Ալեքսանդր Սարգսյան. «Կիսաստվածը»

20-09-2018
2064 դիտում
Ալեքսանդր Սարգսյան. «Կիսաստվածը»

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը (գրասենյակը, Կարլ) հայտարարություն է տարածել և վարչապետից պահանջում է վերադարձնել իր ընտանիքին պատկանող գույքն ու դրամական միջոցները: Այլապես ի՞նչ է անելու: Մակեդոնացու անվանակիցը (այսինքն՝ մինիմում կես Մակեդոնացին) չի ասում, թե ինչ է անելու, եթե վարչապետը չվերադարձրեց: Հետո ասում է՝ եթե վերադարձնի, դրանց զգալի մասը կծախսվի բարեգործական նպատակներով:

Չգիտեմ՝ մարդն ունի ինքնապաշտպանվելու իրավունք, եթե Ալեքսանդր Սարգսյանը, իր բառով, «լռելյայն» (բառ եմ ասել. կա նաև՝ «անծպուտ»-ը) տաներ իր ունեցվածքի վրա դրված կալանքը, ենթադրելի էր, որ ընդունում է դրանց ձեռքբերման անօրինականությունը: Ուստի մարդը չի լռում: Տան խուզարկությունից և դրամական միջոցների մի մասից զրկվելուց երկու ամիս հետո որոշում է հետ պահանջել դրանք:

Գրասենյակը, Կարլ, խորամանկ է: Եթե Փաշինյանը հետ վերադարձրեց, ուրեմն հեղափոխությունը կառուցված էր էն ստի վրա, թե Հռոմի միանգամից 7 Պապի անվանակիցը, անվանակիցը 5 ռուսական իշխանների և կաթոլիկ սրբերի Հայաստանում փայ է ունեցել յուրաքանչյուրի բիզնեսից: Եթե չվերադարձրեց, գրասենյակի հայտարարությունը կա ու կա:

Բայց հարցն այն է, թե ո՞վ է եղել Ալեքսանդրն առանց Սերժ Սարգսյանի:

Ոչ մեկը:

Համենայնդեպս, նրա գործարար հանճարի մեկ դրվագ այնքան «ժողովրդավարական» և «մասնավոր ազատ տնտեսություն» ունեցող Հայաստանում հայտնի չէ: Երեսուն տարի ավելի տաղանդավոր գործարարներ սնանկացել են ու արտագաղթել, ինչո՞ւ հենց մեր բոլոր ձախորդությունների հերոսը պետք է հարստանար: Ֆո՞րդն էր, Ռոտշի՞լդը, Աբրամովի՞չը, թե՞ իր առանձնապես մեծ «դաժանությամբ» տաղանդավոր անվանակից Մանթաշովը:

Ինչո՞ւ են այս մարդկանց մասին պատմվող գործարար լեգենդներն ուղիղ հակասության մեջ պարոն Սարգսյանի մասին հայտնի հատկապես հակագործարար լեգենդների հետ:

Մի մատ Հայաստանում ինչո՞ւ հենց նա պիտի առանձին վերցրած մեկ բանկում ունենար 30 միլիոն դոլար: Եվ ինչպե՞ս էր այդ մարդն այդքան անթարթ հարստանում, երբ իր աչքի առաջ ուղղակի չքավոր էին դառնում բառի բուն իմաստով գործարարության մեջ խրված մարդիկ: Պարզ է, չէ՞, որ նրա եղբայրը հենց մեր հերոսի հագով էր հարկային և մաքսային օրենքներ կարում, հարյուրավոր արտոնություններ էլ ուներ առանց օրենքների: Սա ինչի՞ մասին է: Այն մասին, որ եթե այդ օրենքները տարածվեին բացառապես բոլորի վրա, Ալեքսանդր Սարգսյանը 5 դրամ էլ չէր կարողանա աշխատել: Կամ կաշխատեր 5 դրամ:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նախագահությունը միլիոնատեր չի դարձրել որևէ լրագրողի, որևէ ատամնաբույժի, որևէ գյուղատնտեսի: Այս հարցերի պատասխանները միայն Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներում չեն: Էլ չեմ ասում՝ նրա գլխում չեն: Մեր դատավորների, հարկային ծառայությունների ղեկավարների և ընտրությունների կեղծիքները կազմակերպողների գրպաններում են: Որովհետև հարստանալու մեխանիզմը հո միայն թալա՞նը չէ:

Մարդ կա, դրա շնորհքն էլ չունի:

Պարզապես բացում են անպատժելիության դռները և ասում՝ ինչքան տարաք, տեր եք: Ձեր գործը եղել է ամբողջ երևակայությամբ դրանք օրինականացնելը: Եվ նույնիսկ դա սեփական ուղեղով չեք արել: Հայաստանն էս վիճակին հասցնելու մեջ սեփական ուղեղի աշխատանք տեսնո՞ւմ եք:

Ավելի նման է ուղեղի իսպառ բացակայության: Մեկ էլ Սահմանադրության «հայրերն» էին պետությունը սեփական «ուղեղով» տանում դնում ինչ-որ մեկի ոտքերի տակ: Դա ավելի նման էր մատաղի: Մի ամբողջ կուսակցություն մազ էր մնացել, որ Սերժ Սարգսյանին հռչակի աստված: Վարչապետությունից մի քանի օր առաջ նրանք բոլորն ասում էին, որ այդ մարդն անփոխարինելի է:

Ինչո՞ւ:

Որովհետև եղբայր Ալեքսանդրն արդեն կիսաստծո բոլոր տվյալներն ուներ՝ թվում է, թե մարդ է, բայց հասկանալի չէր, թե նրա մեջ որտե՞ղ է մարդը, և թվում էր, թե աստված չէ, բայց ո՞նց կարելի էր մատը մատին չխփելով Հայաստանում տեր լինել՝ չլինելով մի քիչ աստված կամ «աստծուց հետո երկրորդ մարդը»:

Մհեր Արշակյան

MediaLab.am