Ստուգողական կրակոց հեղափոխության վրա

11-09-2018
4606 դիտում
Ստուգողական կրակոց հեղափոխության վրա

Այսօր հրապարակվել է մի հեռախոսազրույցի ձայնագրություն, որում ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը խոսում են Մարտի 1-ին առնչվող փաստերից։

Կարծես թե հեղափոխությունը ցույց տվեց իր թույլ կողմերը, հեղափոխությունն անպաշտպան է: Սա ստուգողական կրակոց էր հեղափոխության վրա, թեպետ ճիշտը ֆուտբոլային բառապաշարն է:

Այս հակահարձակումը, իհարկե, հակառակորդի առաջին գոլն էր: Հակահեղափոխությունը հաշիվը թրջում է: Եվ կարծես ձեռք է բերում ինքնավստահություն, որովհետև կարողացել է գաղտնալսել ԱԱԾ տնօրենին:

Բայց իրենք մրցակցի, այսինքն՝ ժողովրդի դաշտում են: Եվ այդ մի գոլը բավական էր, որ հեղափոխությունն զգոնանա:

Այս ձայնագրությունն ընդհանրապես լիքը հարցեր է առաջացնում, սակայն բոլոր հարցերը կտրում է մեկ պատասխան՝ հեղափոխության քաոսը շարունակվում է, այսինքն՝ հեղափոխությունը բյուրեղացված չէ որպես նոր իշխանություն, նոր ձեռագիր, անվտանգության նոր իրավիճակ։

Հենց այդ քաոսի արտահայտություններից է նախաքննական այնպիսի սենսացիայի հրապարակումը, ինչպիսին Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքի բացահայտումն էր։ Մեծ հաշվով դա էն գլխից էր հայտնի։

Հայաստանում չկար մեկը, որը չէր կասկածում, որ արտակարգ իրավիճակի համար զոհ է պետք, և Ռոբերտ Քոչարյանը մեզ «կմատուցի» այդ զոհը։

Եվ մարտի 1-ի առավոտյան Լևոն Տեր-Պետրոսյանի մեկուսացումն իր տանը նույնպես հենց այս տրամաբանության մեջ պետք է նայել, այլ իրավիճակ է, երբ նախագահի ներկայությամբ են սպանում, այլ՝ առանց նրա։

Նա հո վկա էր եղել ոստիկանական ուժերի վաղ առավոտ արած գազանություններին, մնում էր, որ սպանություններին վկա լիներ։

Հին իշխանությունը հեղափոխության տակ տեղավորվել է նույնքան հարմարավետ, որքան՝ ականը զոհի տակ։ Սակայն սա մեծ հաշվով պարտիզանական շարժում է, հենց այսպես են փորձելու թուլացնել նորերին։

Փորձելը փորձելու են, գուցե տեղ-տեղ հաջողացնեն, բայց հրապարակվող կամ դեռ չհրապարակված ո՞ր փաստի հետ է այդ մարդկանց կռիվը։ Ենթադրենք Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանն իրենց գործից ոչինչ չեն հասկանում, դրանից Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները փոխվո՞ւմ են։

Չեղյա՞լ են համարվում Լեոյի փողոցում ուժայինների գազանությունները նկարահանող մարդկանց բնակարաններին ուղղված զինվորականների կրակոցները։

Սակայն հարցերի հարցն այն է, թե ինչպե՞ս և ովքե՞ր են գաղտնալսել այս իսկապես մտերմիկ զրույցը։ Այս զրույցն այնքան մտերմիկ է, որ մի տեսակ պետության կապը չես տեսնում զրույցի հետ։

Չկա երկու պետական կառույցի լարվածությունն այն ամենի հանդեպ, որոնց մասին խոսում են։

Բայց զրույցում հաստատ չկա մարդկանց գլխին սարքելու մղում։ ԱԱԾ պետն ուղղորդում է, թե ով կարող էր ձայնագրած լինել այս հեռախոսազրույցը, նա ասում է՝ քանի որ խոսում ենք շատ մեծ փողերով մարդկանց մասին, նրանք էլի կարող էին անել նման բան․ եթե ունեն՝ թող հրապարակեն։

Սլաքը դեպի մեր օլիգարխներն է գնում։ Կամ՝ դեպի Ռոբերտ Քոչարյան։ Որովհետև էդ մարդիկ ամեն օր միջոցներ են ձեռք առել իրենց անվտանգության համար։ Եվ էդ միջոցները ձեռնարկվել են, ինչպես պարոն Վանեցյանն է ասում, պետության գրպանից «միլիարդավոր դոլարներ գողանալով»։

Մհեր Արշակյան

MediaLab.am