Ռոբերտ Քոչարյան. Բանտային օրագիր «Սատիրիկոն»

28-08-2018
4827 դիտում
Ռոբերտ Քոչարյան. Բանտային օրագիր «Սատիրիկոն»

Օր 1-ին

Մտա խուց: Կոյկայի ներքևի հարկը զբաղված էր: Պառկած գողն ասեց` վերևի հարկում կքնես: Երկրորդ հարկում օդը մաքուր է:

Նախաճաշ: Ուտելիքն անտանելի էր: Ոչինչ չկերա: Դա ուտել հնարավոր չէր: Մի քանի հոգի հացից խաչ սարքեցին: Ես նախընտրեցի թզբեխ սարքել: Խաչը սրտովս չէր:

Կեսօրին բոլորին տարան ման գալու: Չգնացի: Խուցը նայողն ասել էր, որ իմ զագառով` տարիներով արև չտեսած բանտարկյալների մոտ դուրս գալը վտանգավոր է: Մնացի խցում:

Ճաշ: Էլի անտանելի ուտելիք բերեցին, ոչ մեկը չկերավ: Ինձ տուլիկ բերեցին: Դավիթ Հարությունյանն ու Վիկտոր Սողոմոնյանն էին ուղարկել: Սրտիկներով ու ելակով տորթ:

Իրականում բանտային պայմաններն ուղղակի անտանելի են: Մարդ այստեղ խելագարության կհասնի: Այսօր մտքովս անցավ, որ եթե ժամանակին Աֆրիկայում ադամանդի մի հանք պակաս առնեի, ապա էսօր մեր բանտերն ավելի բարվոք վիճակում կլինեին` Հայաստանին տրամադրված գրանտների հաշվին: Բայց, դե, ի՞նչ մտքովս անցներ, որ ամեն ինչ այսպես կդասավորվի:

Օր 2-րդ

Արթնացա բոլորից շուտ: Մարզվեցի: Հետո սիրտս որս ուզեց: Հիշեցի Աֆրիկայում անցկացրած լավագույն տարիներս, առյուծի որսը: Խցում լիքը ճանճեր կային: Սկսեցի դրանց որսալ: Մի ժամվա ընթացքում գրեթե հարյուր ճանճ որսացի: Ասեմ` առյուծի որսից պակաս հետաքրքիր չէ ճանճի որսը: Խուցը նայող բարի երիտասարդն ասեց, որ ավելի հետաքրքիր որսի ձևեր կան՝ խավարասերների գիշերային որսը:

Բանիմաց տղա է երևում: Համարյա Վիկտոր Սողոմոնյանի նման: Ճաշեցինք: Թզբեխ սարքեցի: Հետո խաղաքարտեր բերեցին: Ասեցին, որ բոլոր նորեկների համար պատիվ է խաղալը: Ինձ պատիվ արեցին ու հրավիրեցին խաղի: Ֆորմայի մեջ չէի, պարտվեցի: Կարծեմ` մեկ միլիոն: Դոլար: Չնայած կողքի խցում նստած Սերժն ասեց` մի զրո պակաս եմ ասում: Ինքը լավ է խաղում: Ահագին փող է դիզել արդեն բանտում: Եթե էն մյուս կողքի խցում նստած իր եղբայրը չլիներ, որ հա փայ է մտնում եղբոր փողերի մեջ:

Օր 3-րդ

Գիշերն անհանգիստ էի քնել: Աչքիս առաջ Նիկոլի ասուլիսն էր, որտեղ նա ասում էր, թե ունի կախարդական փայտիկ, ու դա արդեն գործում է:

Արթնացա ծանր տրամադրությամբ: Եկան փաստաբաններս: Ասեցին, որ ես պիտի ստեղծագործեմ: Նրանց մեկական թզբեխ նվիրեցի: Վիկտորի համար փոխանցեցի երկու հատ` սրտիկներով:

Խնդրեցի փաստաբաններիս ՄԻՊ-ի հետ հանդիպում կազմակերպել, ասեցի, որ ուզում եմ բանտային պայմաններից բողոքել, թող քննեն, թե բարելավման համար նախատեսված գումարներն ուր են փոշիացել: Փաստաբաններս ասեցին, որ լավ միտք չէ, առանց այդ էլ շատ ծանրաբեռնված են, ու եթե նման խնդրանքով դիմեմ, ու նոր գործ հարուցեն, փաստաբաններս այդքան ազատ ժամանակ չեն ունենա, որ այդ գործով էլ ներգրավվեն:

Հիմա պետք է գնամ: Պետք է դեռ մարզվեմ:

Քրիստինե Խանումյան

MediaLab.am