«Արմենիա» հեռուստաընկերությունը թիրախավորել է Արսեն Թորոսյանին

22-09-2018
730 դիտում
«Արմենիա» հեռուստաընկերությունը թիրախավորել է Արսեն Թորոսյանին

Առողջապահության նախարարը մամուլում ամենաքննարկվող և քննադատվող նախարարներից է: Նրա վերաբերյալ ապատեղեկատվությունները ևս լայնորեն տարածվում են համացանցում՝  հասարակական կարծիքի վրա անմիջական ազդեցություն թողնելու նպատակով:

Վերջերս «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ ևս անդրադարձ եղավ  նախարարին, այն էլ՝ մի քանի անգամ:

«Փաստերի ստուգման հարթակ»-ը անդրադարձավ մի քանի թեմաների, որոնք կարող են տարակարծությունների առիթ տալ, ընթերցողին ներկայացնելով իրական փաստերը:

Հաղորդավարի խոսքում ասվում է․ «Գաղտնիք չի լինի, եթե ասեմ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարտադիր պատվաստման մոլի կողմնակից է, այդ մասին  նա հայտարարել է քանիցս ու չի դադարում պնդել դրա կարևորությունն ու օգտակարությունը, սակայն երբ հայտնի դարձավ՝ որ պատվաստման պատճառով երեխա է մահացել, շտապեց փարատել մարդկանց զայրույթը, թե տարեկան 360 երեխայի մահը նորմայի սահմաններում է»:

«Փաստերի ստուգման հարթակ»-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է այս ապատեղեկատվությանը. նախարարը երբեք նման հայտարարություն չի արել:

Ինչ վերաբերում է նրան, որ պատվաստումից է երեխան մահացել, նշենք՝ երեխայի մահվան առնչությամբ  հարուցված քրեական վարույթը դեռևս  չի ավարտվել, իսկ դատաբժշկական վերջնական եզրակացությունն արդեն հերքել է պատվաստման և մահվան միջև պատճառահետևանքային կապը:

Ռեպորտաժում, կոնտեքստից կտրելով Արսեն Թորոսյանի խոսքը, լրագրողը անում է հետևյալ դատողությունը․ «Արսեն Թորոսյանն ասում է, որ երեխաները կարող են պատվաստվել և մահանալ, մոտավորապես օրական մեկ երեխայի մահը  վիճակագրական նորմա է»:

Իրականում առողջապահության նախարարն այս թեմայի մասին խոսելիս ասել է. «…2017 թվականին ունեցել ենք 308 մահվան դեպք մինչև մեկ տարեկան, 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան ….եթե 300-ը բաժանենք 365 օրվա վրա ինչքան էլ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ երեխա մահանում է, դրանք հիմնականում, մասնագետների կարծիքով, այն դեպքերն են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի փրկել …»,- և հավելել, որ Հայաստանում մահացությունների թիվը գնալով նվազում է :

«Սուր անկյուն» հաղորդման մյուս թողարկմանը՝ «Միահեծան և գոռոզամիտ» վերնագրով ռեպորտաժում այս անգամ հարցականի տակ է դրվում Արսեն Թորոսյանի կողմից իրականացված այն ռեֆորմը, որով չի լինելու խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը», այլ լինելու են խորհրդականներ, ովքեր օգնելու են առողջապահության նախարարությանը՝ ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում տիրող իրավիճակի վերլուծության և տարբեր փորձաքննությունների իրականացման գործում։

Ռեպորտաժում լրագրողը տալիս է հետևյալ ձևակերպումները. «…նախարարի հրամանն, ինչպես ասում են, ամպրոպ էր պարզ երկնքում, չնայած նրան, որ հեղինակի կողմից այն որակվում է որպես շրջադարձային և կարծրատիպեր կոտրող ռեֆորմ՝ մասնագիտական հարթակներում գնահատվում է որպես չկշռադատված կամ վատ կշռադատված քայլ` նախ մի քանի  տասնյակ մասնագիտությունների գծով խորհրդատուներ չնշանակելու, ինչպես նաև մի շարք անվանի բժիշկների՝ գրչի մեկ հարվածով գլխավոր մասնագետի կոչումից զրկելու համար»:

Դրան հետևում են լրագրողի կողմից ընտրված այն մեկնաբանությունները, որոնցում քաղաքացիները դրական չեն արտահայտվում այս որոշման մասին: Հատկանշական է, որ ներկայացվում են միայն բացասական մեկնաբանությունները՝ էլ ավելի խորացնելով մեկնաբանություն տված բժիշկների այն կարծիքը, որը ներկայացվել էր ավելի վաղ, այն է թե՝ փոփոխությունների  չափորոշիչը ոչ թե պրոֆեսիոնալիզմն է եղել, այլ նախարարի՝ ոչ յուրայիններից ազատվելու ձգտումը:

Հիշեցնենք, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպը» պատկանում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ում հոր՝ Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերջերս խոշոր դրամանական խախտումներ հայտնաբերվեցին, իսկ Արա Մինասյանը նախարարի հրամանով ազատվեց աշխատանքից:

Կարինե Կիրակոսյան

Աղբյուրը՝ sut.am