Խոսքի ազատության առումով Հայաստանում իրավիճակը մտահոգի՞չ է, թե՞ ոչ. Ինչ են արձանագրելու ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանում

26-09-2018
1674 դիտում
Խոսքի ազատության առումով Հայաստանում իրավիճակը մտահոգի՞չ է, թե՞ ոչ. Ինչ են արձանագրելու ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանում

Հայաստանում խոսքի ազատության նկատմամբ ճնշումներ չկան, և ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները, գալով մեր երկիր, լուրջ խախտումներ չեն արձանագրելու:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի վերջին նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն օրերս իրազեկել էր, որ ԵԽԽՎ մոնիթորինի հանձնաժողովը ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին փաստահավաք առաքելությամբ հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան: Համազեկուցողները Հայաստան են գալիս՝ հաշվի առնելով Հովհաննիսյանի՝ ԵԽԽՎ-ում բարձրացրած այն հարցը, թե ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանում խոսքի ազատության և մարդու իրավունքների առումով հետընթաց է արձանագրվում:

«Դա շատ լավ է, որ Հայաստանի հարցով համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ գալու են Հայաստան: Եվ ես հույս ունեմ, որ նրանք կհանդիպեն նաև մեդիափորձագետների և լրագրողական կազմակերպությունների հետ»,- ասում է Մելիքյանը:

Վերջինիս խոսքով, Արփինե Հովհաննիսյանը կարող է իր հաղթանակը նշել, որ հասել է այդ արդյունքին, բայց Մելիքյանի գնահատմամբ՝ խոսքի ազատության վերաբերյալ Հովհաննիսյանի բողոքները բավական խոցելի են:

«Այստեղ ավելի շատ քաղաքական ենթատեքստ կա, քան իրականության հետ աղերս»,- ասում է Մելիքյանը:

Նախքան ԵԽԽՎ-ի կողմից այս որոշումն ընդունելը, Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում քննարկվել էին ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակն ու վերջին զարգացումները:

Հովհաննիսյանը բարձրացրել էր նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման շուրջ ծավալված իրավիճակը: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում քննարկվել էին Հայաստանում «խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները՝ որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները»։

Մելիքյանը, սակայն, հակադարձում է՝ խոսքի ազատության առումով մտահոգիչ իրավիճակ Հայաստանում չկա, թեև կան որոշ բացասական երևույթներ:

«Բայց երբ մենք ընդհանուր ենք գնահատում, իրավիճակը մտահոգիչ չէ: Երբ դիտարկում ենք, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ինչքան խախտում է արձանագրվել, և երբ համեմատում ենք ֆիզիկական բռնությունների, ճնշումների և տարատեսակ այլ խոչընդոտների թիվը մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների խայտառակ իրավիճակի հետ, տեսնում ենք, որ այսօր լրագրողները շատ ավելի բարենպաստ պայմաններում են աշխատում»,- ասում է Մելիքյանը:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, սակայն, համամիտ չէ, որ Հայաստանում լրատվամիջոցների ու լրագրողների համար այժմ ավելի ազատ ու բարենպաստ պայմաններ են ստեղծված:

«Մեդիալաբի» հետ զրույցում Սեյրանյանն ասում է, որ համազեկուցողները Հայաստանում այս առումով կարող են մտահոգիչ փաստեր հավաքագրել:
«Իհարկե, մամուլի նկատմամբ ճնշումներ կան, և դրանց մասին մենք խմբագիրներով բազմիցս ահազանգել ենք՝ և՛ հայտարարության տեսքով, և՛ տարբեր հարցազրույցների միջոցով: Մենք այդ հարցերը խմբագիրներով անընդհատ քննարկում ենք»,- ասում է Սեյրանյանը:

Ժուռնալիստների միության նախագահին խնդրեցինք ներկայացնել մի քանի փաստեր, թե հատկապես ո՛ր դեպքերն են իրենց մտահոգում:

«Առանձին դեպքերով չասեմ, բայց մեր հայտարարությունը կարող եք կարդալ: Բայց դեպքերի մասին էլ առանձին խմբագիրներ, ես էլ՝ որպես միության նախագահ, բարձրաձայնում ենք»,- ասում է նա:
Հարցին, թե նախորդ տարվա հետ համեմատ արդյոք իրենք հետընթա՞ց են արձանագրում երկրում ժողորդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների տեսանկյունից, ժուռնալիստների միության նախագահը պատասխանում՝ այո՛: Մարդու իրավունքների առումով ևս, ըստ նրա, վատթարացում կա երկրում, քանի որ դա փոխկապակցված է ազատ խոսքի նկատմամբ ճնշումների հետ:

Ի դեպ, այս տարվա ապրիլին՝ նախքան հեղափոխությունը, միջազգային հայտնի Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ հրապարակած զեկույցում նշել էր, որ ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:

Նախահեղափոխական Հայաստանը որակվել էր որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am