«ԲՀԿ-ն  կոպիտ սխալներ է թույլ տալիս, հայտարարել, թե չեմ թողնելու հեղափոխությունն ավարտին հասնի, չափազանց վտանգավոր է լինելու իր համար»․ Ստյոպա Սաֆարյան

18-09-2018
5798 դիտում
«ԲՀԿ-ն  կոպիտ սխալներ է թույլ տալիս, հայտարարել, թե չեմ թողնելու հեղափոխությունն ավարտին հասնի, չափազանց վտանգավոր է լինելու իր համար»․ Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

- Պարո՛ն Սաֆարյան, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կարծես թեժ է ընթանում: Ի՞նչ քաղաքական զարգացումների ենք ականատես լինում այս փուլում:

- Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այս ընտրությունները «սպառնում» են արտացոլել նոր իրողությունները, որոնք ամենևին այն ուժերի օգտին չեն, որոնք նախկինում այս կամ այն ձևով դասավորված են եղել քաղաքական համակարգում: Եվ նկատելի է, որ ԲՀԿ-ն արդեն անհանգստության ակնհայտ նշաններ ունի, որ կարող է կորցնել իր դերը և կշիռը քաղաքական դաշտում:

Նախ՝ այս ընտրությունները մեկ կարևոր քայլով անշրջելի են դարձնում հեղափոխությունը և տալիս են դրա ուղղվածությունը իշխանության ձևավորման առումով, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքի վրա: Եվ նաև անշրջելի են դարձնում որևէ բան հետ բերելու կամ այլ ուղղությամբ տանելու փորձերը:

ԲՀԿ-ն նախկինում քաղաքական դաշտում ուներ մեծ ֆունկցիա՝ դա բուֆերի դեր կատարելն էր իշխող կուսակցության և հասարակության միջև՝ իր կողմից կառավարելու ոչ միայն ընտրազանգվածի այն մասին, որոնք ցանկացած պարագայում անգամ ընտրակաշառքով ձայն չէին տա ՀՀԿ-ին, բայց կտային ԲՀԿ-ին: Ըստ էության, այդպիսով նրանք կառավարում էին փոփոխություններ պահանջող ընտրազանգվածին, որը հսկայական մաս էր կազմում:

Այժմ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդպիսի բուֆերի կարիք չունի: Նրա լեգիտիմությունը բավական մեծ ինքնավստահություն է հաղորդում և կարիք չունի միջնորդներով չեզոքացնելու ընտրազանգվածի տարբեր հատվածներից եկող ռիսկերը:

Նաև կային այն մեթոդները, որոնցով ԲՀԿ-ն բավական հաջողակ էր դարձել, անգամ՝ ՀՀԿ-ից հաջողակ: Խոսքը բարեգործություններով, ընտրակաշառքով մարդկանց սիրաշահելու մասին էր, իսկ դրանք այժմ չեն գործում: Չեն գործում ոչ միայն այն պատճառով, որ խստացվել է ոստիկանության հսկողությունն ամեն ինչի նկատմամբ, այլ նաև քաղաքական այլ գործոններ են ի հայտ եկել, որոնք ազդում են ընտրողի վարքագծի վրա:

Եվ նկատելի է, որ համենայնդեպս ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը բավական դոմինանտ դարձրեցին այդ գործոնները հեղափոխականներ-հակահեղափոխականներ այս առանցքով: Եվ պարզ է, որ շանսերը փոքրանում են, և ես կարծում եմ, որ ԲՀԿ-ի պոռթկումն այն մտահոգությամբ էր պայմանավորված, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ն արդեն լուրջ նահանջ արձանագրի իր դիրքերից, ընդհուպ այն  աստիճան, որ կարող է չլինել երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում:

- Դա՞ է պատճառը, որ ԲՀԿ-ն կարծես ձեռնոց է նետել Նիկոլ Փաշինյանին ու իր ուժին:

- Այո՛, սա է պատճառը, որ փորձ արվեց ձեռնոց նետեց ՔՊ-ին՝  բանավեճի հրավիրելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին: Խնդիրն այն չէր, որ Հայկ Մարությանը կարող էր, օրինակ՝ պարտվել բանավեճում: Խնդիրն այդ ստատուսը ձեռք բերելն էր,  եթե Հայկ Մարությանը և ՔՊ-ն ճանաչեին ԲՀԿ-ին՝ որպես իրենց հիմնական մրցակցի:

- Այդ պատճառո՞վ Հայկ Մարությանը մերժեց բանավեճը:

- Իրենք ճիշտ վարվեցին, որովհետև ով էլ լիներ, պետք է հասկանար, թե այդ տեխնոլոգիայի նպատակը ո՛րն է: Դա նշան է այն բանի, որ ՔՊ-ն՝ որպես այս պահին դե ֆակտո իշխող կուսակցություն, ամենևին հավասար չի դիտարկում ԲՀԿ-ին: Սա ծուղակ կլիներ ՔՊ-ի համար, եթե ինքն ընդուներ, որ մյուսները հավասար չեն իրենց երկուսին:

Սա մեղադրանքների լուրջ տարափ կստեղծեր, հատկապես այն ֆոնին, երբ նրանք հայտարարում են, որ նոր իրողությունների պայմաններում այս ընտրություններն առաջին ազատ ու արդար ընտրություններն են: Բայց կստացվեր, որ իշխող կուսակցությունն ըստ էության ընտրում է, թե ո՛վ է իրեն ընդդիմություն, ով՝ ոչ, ո՛վ է իրեն հավասար, ով՝ ոչ:

Դրան գումարած, սա ԲՀԿ-ին զրկում է մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու հնարավորությունից: Փաստացի, ՔՊ-ն չընդունեց խաղի կանոնը, և ես կարծում եմ, որ քարոզարշավի հաջորդ օրերին մենք կրկին կունենանք կրքերի շիկացում: Դատելով ԲՀԿ քաղաքապետի թեկնածուի վերջին հարցազրույցներից՝ նրանք հետքայլի ցանկություն ամենևին չունեն:

- ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կարծես նաև սպառնում է Նիկոլ Փաշինյանին, հայտարարելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին ԲՀԿ-ն կողմ չի քվեարկի: Սա՞ ինչպես կմեկնաբանեք:

- Այո՛, նրանք հայտարարում են, որ ՔՊ-ին պատժելու ցանկություն ունեն: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն ակնհայտորեն կոպիտ սխալներ է թույլ տալիս: Այս մթնոլորտում ուղղակի կանգնել ու հայտարարել, թե՝ ես չեմ թողնելու, որ հեղափոխությունն ավարտին հասնի, չափազանց վտանգավոր է լինելու իր համար: Այն կարող է բացել ճանապարհը, որով Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարանն արձակելու և խորհրդարանական ընտրություններ նշանակելու:

Բայց ԲՀԿ-ի կողմից վճարվող գինը հաստատ շատ ավելի թանկ կլինի, որովհետև դա ուղղակի սպառնալու է առանց այն էլ քաղաքական ոչ հարուստ բովանդակությամբ այդ միավորին քաղաքական կյանքից ավելի դուրս դնելուն: Տեսականորեն ստացվում է հետևյալը. ՀՀԿ-ն համաձայնել է իշխանությունը փոխանցել հեղափոխության առաջնորդներին, նույնիսկ ապահովել է, որ Փաշինյանը վարչապետ ընտրվի, նույնիսկ չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ իշխանության փոխանցում է կատարում:

Եվ ստացվում է, որ այն ուժը, որը հեղափոխությունից հինգ պակաս միացավ ժողովրդին, այժմ ասում է՝ ես կտորպեդահարեմ: Իհարկե, հանրային ընկալումների ու կարծիքի դաշտում ԲՀԿ-ն մեծ խնդիրներ կունենա, և ոչ մի քաղաքական տեխնոլոգիա այլևս չի կարող փրկել այդ ուժին: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ նման իրավիճակում հայտնվելուց հետո, ինչպես ՀՀԿ որոշ հատվածին, նրանց ևս մնալու է Ռոբերտ Քոչարյանի հետ հույսեր փայփայելը՝ որպես բացահայտ ռևանշի հնարավորություն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am