«Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»». Ռոբերտ Քոչարյան/Մեդիամաքս

13-09-2018
4465 դիտում
«Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»». Ռոբերտ Քոչարյան/Մեդիամաքս

Մեդիամաքս-ը հարցազրույցից որոշ մասեր ներկայացնում ենք ստորեւ: Կաւյքը տեղեկացնում է, որ հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը: 

- Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ պատկերը լրիվ հակառակն էր: Պատրա՞ստ եք դուրս գալ եւ քայլել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի փողոցներով, խոսել մարդկանց հետ՝ Ձեր նկատմամբ նրանց իրական վերաբերմունքը հասկանալու համար:

- Կարծում եմ, որ նման կերպով հանրության մեջ հայտնվելը դժվար թե ռեպրեզենտատիվ լինի: Հանրային կարծիքի գնահատման ավելի ճիշտ մեթոդներ կան, եւ իմ թիմն այժմ զբաղվում է դրանով: Փողոց դուրս գալու առումով երբեք խնդիր չեմ ունեցել: Վերջին տարիներին միշտ միայնակ եմ ճանապարհորդել, հանդիպել բազմաթիվ մարդկանց եւ երբեք բացասական վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ: Հակառակը՝ մարդիկ մոտենում են, լուսանկարվում, ինչ-որ բան հարցնում:  

Էյֆորիան, որ կա Հայաստանում, իհարկե, որոշ չափով դեֆորմացրել է իրավիճակը, բայց, կարծում եմ, որ լավ հիմք ունեմ, որի վրա կարելի է կառուցել հետագա գործողությունները: 

Կրկնեմ՝ ես խնդիր չունեմ մարդկանց մոտ դուրս գալու առումով, բայց դժվար թե դա թույլ տա հասկանալ, թե իրականում ինչպես են նրանք վերաբերվում ինձ: 

- Դուք հիշատակեցիք էյֆորիան: Այն եկավ փոխարինելու ապատիան, որը, ինչպես Դուք էիք ասում վերջին տարիների հարցազրույցներում, իշխում էր հասարակությունում: Ապրիլին տեղի ունեցածը Ձեզ զարմացրե՞ց: 

- Ո՛չ: 2016թ.-ին ոստիկանության գնդի գրավումից հետո ես ասել էի, որ դա «դեղին քարտ» էր Հայաստանի քաղաքական համակարգին: Ինձ ապշեցրել էր, որ հասարակության մի մասը, ըստ էության, դրական գնահատական տվեց ահաբեկչական գործողություններին: Զոհվեց երեք ոստիկան, բայց, չնայած դրան, հանցավոր գործողություններ կատարած մարդիկ բավական լայն հանրային աջակցություն ստացան: Այնպես որ, քանի որ գիտակցում էի հասարակության մեջ կուտակված դժգոհության աստիճանը, այս գարնան իրադարձություններն ինձ համար մեծ անակնկալ չեղան: Զարմացրեց այն, թե ինչպես դրանք այսպես կոչված «թավշյա հեղափոխության» վերաճեցին:

- Իսկ Ձեզ զարմացրե՞ց, որ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համախմբել մարդկանց եւ նրանց բողոքն իրացնել անարյուն ճանապարհով:   

- Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին: Մյուս կողմից, այո՛, ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը: Կարծում եմ՝ նրանց հաջողվեց որսալ պահի «պատմականությունը», «ալիքը բռնել» ու ցնցող հաջողության հասնել:    

- Վերջին 10 տարիներին շատ եք քննադատել իշխանություններին: Զղջո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին ընտրեցիք որպես հետնորդ: 

- Պատմությունը ենթադրություններ չի սիրում, այնպես որ՝ պոստֆակտում գնահատականներ չեմ տա:  

- Ի՞նչ սկզբունքով էիք հետնորդ ընտրում: 

-  Ինձ համար առաջնահերթ էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը: Հետնորդ ընտրելիս՝ ես նախ եւ առաջ մտածում էի, թե ով կարող է հնարավորինս արդյունավետ լուծել անվտանգային հարցերը: Սերժ Սարգսյանի անցած ուղին ինձ հուշում էր, որ հնարավոր հավակնորդներից հենց նա է ամենապատրաստվածը դրանք լուծելու համար:

- Ասում են՝ հետնորդի թեկնածու էր նաեւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Այլ թեկնածուներ եւս կայի՞ն: 

- Կառավարությունից մի քանի մարդու թեկնածություն էի դիտարկում: Բոլորն էլ վառ եւ իրենց ոլորտներում բավական արդյունավետ մարդիկ էին: Սակայն անվտանգության հարցն ինձ համար գերիշխող էր, եւ այդ համատեքստում Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս էր: 

- Վերջերս ասացիք, որ անցած հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հանդիպել եք ընդամենը երկու անգամ: Կորցրե՞լ եք Ձեր ընկերոջը: 

- Մենք չենք վիճաբանել, չենք կռվել, բայց մեր հարաբերությունները վերածվել են ֆորմալ շփումների՝ ծննդյան օրերի շնորհավորանքների կամ մտերիմների մահվան դեպքում՝ ցավակցությունների տեսքով: Ինձ համար դա հեռավորության գիտակցված պահպանում էր այն քաղաքականությունից, որը ես, այս կամ այն չափով, չէի ընդունում: Մենք երկար տարիներ ընկերներ էինք, մամուլը միշտ սերտորեն կապում էր մեզ իրար հետ, եւ ես ցանկանում էի մարդկանց ցույց տալ, որ չեմ կիսում իշխանությունների քաղաքականությունը մի շարք ուղղություններով:

- Այս հարցազրույցին պատրաստվելիս կարդացի վերջին 10 տարվա Ձեր հարցազրույցների մեծ մասը եւ հայտնաբերեցի, որ իշխանությունների հասցեին Ձեր հնչեցրած քննադատությունը, եթե ոչ ձեւով, ապա բովանդակությամբ շատ նման էր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Եվ այսօր որոշակի հեգնանք կա նրանում, որ այն ռեժիմը, որը երկուսդ էլ քննադատում էիք, այլեւս չկա, բայց հիմա սուր դիմակայություն է ծավալվում Ձեր եւ Փաշինյանի միջեւ: 

-Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի: 

Ինչո՞ւ ենք այսօր ես եւ Նիկոլ Փաշինյանը տարբեր բեւեռներում: Ես միանշանակ պատասխան չունեմ: Հավանական է, որ նա իմ մեջ ինչ-որ սպառնալիք է տեսնում: 

- Այսինքն, ամեն ինչ նորից տեղափոխվո՞ւմ է ոչ թե գաղափարական, այլ անձնական դիմակայության դաշտ: Դուք Նիկոլ Փաշինյանին թշնամի՞ եք համարում:

- Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք: 

Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Ավելին՝ սկզբնաղբյուրում: