«ՀՀԿ-ն պետք է մտածի իր կատարած ոճրագործությունների համար պատասխան տալու մասին, խոսքը և՛ անհատական, և ՛ կոլեկտիվ պատասխանատվության մասին է». Սաքունց

25-09-2018
3019 դիտում
«ՀՀԿ-ն պետք է մտածի իր կատարած ոճրագործությունների համար պատասխան տալու մասին, խոսքը և՛ անհատական, և ՛ կոլեկտիվ պատասխանատվության մասին է». Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

- Պարո ՛ն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները։ Լա՞վ է, թե՞ մտահոգիչ, որ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 80 տոկոսից ավելի ձայն։ Մտահոգություն կա, որ հակակշիռների մեխանիզմ չի լինի։

- Դասական իմաստով, իհարկե, հակակշիռների մեխանիզմը պետք է լինի, բայց մենք դասական իրավիճակում չենք գտնվում։ Մենք գտնվում ենք հեղափոխական իրավիճակում, և անխուսափելի էին նման արդյունքները։ Եթե այլ արդյունքներ լինեին, ապա դա կնշանակեր, որ հեղափոխություն չէր կարող լինել։ Այն ուժերի գերակշիռ մասը, որոնք պարտություն կրեցին կամ քաղաքացիների կողմից իրենց ակնկալածի չափով աջակցություն չստացան, նրանք էին, որոնք գործել էին նախորդ քաղաքական համակարգում, և եթե արդյունավետ լինեին, և ընտրողը նրանց գնահատեր, հեղափոխությունն ընդհանրապես չպետք է լիներ, և մենք չէինք ունենա այն իրավիճակը, որն ունենք։

Քանի որ իրավիճակ է փոխվել, ապա այս ընտրություններում ընտրողը տվեց այն քաղաքական ուժերի իրական գնահատականը, որոնք իրենց գերակշիռ մասով ներկայացված են նաև Ազգային ժողովում, մյուս մասն էլ ներկայացված չէ: Եթե իրենց ունեցած այն գնահատականը, թե իրենք ներկայացված են Ազգային ժողովում, և դա համապատասխաներ իրականությանը, ապա ժողովուրդը կվստահեր նրանց։ Քանի որ չեն վստահել, հեղափոխություն է եղել, հետևաբար, հեղափոխության արդյունքում ունենք այն, ինչն իրական գնահատականն է։

Այնպես չէ, որ «Իմ քայլը» դաշինքը եկավ, նրանց դուրս մղեց, նրանք արդեն դուրս մղված էին։ Իսկ իրական հակակշիռների մեխանիզմի էությունը պետք է լինի իշխանությունների տարանջատման սկզբունքը, այսինքն՝ երբ ունենանք անկախ դատական իշխանություն, ունենանք լեգիտիմ Ազգային ժողով, ունենանք արդյունավետ գործադիր իշխանություն։ Հակակշիռների մեխանիզմը դրանով է պայմանավորված։ Սա կարելի է համարել ջրբաժան նախորդ քաղաքական համակարգի և նոր ձևավորվող քաղաքական համակարգի միջև։

Սա նոր հնարավորությունների դաշտ կարելի է համարել նոր քաղաքական համակարգի համար, որտեղ, ամենայն հավանականությամբ, նախկին քաղաքական համակարգին մասնակցած, վարկաբեկված քաղաքական ուժերն այլևս տեղ չունեն։ Եթե ուզում են նոր համակարգում տեղ ունենալ, ապա պետք է վերագնահատեն իրենց գործունեությունը, ոչ թե նեղանան ընտրողներից։ Կարծում եմ՝ առաջիկա 1-2 տարիների ընթացքում, հատկապես Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո մենք ականատես կլինենք նոր քաղաքական միավորների առաջացմանը, ձևավորմանը, որն ավելի շատ բնորոշ կլինի ժողովրդավարական, իրավական և ինքնիշխան պետությանը։

- Մենք տեսնում ենք, որ ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու դաշինքները, իրար հերթ չտալով, սկսեցին շնորհավորել «Իմ քայլը» դաշինքին հաղթանակի առթիվ։ Առողջացմա՞ն է գնում այս գործընթացը։

- Առաջինը, իհարկե, օրինակ ցույց տվեց «Լույս» դաշինքը։ Դա քաղաքակիրթ մոտեցում էր, բայց մյուս կողմից էլ ուզում եմ նշել՝ բա ի՞նչ անեին, ուրիշ ի՞նչ կարող էին անել, եթե ոչ շնորհավորել, որովհետև հաղթանակն անվիճելի էր, վիճարկման ենթակա չէր։ Այստեղ պետք է իրապես նշել, սա ոչ թե հռետորական կամ պոպուլիստական խոսք է, այլ իսկապես հաղթեց ՀՀ քաղաքացին՝ հանձինս Երևանի բնակիչների։ Նույնիսկ կասկածի տեղ չկա, որ ընտրություններն ընթացել են ազատ և արդար, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։ Որևէ բողոք, կապված արդյունքների կեղծման կամ ընտրական գործընթացներից շեղման հետ, չկար և չէր էլ կարող լինել։

- Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս արագ պետք է տեղի ունենան։ Ըստ ձեզ՝ սա ինչո՞վ է պայմանավորված, սպասում էին այս ընտրությունների արդյունքներն արձանագրեին՝ նո՞ր հայտարարեին այդ մասին։ Ինչո՞ւ հիմա նման հրամայական առաջացավ, որ մինչև մյուս տարվա հունիս չձգվի, և ընտրություններն անցկացվեն առաջիկա ամիսներին։

- Ես չեմ կարծում, որ Փաշինյանի կոչը պայմանավորված էր այս ընտրությունների արդյունքներն ունենալով։ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունն ունի երկրորդ մաս, որը զարմանալիորեն ուշադրության չի արժանանում։ Խոսքը ներդրողների անհրաժեշտության և ներդրողների համար իրավիճակը կանխատեսելի ընկալելու մասին է։ Դրսի ներդրողը, ով այստեղ չի ապրում և ծանոթ չէ իրավիճակին, մի բան է հասկանում, որ գործադիր իշխանությունը գտնվում է մի քաղաքական ուժի ձեռքին, որը օրենսդիր մարմնում ունի ընդամենը յոթ տոկոս ներկայացվածություն, և Ազգային ժողովում մեծամասնություն է մեկ այլ ուժ, որն աջակցություն չունի հանրության կողմից։ Եվ այս երկատվածությունը, բնականաբար, մտահոգության հիմք կարող է լինել ներդրողի համար, որի համար շատ ավելի կարևոր են խաղի կանոնների կայունությունը և կանխատեսելիությունը։

Եվ կարծում եմ՝ այս ամիսների ընթացքում արտաքին սուբյեկտների հետ շփումները, նաև քննարկումները Նիկոլ Փաշինյանին եզրակացնելու հիմք են տվել, որ պետք է անպայման ԱԺ ընտրությունների ժամկետն ավելի մոտեցնել, որովհետև հեղափոխության արդյունքների ինստիտուցիոնալացման առումով կարևոր բնագավառ է տնտեսությունը, տնտեսական դաշտի փոփոխությունը:

Իսկ սրա երաշխիք պետք է հանդիսանա ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն մեխանիզմները վերացնելը, ոչ միայն մոնոպոլիաների գերիշխանության վերացումը, այլ նաև մաքրված տնտեսական դաշտում նոր սուբյեկտների ձևավորումը, ինչպիսին Հայաստանում կարող է հանդիսանալ փոքր և միջին բիզնեսը, ինչը Հայաստանում ամբողջությամբ փչացրել էին, և նաև արտաքին ներդրողների սուբյեկտացումը և մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը, առանց որի Հայաստանի քաղաքացին, որ իրականացրեց այս հեղափոխությունը, չի կարող բավարարված զգալ, չի կարող ինքն անընդհատ սպասել փոփոխությունների։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն առավել քան բաց և հստակ ձևակերպել է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը կրճատելու հիմնավորումը։

- Պարոն Սաքունց, ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընտրություններում, հաշվի առնելով, որ համապետական ընտրություններ են լինելու, դարձյա՞լ պատկերն այսպիսին է լինելու։

- Ես առավել քան համոզված եմ, որ նույն պատկերն է լինելու, որովհետև երեք-չորս ամսվա ընթացքում որևէ քաղաքական ուժ օբյեկտիվորեն չունի ընտրողների վստահությունը ձեռք բերելու որևէ հնարավորություն։ Եվ սա հատկապես վերաբերում է քաղաքական նախկին սնանկացած համակարգի ներկայացուցիչներին, իսկ նորերն էլ դեռևս սոցիալական բազա չունեն։ Որովհետև այս պահին կա մեկ բազա, այն է՝ ընտրողների միանշանակ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը։

Եվ այս առումով կարևոր է արձանագրել, որ ժողովրդավարական բարեփոխումների և զարգացումների միակ երաշխիքը տեսնում են միայն Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին, և որպեսզի ամբողջական վստահությունը իրական գործողությունների վերածվի, նրանք պետք է նաև այդ պատասխանատվությունը ստանձնելու հնարավորություն ունենան և պատշաճ կերպով ու որակով ներկայացված լինեն նաև ԱԺ-ում։ Եվ երբ ընտրվեն, դրանից հետո արդեն կսկսվի պատասխանատվության համարժեք գործողությունների ժամանակահատվածը։

- Ի՞նչ եք կարծում, ընտրություններում ՀՀԿ-ն նվազագույն շե՞մն էլ չի հաղթահարի։

- ՀՀԿ-ն նախ պետք է մտածի Հայաստանի արդարադատության առջև կանգնելու և իր կատարած ոճրագործությունների համար պատասխան տալու մասին, ընդ որում, խոսքը և՛ անհատական, և ՛ կոլեկտիվ պատասխանատվության մասին է։

Մանե Հարությունյան

MediaLab.am