Սեպտեմբերի 1. Շղթաներ, որոնցով դեռ կապված են նրանց ձեռքերը

01-09-2018
2576 դիտում
Սեպտեմբերի 1. Շղթաներ, որոնցով դեռ կապված են նրանց ձեռքերը

Այս տարվա սեպտեմբերի 1-ը պիտի որ նման չլիներ նախորդ 20 տարիների սեպտեմբերի 1-ին: Սակայն այն էլ ինչպես էր նման: Կրթության և գիտության նախարարը, հանդիսավոր մտնելով դպրոցի բակ, պարզապես հրաժարվում է ողջունել շարքային զինակոչիկների պես մի գծով կանգնած ուսուցիչներին, գնում է կիսելու «ավանդական» աղ ու հացը, որի խորհուրդը նույնքան անհասկանալի է՝ դպրո՞ցն է նոր բացվել, թե՞ նա այդ դպրոց ոտք դնող առաջին նախարարն է:

Թե՞ նախարարին զարմացնել է պետք: Թե՞ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է մի երկիր, որտեղ աղ ու հացի մասին ոչինչ չեն լսել: Ընդհանրապես, հայը հային ինչո՞ւ է աղ ու հացով դիմավորում: Թե՞ նախարարը ոչինչ չի լսել հյուրասիրության մասին: Պարզ է, որ նախարարն իրեն աղ ու հացով դիմավորելու հրահանգ չի տվել: Դպրոցների տնօրենները պարզապես չգիտեն, թե ինչ մտածեն տպավորություն գործելու համար:

Եվ ամբողջ տարին մեր կրթությունը միայն տպավորություն գործելու կրթություն է: Որևէ տնօրենի հետ հարցազրույց ես անում, ասում է՝ էս տարի մեր դպրոցից 7 կամ 9 կամ 11 հոգի ընդունվել է ԵՊՀ:

Իբր ԵՊՀ-ն կամ որևէ համալսարան հենց լավագույն դպրոցն ավարտելու ցուցիչն են: Մեր բուհերը հիմա զբաղված են ամենասովորական մի գործով՝ ուսանող կպցնելով: Նախ՝ որովհետև նրանց թիվն ահավոր պակասել է, երկրորդ՝ դա ազդել է վարձով սովորողների թվի անկման վրա: Բուհերը փող չունեն: Այնպես որ, շուտով բուհերում էլ պետք է սպասել, որ նույնիսկ դիմորդներին կդիմավորեն աղ ու հացով:

«Աղ ու հացն» արդեն մեր կրթական հաստատությունների պատերի մեջ են: Այսինքն՝ հիմա ժամանակն է բաց տեքստով ասելու, որ մեր ուսուցիչները պետք է վերջապես սովորեն դառնալ ուսուցիչ: Նախկին խաղի կանոնները չկան: Եվ, իհարկե, եթե նրանք այսօր այդպիսին չեն, դա նախարարին իրավունք չի տալիս չնկատելու իր աչքի առաջ կանգնած մեկ տասնյակի հասնող գրեթե նույն սանրվածքով կանանց, որոնց նույնիսկ գրաբարով ուսուցիչ են ասել:

Մենք բոլորս գիտենք, որ նրանք «կրթությանը» զուգահեռ ծառայություններ են մատուցել նախկին իշխանություններին: Մենք գիտենք, որ մեր կրթությունը երկու տասնամյակ ճաղատացել է նախարարների շնորհիվ, որոնք էությամբ դիակապուտներ էին:

Դուք նկատե՞լ եք, որ որոշ երեխաներ սեպտեմբերի 1-ին դպրոց են մտնում վախեցած հայացքով, մի տեսակ մարգարեի հոտառությամբ: Գիտեն իրենց գլխի գալիքը: Իհարկե չգիտեն, որ խաղի կանոններ են փոխվել: Բայց հո տեսնում են, որ մարդկանց, այսինքն՝ ուսուցիչների դեմքին հին խաղի կանոններ են:

Նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, որ մյուս տարվանից պիտի որ բարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Վերջապես: Բայց բարձրացրե՛ք նաև ուսուցիչների ազատության աստիճանը դպրոցներում: Տվե՛ք նրանց նույնիսկ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի դասերը բանաստեղծություն դարձնելու հնարավորություն: Եվ այդ ուսուցիչները կջանան, կտքնեն, կքրտնեն, բայց այլևս երբեք չեն մտածի ծնողների անձնագրերը հավաքելու և իշխանություններին «քվեների» տվյալներ ներկայացնելու մասին:

Նրանք ձեր չափ չեն պատկերացնում փոփոխությունները, դուք նույնքան «գռոզնի» եք նրանց համար, նրանք դեռ որոշ ժամանակ իրենց մեջ կխնամեն հանրապետականին՝ մինչև համոզվեն, որ իրավիճակ է փոխվել:

Գուցե տեղյակ էլ չեք, որ որոշ գյուղերում ուսուցիչները դեռ հանրապետական բնազդով երեխաներ են ծեծում: Որովհետև չունեն բանաստեղծ լինելու պարտավորություն, չգիտեն, որ ստեղծագործական մոտեցումը ոչ միայն ծեծելու ժամանակ չի թողնում, այլև ծեծելու մասին միտք չի առաջացնում, որովհետև նրանք ստեղծագործում են: Ո՞վ է տեսել, որ «գրիչը» ձեռքին մարդը երեխա ծեծի:

Այնպես որ, ուսուցիչներին արհամարհելու փոխարեն մտեք նրանց մեջ որպես ստեղծագործական առաջին կայծ: Դրանից հետո կտեսնեք, թե ինչպես են նրանք ազատվում շղթաներից, որոնցով դեռ կապված են նրանց ձեռքերը:

Սեպտեմբերի 1-ի կենացը:

Մհեր Արշակյան

MediaLab.am