Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի․ ՔԿՀ-ն պարզաբանել է Պաշտպանի աշխատակազմին

13-09-2018
222 դիտում
Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի․ ՔԿՀ-ն պարզաբանել է Պաշտպանի աշխատակազմին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում,վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում ևս մեկ ամսով կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ:

Պարզվել է, որ նրա կողմից ներկայացված դիմումի քննարկումը հետաձգվել է «Շանթ» 2018 ռազմավարական հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների անցկացման հիմքով, սակայն այսօր նրա դիմումը կբավարարվի: 

Օրվա ընթացքում սահմանված համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո Հայկ Կյուրեղյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կտրամադրվի կարճաժամկետ մեկնում, այսինքն՝ նա ազատ կարձակվի:

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հաղորդագրությունը: