«Կոռուպցիայի համար մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն, ոչ միայն գումարը վերականգնելով, այլև ազատազրկմամբ»․ Արթուր Սաքունց

22-09-2018
2317 դիտում
«Կոռուպցիայի համար մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն, ոչ միայն գումարը վերականգնելով, այլև ազատազրկմամբ»․ Արթուր Սաքունց

«Երևան» հիմնադրամի գումարների վատնումների հետևանքով վնաս է կրել քաղաքային տնտեսությունը, հետևաբար գումարների վերականգնումից զատ նաև պատիժներ պետք է լինեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին:

Նրա խոսքով՝ արդեն պարզ է, որ, այսպես կոչված, տարբեր հիմնադրամներ հանդիսացել են կոռուպցիոն մեխանիզմներ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնը վերաբերում է և՛ «Մարտիկ», և՛ «Փյունիկ», և՛ «Երևան» և «Լույս»  և այլ հիմնադրամների:

«Այսինքն՝ հիմնադրամները Հայաստանում հանդիսացել են կոռուպցիոն մեխանիզմներ, պարտադրանքով գումարներ են հավաքվել այդ հիմնադրամների համար՝ օգտագործելով իշխանության դիրքը: Այսինքն՝ բացի հարկային պարտավորություններից, որոնք քաղաքացիներն օրենքով կատարել են, մարդիկ նաև իբր կամավոր վճարումներ են կատարել այդ հիմնադրամներին: Բայց իրականում նրանք պարտադրված են եղել այդ գումարները վճարել, քանի որ այդ հիմնադրամների ղեկավարները լծակներ ունեցող մարդիկ են եղել»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է և ընդունել է որոշակի խախտումներ:

Նրա խոսքով՝ այս գործով վերականգնման ենթակա գումարը կազմում է 1 մլրդ 820 մլն դրամ, որը հիմնադրամի տնօրենը համաձայնություն է տվել վերադարձնել:

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԱԾ տնօրենի խոսքով, գործի շրջանակում ունի վկայի կարգավիճակ:

«Երևան» հիմնադրամում ստուգումներ էին սկսվել այս տարվա հունիսի 13-ին՝ հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերի գումար:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ հիմնադրամների մասով այս փուլի բացահայտումները փաստում են, որ դրանք հանդիսացել են կոռուպցիոն եկամուտներ ապահովելու շատ պրիմիտիվ մեխանիզմ: Թղթերով օրինական տեսք են տվել, բայց բովանդակային տեսանկյունից դա կոռուպցիա է եղել: Սաքունցի խոսքով՝ Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հիմնադրամների գումարների ծախսման հաշվետվություն չէր ներկայացվում: Թվերը ներկայացվում էին, բայց ոչ ոք չգիտեր, թե իրականում այդ գումարները ծախսվե՞լ են, թե՞ ոչ կամ ինչի՛ վրա են ծախսվել:

«Այսինքն՝ քաղաքացիները հաշտվել էին անարդարության հետ և վճարել այդ անարդարության համար: Վախի մթնոլորտ է եղել, շատերը վախեցել են, որ եթե չվճարեն, կզրկվեն աշխատանքից: Փաստ է, որ դա իր ամբողջ էությամբ կոռուպցիոն կառավարման բովանդակություն է ունեցել»,- նշեց նա:

Իրավապաշտպանն անդրադառնում է նաև մամուլի այն հրապարակումներին, որ Երևանի աղբահան մեքենաների մի մասը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանինն են եղել:

«Դա ի՞նչ է նշանակում, այդ ո՞նց է եղել, որ միայն քաղաքապետն ունի այդ մեքենաներից, ոչ թե մեկ այլ քաղաքացի, ով կարող էր մասնակցել մրցույթների ու աղբահավաքման ծառայություններ մատուցել: Դուրս է գալիս, որ քաղաքապետն ունի աղբահավաք մեքենա, սա ինքնին արդեն կոռուպցիոն փաստ է: Այսինքն՝ Հայաստանում վերից վար գործել են կոռուպցիոն մեխանիզմներ, և կառավարման համակարգը կոռուպցիայի մեջ է եղել, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք: Բայց կոռուպցիան մնում էր անպատժելի, քանի որ գլխավոր հովանավորը հենց իշխանության բարձրագույն մարմինն էր, որը փոխվեց: Եվ մենք հիմա տեսնում ենք, որ փոխվում է նաև կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքը»,- նշեց նա:

Անդրադառնալով պատիժների մասին հարցին՝ Սաքունցն ասում է, որ գումարները հետ բերելը հարցի մի կողմն է:

Իսկ երկրորդ հարցն այն է, որ այդ գումարների ոչ նպատակային օգտագործման կամ յուրացման հաշվին ահռելի վնաս է կրել Երևան համայնքը:

«Ընդհանրապես նյութական ու բարոյական մեծ վնաս է հասցվել քաղաքացիներին, անարժանապատիվ ապրելու միջավայր է ձևավորվել: Այսինքն՝ այստեղ հանցագործության բուն էությունը ոչ միայն այն է, որ միայն հիմնադրամային կամ բյուջետային գումարներն են մսխվել կամ յուրացվել, այլ այդ գումարների մսխման հետևանքով մեծ վնաս է հասցվել պետությանը, Երևան համայնքին: Զարգացման, համակարգային խնդիրներ չեն լուծվել, բարեխիղճ կառավարում չի իրականացվել, ինչի հետևանքով բազմաթիվ խնդիրներ են կուտակվել Երևանում: Սա ինչ է, եթե ոչ ամենածանրագույն հանցագործությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- նշեց իրավապաշտպանը:

Այսինքն՝ նրա խոսքով, «կոռուպցիոն ցանկացած հանցագործության համար պետք է անպայման պատասխանատվություն կրեն դրա մեղավորները, ոչ միայն գումարը վերականգնելով, այլև ընդհուպ ազատազրկման ձևով պատիժներ պետք է լինեն»:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am