Տարոն Մարգարյանի նամակը Նարեկ Սաշիկի Սարգսյանին. «Սատիրիկոն»

26-08-2018
8401 դիտում
Տարոն Մարգարյանի նամակը Նարեկ Սաշիկի Սարգսյանին. «Սատիրիկոն»

Ողջույն, պատվարժան պանդուխտ ընկեր, ստացա նամակդ: Տեղեկացա, որ ուժայինները, չգնահատելով արվեստի նկատմամբ քո մեծագույն սերը, առգրավել են Սարյանի գծանկարները, որոնք դու փրկել էիր մեծ նկարչի խաղամոլ ծոռից: Բայց, ինչպես միշտ լինում է այս երկրում՝ արվեստասեր ու գիտնական մարդիկ հալածվում են: Եվ դա մեր դժնդակ ճակատագիրն է:

Ցավում եմ, որ անօրեն իրավապահների պատճառով բռնել ես պանդխտության ցուպը, ցավում եմ, որ այլևս հնարավորություն չունես քո լուսամուտից վայելել Արարատի հրաշափառ պատկերն ու հայաստանյան բոսոր արշալույսները:

Սիրտս ու հոգիս հիմա քեզ հետ են, սիրելի բարեկամ, որտեղ էլ լինես:

Ես չեմ ուզում և չեմ կարող երկար-բարակ գրել ինձանից և մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ ես հրաժարական տվեցի: Եվ ունեի դա անելու բազմաթիվ պատճառներ, բայց մի տհաճ իրադարձություն դարձավ վերջին կաթիլը իմ ծով համբերության պարագայում:

Դու գիտես, որ ես բազմաթիվ տարաձայնություններ ունեի նոր իշխանությունների հետ, մասնավորապես, մշակույթի, կրթության և գիտության հարցերում: Իշխանության եկան մարդիկ, ովքեր դույզն իսկ պատկերացում չունեն, թե ինչ է մշակույթը, կրթությունն ու գիտությունը, և սկսեցին անխնա ավերել մեր հնամենի մայրաքաղաք Էրեբունի-Երևանում իմ ստեղծած բոլոր մշակութային արժեքները և հատկապես՝ այն վարդագույն ֆլամինգոները:

Նորարարության հետ որևէ աղերս չունեցող և պահպանողականությամբ կաղապարված այս իշխանությունները կառչեցին հնից, հայտարարեցին, թե հին (իրականում, ինքդ էլ գիտես՝ հնամաշ, հարյուրամյակն ապրած) շինությունները պետք է պահել, և փոխանակ մտածեն նորակառույց գեղեցիկ ճարտարապետական այն շինությունների մասին, որոնք վեր խոյացան իմ քաղաքապետության օրոք, քարկոծեցին իմ տիտանական աշխատանքը:

Ես, իհարկե, գիտեի, որ նոր միտքն այս երկրում տեղ չունի, որ այս հասարակությունը դեռ խարխափում է միջնադարյան խավարում, բայց դու վկա՝  ես լուսավորել էի ցանկանում նրանց, բայց նրանք չցանկացան տեսնել լույսը:

Ես չէի կարող տեսնել իշխանության ղեկին մեկին, ով այդպես էլ չկարողացավ հասկանալ Վագների ամբողջ մեծությունն ու խորությունը, ես չեմ կարող ճանապարհ անցնել մեկի հետ, ում սեղանի գիրքը Մեծն Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» չէ: Բայց դա էլ դեռ ամենը չէր:

Ինձ՝ գիտնականիս համար պարզապես անհնար էր աշխատել մի իշխանության հետ, որի ղեկավարն անգամ դիպլոմ չունի: Շատ բաների վրա կարող էի աչք փակել, բայց գիտության տաճարը, գիտես, ինձ համար սրբություն է: Մենք այդ մասին քեզ հետ խոսել ենք Աթենքում՝ Ափրոդիտեի տաճարի ավերակների մոտ, հիշո՞ւմ ես:

Արդ՝ վերջին կաթիլի մասին: Հոգիս փոթորկվեց, երբ նոր վարչապետը իշխանության գալուց անմիջապես հետո գիրք հրատարակեց: Գրքի գրական արժեքից դեռ չեմ էլ խոսում, ես այդպիսի գրքեր պատանի տարիքում անգամ չէի գրի: Խնդիրը հարցի բարոյական կողմն է, պատվարժան ընկերս: Ես, լինելով գիտությունների թեկնածու, քաղաքապետ աշխատած տարիներին կարող էի տասնյակ գրքեր հրատարակել (չեմ ասում՝ գրել, որովհետև ինքդ էլ գիտես, որ ավելի քան 15 անտիպ գրքեր ունեմ, դու դրանց մեծ մասը կարդացել ես): Ես այդ գրքերը նախընտրեցի թողնել անտիպ՝ պաշտոնեական դիրքս չչարաշահելու համար:

Չէի ցանկանում, որ ենթականերս դրանք ձեռք բերելու պարտավորվածություն զգան, ինչ է թե՝ այն իրենց ղեկավարն է գրել: Եվ նաև չէի ցանկանում, որ այն հայտնվի քծնողների ստորաքարշ ձեռքերում: Դա բարոյական չէ գիտնական մարդու համար:

Մինչդեռ նոր վարչապետն առաջինը հենց այդ գործը գլուխ բերեց, ու հիմա բոլորը՝ քծնողները, անարժանները և ենթակա պաշտոնյաները, շարքային, չարքաշ պետական աշխատողները ստիպված ձեռք են բերում այդ գիրքը, իսկ ոմանք անգամ կարդում են:

Մտավորականի հոգիս ալեկոծող վերջին կաթիլն էր դա, և հենց այդ պահին որոշեցի, որ այլևս վերջ, հրաժարական եմ տալու և չեմ անսալու հազարավոր քաղաքացիների՝ մնալու խնդրանքին:

Հիմա ավելի շատ ազատ ժամանակ ունեմ, պատվելի ընկերս: Կարդում եմ, գրում եմ, ավարտում եմ հերթական գիրքս, գուցե մտածեմ դասախոսելու մասին. Հարվարդից ու Սորբոնից հրավերներ ունեմ, բայց դու իմ համեստ տեսակը գիտես. հնարավոր է՝ մերժեմ բարձր վարձատրվող այդ բոլոր առաջարկները և հասարակական հիմունքներով դասախոսեմ մեր գիտության կաճառում՝ ԵՊՀ-ում: Չեմ ցանկանում գիտելիքներս բաժին հասնեն օտարին:

Հ.Գ. Սպասում եմ նամակիդ, պատմիր, թե ինչպես ես անցկացնում օրդ, ինչ նոր թանգարաններ ես այցելել: Լուվր գնալիս Ջոկոնդային իմ կողմից մի գողտրիկ հայացք նետիր:

Հ.Հ.Գ. Ի դեպ, երեկ հրաժարականիս առիթով վերջապես բացեցի բուրգունդյան այն կարմիր գինին, որ դեռ Լյուդովիկոսի ժամանակներից պահպանվել էր և մեզ էր նվիրել Փարիզի քաղաքապետը: Տտիպ էր:

Քրիստինե Խանումյան

MediaLab.am