է: Կարող եք եթեր տալ: Գնացի:

Բաբլոյանը դուրս է գալիս: Ներս է մտնում ռեժիսորը:

ՌԵԺԻՍՈՐ — Պարո՛ն Բաբլոյան: Էս ո՞ւր գնաց, հազիվ տեքստը գտա՝ գովազդի հետ խառնվել էր անտերը:

ՕՊԵՐԱՏՈՐ —Չես հավատա, բայց պնդեց ու կարդաց գովազդների տեքստը: Տեսագրել տվեց ու գնաց: Հա կրկնում էր, թե Դավիթն ասել է՝ մենակ սուֆլյորի վրա գրածը կկարդաս, ոչ մի այլ տեքստ, ոչ մի ավել բառ:

ՌԵԺԻՍՈՐ — Լո՞ւրջ ես ասում: Բանը՝ էս մեկին տարեք, էն Գալուստ Սահակյանին բերեք:

Մի հատ սիգարետ տուր:

Քրիստինե Խանումյան

MediaLab.am