Ընտրողների վրեժը

25-09-2018
4329 դիտում
Ընտրողների վրեժը

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: «Իմ քայլը» դաշինքի շռնդալից հաղթանակը շատերը կարող են որակել որպես հեղափոխության հաղթանակի ամրագրում: Սակայն «հեղափոխությունն» այն բառն է, որի հետ պետք է նուրբ և զգույշ վարվել: Այն չի կարելի շահարկել:

Իհարկե, հոռետեսները կամ նախկին իշխանության կողմնակիցները կասեն, որ ընտրություններին չի մասնակցել Երևանի բնակչության կեսից ավելին: Բայց սա թույլ, շատ թույլ փաստարկ է: Այդ չմասնակցությունն ունի խորքային պատճառներ, որոնք առանձին վերլուծության թեմա են: Միգուցե այդ վերլուծության արդյունքները հանգեցնեն ազգային անվտանգության խնդրի, այնպես որ, ավելի լավ է լռենք…

Ավելի շատ կուզեի խոսել այս ընտրությունների հուզական կողմի մասին: Այս ընտրությունները, իմ խորին համոզմամբ, ընտրողների վրեժն էր այն բոլոր կուսակցություններից, որոնք տիրապետելով փողի, վարչական ռեսուրսների, ինչու ոչ՝ նաև ուժային բռնի մեթոդների, տարիներ շարունակ բռնացել էին քաղաքացու կամքի վրա: Այդ հայտնի ուժերը՝ բռնությամբ, նվաստացմամբ, մի քանի կոպեկով, աշխատանքից ազատելու սպառնալիքով, մարդու արժանապատվությունը ստորադասելով, մարդկային սովորական թուլություններից օգտվելով, 20 ու ավելի տարիներ, ստիպել էին մարդկանց քվեարկել իրենց կամքին հակառակ:

Իսկ միգուցե մարդկանց մոտ դա դարձել էր յուրօրինակ ռեֆլե՞քս: «Մեկ ա բան չի փոխվելու» տարօրինակ ու խորքային հուսահատությունը մինչև 2018-ի ապրիլ թևածում էր ամենուր: Գրեթե բոլորը դրա կրողն էին: Մարդիկ ընտրություններին գնում էին մեխանիկորեն, ինչ-որ բան պոկելու անհաշտ մոլուցքով:

Այս ընտրությունները նաև «սանիտարի» դեր կատարեցին: Պատմության քառուղիների ստորին հատվածներում իրենց իրական տեղը գտան այն ուժերը, որոնք վերջին 20 տարիների ընթացքում, իշխող կուսակցության և 2-րդի ու 3-րդի հետ համատեղ, բերել ու պետությանը հասցրել էին այս օրհասական կետին: Անշուշտ դժվար է չուրախանալ այն ուժերի տապալման համար, որոնք մարտի մեկից հետո իրենց արյունոտ ստորագրությունը դրեցին Հայաստանի ապագայի ողջակիզման տակ:

Այս ամենը ես կանվանեի ոչ թե հեղափոխություն, այլ վերածնունդ: Ընտրողի գիտակցության և ազատության վերածնունդ:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am