«Իշխանությունները պետք է այնպես անեին, որ Քոչարյանը բացիկ ստանար բանտում, ոչ թե հեռախոսազանգ ազատության մեջ՝ Պուտինից». Հայկ Ա. Մարտիրոսյան

31-08-2018
13121 դիտում
«Իշխանությունները պետք է այնպես անեին, որ Քոչարյանը բացիկ ստանար բանտում, ոչ թե հեռախոսազանգ ազատության մեջ՝ Պուտինից». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

- Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունը։ Որքանո՞վ նա կարող է առհասարակ կոնսոլիդացիոն կենտրոն հանդիսանալ։

- Իր գործողությունների ամբողջության մեջ դա տրամաբանական հայտարարություն է: Դրանով Քոչարյանը մի քանի խնդիր է լուծում. նախ՝ իրեն փորձում է ներկայացնել որպես քաղհալածյալ՝ հաջորդ ձերբակալության ժամանակ: Նաև՝ իհարկե պրակտիկ առումով՝ հակահեղափոխությամբ շահագրգռված ներքին կամ արտաքին ուժերին ցույց է տալիս, որ կա այն կենտրոնը, որի վրա քաղաքականապես կարելի է հենվել:

Իմ համոզմամբ՝ այդ արտաքին ուժերի թվում կարելի է դիտարկել նաև Թուրքիան և Ադրբեջանը: Եվ տրամաբանությունն այստեղ այն է, որ այդ երկու պետությունները մեծապես շահագրգռված են Հայաստանում ոչ ժողովրդավարական և հակաժողովրդական իշխանության հաստատմամբ ու այս երկրում լավատեսության ոչնչացմամբ: Ոչինչ բացառել չի կարելի, այդ թվում և՝ այս պահին ֆանտաստիկ թվացող մի սցենարում՝ ադրբեջանա-թուրքական ոչ ուղղակի մասնակցությունը Հայաստանում չբացառվող և տեսականորեն հնարավոր հեղաշրջման փորձին:

- Նա ասել է, որ ինքն առաջին հերթին փորձում է հույսը դնել իր և իր շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա: Արդյոք նա կարո՞ղ է հանրային աջակցություն ունենալ։

- Ո՛չ, իհարկե ո՛չ: Բայց դրա տեսիլք ստեղծել՝ ռազմաքաղաքական հնարավոր հեղաշրջման սցենարի պարագայում՝ անհրաժեշտ է լինելու Ռոբերտ Քոչարյանին: Այստեղից էլ՝ այսպիսի հայտարարությունները: Մյուս կողմից՝ որոշակի հակահեղափոխական, իրենից սնված և հիմա բանտի ճանապարհը բռնած որոշ ուժեր և նրանց համակիրներ կարող են կոնսոլիդացվել երկրորդ նախագահի շուրջը:

Այդ թվում չպետք է բացառել հեղափոխությունից չշահած որոշակի կուսակցություններ, որոնք սկսել են ներկայիս գործադիր իշխանությանը թույլ և անվճռական համարել և դրանով իրենց համար իշխանություն վերադառնալու հույսեր են սկսել փայփայել:

- Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ: Ի՞նչ է այս ամենը ենթադրում։ Արդյոք Ռուսաստանը այսպիսով արդեն բաց տեքստով իր աջակցությո՞ւնն է հայտնում Քոչարյանին։

- Կարծեմ առաջին անգամ է, որ Հայաստանի հասարակությունը լսում է տասը տարի առաջ պաշտոնաթող եղած և հիմա Հայաստանի իշխանությունների և ժողովրդի հետ խնդիրներ ունեցող նախկին նախագահին կատարվող՝ այլ պետության գործող նախագահի շնորհավորական հեռախոսազանգի մասին: Կարծում եմ՝ սա լուրջ հանգամանք է, և Հայաստանի իշխանությունները պետք է այնպես անեին, որ Քոչարյանն ուղղակի բացիկ ստանար բանտում, ոչ թե հեռախոսազանգ ազատության մեջ՝ Պուտինից, որը ներկայացվելու է որպես կարևոր գործոն իր համար: Ընդհանրապես Քոչարյանի հարցում այս բացարձակ և ձգվող մոտեցումն ուղղակի անհասկանալի է այլևս:

Պետք չէ մեղադրել Կրեմլին կամ Ռուսաստանի նախագահին: Նրանք ազատ են շնորհավորանքների հարցում անելու այն, ինչ ուզում են: Փախարենը՝ Քոչարյանի՝ ազատության մեջ անցկացրած յուրաքանչյուր հավելյալ օրը նոր հարված է մեր հեղափոխությանն ու հենց իրեն՝ իշխանությանը: Եվ հետագայում ավելի ու ավելի դժվար է լինելու այլևս նրան դատապարտելն ու առավել ևս՝ զսպելը: Ես որևէ բացատրություն չեմ գտնում նման պասիվությանը: Անկեղծորեն՝ իրավիճակն այնքան անմեկնելի է, որ անգամ մոտավոր բացատրություն գտնելն այսօր անհնար է թվում:

- Ռուսաստանի աջակցությունը Քոչարյանին ավելի չի՞ բարդացնում ներքաղաքական իրավիճակը, և ի՞նչ պետք է անի այսօր իշխանությունը այս ամենը չեզոքացնելու համար։

- Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բարդացնում է Հայաստանի ապօրինություններ գործող դատական համակարգը, որը կառավարելու կոնկրետ քայլեր գործադիրը չի անում: Չի կարելի կառավարել և ուղղորդել մաքուր դատավորներից բաղկացած ազնիվ և արդար ու կայուն դատական որևէ համակարգ:

Բայց մեղադրյալի կամ մեղադրյալների մի բանակի կողմից ստեղծված, ոտքից գլուխ կոռումպացված և իշխանական պատվերներ կատարելուն սովոր դատական համակարգը, որից պահանջում են ազնվորեն դատել իրենց ստեղծարարներին, անկառավարելի և ազատ թողնելը ոչ թե ժողովրդավարություն է, այլ՝ քաղաքական չկանխածրագրված ինքնասպանության փորձ, որը տեսականորեն շատ շոշափելի, շատ ծանր հետևանքների կարող է հանգեցնել:

Անհրաժեշտ էր դատական իշխանության սանձերը վերցնել նոր գործադիրի ձեռքը և ոչ թե ազատ թողնելով պահանջել, որ արդարադատություն իրականացնեն, այլ ուղղակի պարտադրվեր այն իրականացնել: Այս մոտեցման գինը կարող է և հեղափոխությունը լինել: Եվ ի՞նչ եղավ ապօրինի որոշում կայացրած դատավոր Ազարյանի հետ: Կարծեմ նա դեռևս դատավոր է և միանգամայն ազատ է: Ի՞նչ են մտածելու մյուս դատավորները: Դժվար է գուշակելը:

- Հիմա Քոչարյանն ազատության մեջ է, անազատության մեջ լինելով նույնպե՞ս կարող է նույնքան վտանգ ներկայացնել։

- Իհարկե ոչ: Անազատության մեջ նրանից հարցազրույցներ չեն վերցնի, նա իր ծպտյալ կամ բացահայտ աջակիցներին հույսեր չի տա և հանդիպումներ չի ունենա, զանգեր չի կատարի և չի ստանա: Եվ նրա՝ բանտում հայտնվելով գործադիրը ազդակ կհղի հիմա թև ստացածներին, որ պետք է հրաժեշտ տալ հակահեղափոխությանն ու հեղաշրջման հույսերին: Եվս մեկ անգամ կրկնեմ. անցնող յուրաքանչյուր օր, երբ Քոչարյանն ազատության մեջ է, հարված է հեղափոխությանը և վտանգում է Հայաստանի ճակատագիրը: Այո՛, սա չափազանցություն չէ և դրամատիկ բնորոշում էլ չէ: Սա բառացի, տառացի իրականությունն է:

Մանե Հարությունյան

MediaLab.am