Ռոբերտ Քոչարյան. Անընկալելին

13-09-2018
4938 դիտում
Ռոբերտ Քոչարյան. Անընկալելին

Ռոբերտ Քոչարյանին հասկանալն ավելի է դժվարանում: Նա խոսում է ոչ թե որպես նախկին նախագահ, այլ ամպոտ ոտքերով առաջին ընդդիմադիր: Դիցուք, Փաշինյանին անվանում է բռնապետ: Թվում է, թե խոսում է իրեն խորթ մի բանի մասին, դիցուք, «Ա1+»-ի եթերից, որին Նիկոլ Փաշինյանն ուզում է եթերազրկել:

Խոսում է դատավորներին իջեցվող հրահանգների մասին: Իսկ ինքն այդ ընթացքում ազատ է, ինչպես թռչնակը: Համենայնդեպս, ավելի ազատ, քան իր պաշտոնական հրամանով դատավորի պատմուճանից զրկված Պարգև Օհանյանը, որը, մեղմ ասած, ոչ մեկի մահվան պատճառ չի դարձել:

Իսկ ո՞վ է հիշում, որ նա երբևէ ցավակցել է մարտի 1-ի 9 քաղաքացիական զոհերի համար (մի ոստիկանի մահվան համար ցավակցել է, մյուսը՝ Տիգրան Աբգարյանը, վիրավորվելուց հետո 40 օր ապրեց, նրա հարազատներին դեռ չէր կարող ցավակցել):

Ռոբերտ Քոչարյանին հասկանալն ավելի է դժվարանում, որովհետև մենք հո հիշում ենք, թե 2008-ին քանի ընդդիմադիրի գաղտնալսեց ու իրեն հայտնի համեմունքով ներկայացրեց որպես մարտի 1-ի բոլոր հանցագործությունների պատճառ կամ մեղավոր:

Ռոբերտ Քոչարյանին հասկանալն ավելի է դժվարանում հենց միայն այն պատճառով, որ նրա ճշմարտությունները սեփական հող չունեն, դրանցում իրավացի լինելու սեփական զգացմունքները չկան:

Ամենասարսափելին այն է, որ ինքը կարող է հոխորտալ, սակայն իր իշխանության տարիներին նա ո՞ւմ թույլ տվեց հոխորտալ:

Բոլորը տարբեր ժամանակներում հայտնվեցին բանտերում: Բոլորի դատ ու դատաստանն արվել էր մինչև նույնիսկ կալանավորումը, մինչև ձեռքերը ոլորելը, մինչև իրավապահներին հրահանգելը, որ «դրանց պետք է փակել»:

Ռոբերտ Քոչարյանին ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ նույնիսկ այն դեպքում, երբ ինքն իր մասին ասում է ՀՀ երկրորդ նախագահ: Չեմ կարողանում հասկանալ, որովհետև եթե այդքան հզոր եք, մի՛ պաշտպանվեք մի պաշտոնով, որում ձեզնից բացի ոչ ոք ձեզ չի տեսել:

Որովհետև եթե դուք նախագահ եղած լինեիք երբևէ, դուք արդեն կլինեիք պաշտպանված, կիմանայիք, որ դա պաշտոն չէ, այլ օժտվածություն, շնորհ, որը տրվում է ժողովրդից: Իսկ ձեզ լսում է մի ժողովուրդ, որն ուզում է իր «նախագահին» բանտում տեսնել:

Անձամբ ես չեմ հրճվում նման հեռանկարից: Բայց իմ չհրճվելը խեղճանում է անպատժելիության այն զգացումից, որ 2000-ից մինչև 2018-ի ապրիլը ուղղակի պաշարել էր Հայաստանի Հանրապետությունը:

Ձեր ունեցվածքի մասին ցանկացած տեղեկություն բամբասանքի մակարդակից չէր անցնում, թեպետ ոչ ոք չէր սխալվում: Բամբասանքի մակարդակից չէր անցնում այն համոզմունքը, որ ոստիկան Տիգրան Աբգարյանին հենց իշխանությունն է սպանել:

Ի՞նչ պարզվեց՝ այդպես էլ կա: Դուք հասկանո՞ւմ եք մի ամբողջ ժողովրդի անզորությունը, որը գիտեր այդ ամենը ու ոչինչ չէր կարող անել: Էդ ժողովուրդը խնամեց մարդասպանի և բռնազավթողի իր զգացողությունները, մինչև հետաքննությունը եկավ ու հաստատեց դրանք: Դրանք արդեն խնամում է պետությունը:

Ռոբերտ Քոչարյանը կհասկացվի միայն էդ զգացողությունների հետ նույն քայլը գցելիս: Նա ունի պաշտպանվելու իրավունք: Բայց նրա բախտը չի բերել ոչ թե այսօր, այլ՝ 2008-ին: Նրա բախտը չի բերել հենց թեկուզ այն պատճառով, որ մարտի 1-ի վկաները անասուններ չէին, հիշողություն ունեին:

Ի՞նչ հույսով էր ինքը սպանելու հրահանգ տալիս՝ որ իշխանության պահպանման «թերմոդինամիկայի զրոերորդ օրենքն» անխա՞խտ է:

Մինչդեռ պետք էր «թարս խիյարի» տեսությունն ուսումնասիրել, որը սովորեցնում է գլխից մեծ գործեր չբռնել:

Մհեր Արշակյան

MediaLab.am