«Մոռացե՛ք, սա Սովետը չէ, որ պետությունից գողանաք, հետո գլուխներդ գովաք». Էդուարդ Զորիկյան

15-09-2018
4138 դիտում
«Մոռացե՛ք, սա Սովետը չէ, որ պետությունից գողանաք, հետո գլուխներդ գովաք». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը:

- Պարո՛ն Զորիկյան, դուք ասել եք, որ Հայաստանում նոր դիկտատոր է հայտնվել, դա ժողովուրդն է: Ի՞նչ նկատի ունեք:

- Ես նկատի ունեմ, որ այսուհետ թելադրելու է ժողովուրդը: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և վարելու է ժողովուրդը:

- Վերջին շրջանում շատ են մեղադրանքները՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե նա դիկտատորի դերում է հանդես գալիս: Կա՞ նման միտում:

- Բայց նա հանդես է գալիս ժողովրդի անունից: Այսինքն՝ այդ դիկտատորը, այդ թելադրողը ժողովուրդն է: Պարոն Փաշինյանն ընդամենը ժողովրդի անունից իրականացնում է ժողովրդի պահանջը: Եթե կասկածներ կան, կարծում եմ, պարոն Փաշինյանը ևս մեկ հանրահավաք կհրավիրի առանձնապես չհասկացողների համար:

- Վարչապետը վերջին օրերին կոշտ ելույթներով հանդես եկավ, նախազգուշացրեց, որ բոլոր հանցագործները պատժվելու են: Ի՞նչ եք կարծում, քաղաքականությունը կոշտանո՞ւմ է, և ինչո՞վ է դա պայմանավորված:

-Կարծում եմ, դա նման կոշտ հայտարարությունները, գործողությունները, նկատի ունեմ նաև՝ գաղտնալսման դեպքը, հակազդելու նպատակով է: Իհարկե, խայտառակություն էր այն, ինչ տեղի ունեցավ: Փաստացի այդ գաղտնալսում իրականացնողները ոչ թե այդ ինֆորմացիան ինչ-որ ձևով օգտագործեցին, մենք էլ չիմացանք, բայց իրենք հաջողությունների հասան, այլ իրենք բացահայտ ասացին՝ մենք Հայաստանում լրտեսական գործունեությամբ ենք զբաղված:

Կարո՞ղ եք մեզ բռնել, բռնեք, ո՞չ, ուրեմն դուք սուվերեն պետություն չեք, ինչ կուզենք՝ կանենք: Ես համոզված եմ, որ թվային տեխնոլոգիաների այս դարում դժվար չի լինի որոշել, թե որտեղից ու ինչ միջոցներով է դա արել: Ինչո՞ւ անդրադարձա գաղտնալսմանը, որովհետև վարչապետի խոսքը այդ հանրահավաքում ուղղակի պատասխան էր նման բաներ իրականացնողներին: Թավշյա հեղափոխությամբ ամեն ինչ սկսվեց, տեղի ունեցավ բաց ձեռքերի ու ոչ բռնի հեղափոխությունը, բայց մարդիկ չհասկացան:

Եթե կիրթ խոսքը չի հասկացվում, պետք է խոսես այն լեզվով, որն իրենք հասկանում են: Սա դեռ վերջնական կոպիտ լեզուն չէ՝ ասֆալտին փռել և այն: Սա սկիզբն է, որ՝ տղե՛րք, մենք էլ կարող ենք ձեզ հետ էդ լեզվով խոսել: Է՞դ եք ուզում, եկեք խոսենք, որովհետև մենք պետություն ու ժողովուրդ ենք ներկայացնում, դուք ո՞ւմ եք ներկայացնում՝ ձեր բիզնեսնե՞րը:

- Վարչապետը ժամանակ տվեց նախկին պաշտոնյաներին, որ պետությունից գողացածն ինքնակամ բերեն ու հանձնեն: Ասաց, որ դրանից հետո հրապարակում ժողովրդի հետ միասին կորոշեն՝ ինչպե՛ս վարվել նրանց հետ, ներե՞լ, թե՞ ոչ: Ի՞նչ եք կարծում, կամավոր հանձնողներ կլինե՞ն:

- Եթե դա գողացված է, դրա համար քրեական պատիժ է նախատեսված: Այս պարագայում ժողովրդի հետ պետք չէ խորհրդակցել, այսպես թե այնպես ցանկացած գողացված բան, եթե հայտնաբերվում է, վերադարձվում է այն մարդուն, ումից գողացվել է, այս պարագայում՝ պետությանը, ժողովրդին: Ներման մասին չգիտեմ ինչ ասել, ի՞նչը ներեն, հանցագործությո՞ւնը: Մոտ երկու ամիս առաջ ինչ-որ մարդիկ կամավոր բերեցին ու զենք հանձնեցին: Ովքեր չհանձնեցին, նրանց տուն մտավ ԱԱԾ-ն:

Հիմա էլ կգտնվեն ինչ-որ մարդիկ, ովքեր քայլեր կանեն, ինչ-որ ձևերով գումարները կվերադարձնեն: Եթե չեն անի, նրանցով կզբաղվեն համապատասխան մարմինները, ում գործը հենց դա է: Պետությունից գողանա՞լ… Պետությունը բանակն է, ժողովրդի անվտանգությունն է, մեր ծերերն են, երեխաներն են, պետությունից գողանալ թույլ չենք տա: Մոռացե՛ք, սա Սովետը չէ, որ պետությունից գողանաք, հետո գլուխներդ գովաք, որ Սովետը քանդեցիք դրանով: Եթե այդ մտածելակերպով եք շարունակել գործել այսքան տարի, ուրեմն դուք այդ ժամանակահատվածում քանդել եք անկախ Հայաստանը:

- Հեղափոխությանը հաջորդած ամիսներին հասարակության մոտ մտածելակերպի փոփոխություն նկատե՞լ եք, ի՞նչ է փոխվել և ի՞նչ պետք է փոխվի:

- Մարդկանց մոտ էլ պետք է կամք լինի, ազնիվ ապրելը պետք է դառնա ձեռնտու, ինչպես ամբողջ աշխարհում, ոչ թե գողությունը պետք է լինի ձեռնտու, ոնց որ Ռուսաստանի կայսրությունում է: Ամբողջ աշխարհում ազնիվ գործելը, ազնիվ ապրելն են ձեռնտու:

Հայաստանում մարդիկ պետք է սա գիտակցեն: Ի վերջո, մարդիկ կան, ովքեր Հայաստանը լքում են, այստեղից փախչում են հենց այդ անարդարության պատճառով: Մարդիկ կան, որ ուզում են ազնիվ աշխատանքով վաստակել իրենց ապրուստը:

Ուշ թե շուտ բոլորն էլ պետք է հասկանան, որ Հայաստանն անկախացել է, չի կարելի անկախ լինել և զինվորից տուշոնկա գողանալ, տարեցից թոշակ գողանալ: Ամեն տեղ է այդ սկզբունքն աշխատել, դրա համար մեր դպրոցները վատ վիճակում են, դրա համար մեր զինվորը զանգում է տուն ու ասում՝ ինձ գուլպա ու սրբիչ ուղարկեք: Այդ ամենի ֆոնին տասնյակ տարիներ մեր աչքի առաջ դղյակներ են կառուցվել, չէ՞ որ դա ժողովուրդը չի կառուցել:

Եվ կառուցել է հենց այն մարդը, ով պատասխանատու էր բանակի համար, ով պատասխանատու էր հարկերի համար, պատասխանատու էր մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար: Լավ, այդ ամեն ինչը պետք է ապացուցե՞ն: Բաներ կան, որ ուղղակի աքսիոմ են, մաթեմատիկայում երկու բան են տարբերում՝ աքսիոմ և թեորեմ: Թեորեմն ապացուցել է պետք, աքսիոմն ապացուցել պետք չէ: Երբ գողը քո աչքի առաջ գողանում է, դու ապացուցելու կարիք չունես: Այսինքն՝ ոստիկանը դա տեսնելիս պետք է միանգամից ձերբակալի, ոչ թե հարցնի՝ ժողովո՛ւրդ, մենք նրան ձերբակալե՞նք, թե՞ ոչ:

- Հնարավո՞ր է հակահեղափոխությունը լայն տարածում գտնի:

- Փորձելու են ինչ-որ բաներ անել, պաշտպանվում են: Բայց ինչի՞ց են պաշտպանվում՝ ազնիվ ապրելակերպի՞ց, ինչը ժողովուրդն է ուզում: Այսինքն՝ գողերն ուզում են շարունակել գողանա՞լ: Բայց սա պետություն է, Քրեական օրենսգիրք ունենք: Դատարանները պետք է կարողանան դառնալ դատարաններ, արդարադատություն պետք է իրականացվի, ոչ թե պատվեր կատարվի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am