«Նիկոլ Փաշինյանը պարտավոր է բացատրել, թե ինչո՛ւ համաներում չի կիրառվում, որ մարդիկ այդքան չսպասեն»․ Ժաննա Ալեքսանյան

27-09-2018
3641 դիտում
«Նիկոլ Փաշինյանը պարտավոր է բացատրել, թե ինչո՛ւ համաներում չի կիրառվում, որ մարդիկ այդքան չսպասեն»․ Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Տիկի՛ն Ալեքսանյան, արդեն երկար ժամանակ է՝ խոսվում է համաներման անհրաժեշտության մասին, սակայն այդպես էլ այն չի լինում։ Ձեր կարծիքով՝ կա՞ համաներման անհրաժեշտություն, թե՞ ոչ։

- Քանի որ մենք շատ կապված ենք բանտերում ազատազրկվածների և նրանց ընտանիքների հետ, բավականին լավ տեղյակ ենք բանտարկյալների վիճակի, նրանց գործերի, պայմանների մասին։ Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, չեք պատկերացնի, թե ինչ հավատ ու հույս առաջացավ այդ մարդկանց մոտ, որոնք բանտերում են։

Նրանցից շատերն անմեղ դատապարտված են։ Մենք դեռ չենք էլ խոսում այդ գործերի վերանայման մասին, այլ մտածում էինք, որ համաներմամբ ազատ կարձակվեն։ Ընդ որում՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսեց համաներման մասին հենց սկզբում, երբ նոր էին եկել իշխանության։ Այդ հույսերն այնքան մեծ էին, որ համաներում կկիրառեին, բայց ինչպես տեսնում ենք, դա տեղի չունեցավ։

- Իսկ ինչո՞ւ համաներում չեն իրականացնում նաև այս իշխանությունները։

- Պատճառները չգիտեմ, ու ինձ պետք էլ չեն այդ պատճառները։ Ես տեսնում եմ, որ դա անմարդկային վերաբերմունք է բանտերում գտնվող մարդկանց նկատմամբ։ Այդ մարդիկ տարիներ շարունակ բողոքել են իրենց խնդիրներից, իրենց գործերից, որ շատերը հանիրավի դատապարտվել են։

Ընդ որում, շատերի գործերը հայտնի են հանրությանը։ Թե ինչո՛ւ մարդկանց այդ հույսերը ներշնչեցին, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Սա ես անմարդկային վերաբերմունք եմ համարում, որ չեն արդարացրել այդ մարդկանց սպասումները, և որոնց, գիտեք, նաև վաղաժամկետով չեն ազատում։

Մարդիկ ունեն վաղաժամկետ ազատման իրավունք, 4-5 ամիս է՝ իշխանությունը փոխվել է, բայց այդ հարցերն էլի չեն կարգավորվում։ Մենք ունենք դեպքեր, որ մարդուն հասնում է ռեժիմի փոփոխություն, բայց չի արվում այդ փոփոխությունը։ Մարդիկ ստիպված դիմում են դատարան։ Նոր իշխանությունը նույնկերպ չի զբաղվում բանտարկյալների խնդիրներով։ Ուրեմն պետք չէր հայտարարություններ անել, փիլիսոփայական տեսակետներ հայտնել համաներման, դրա մարդկային արժեքների մասին, հետո չանել։ Բանտարկյալները շատ էին սպասում, որ սեպտեմբերի 21-ին համաներում կարվի, բայց էլի չարեցին։

- Այսինքն՝ կա համաներման անհրաժեշտություն, բայց չկա այն անելու քաղաքական կա՞մք։

- Ես չգիտեմ՝ քաղաքական կամքն է, թե ոչ, բայց իրենք հայտարարել էին, որ համաներում են կիրառելու, թող չհայտարարեին։ Պատճառների մասին չեմ կարող խոսել, չգիտեմ՝ ի՛նչը կարող է պատճառ լինել, չեմ պատկերացնում։ Եթե անգամ ներքին հակասություններ կան, դա որևէ կերպ որևէ մեկին չի հետաքրքրում։

Ես խոսել եմ ցմահ դատապարտվածներից շատերի հետ, մարդիկ, որոնք 24 տարի բանտերում են։ Ուղղակի պետք է խիղճ ունենալ։ Ես Արտակ Զեյնալյանի հետ հանդիպել եմ վերջին շրջանում, և նա ասում էր, որ ինչ-որ բաներ են նախատեսվում, ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն, բայց ես չգիտեմ՝ ե՛րբ են դրանք լինելու։ Դրանք խոստումներ են, որոնք իրականություն չեն դարձել։ Իսկ այդ մարդիկ շատ անհամբեր են ու չեն հարմարվում այս վիճակին։ Համաներումը առաջնային քայլերից մեկը պետք է լիներ։ Եթե իշխանությունը դա չի անում, ուրեմն մենք ի՞նչ կարող ենք մտածել։

- Ինչո՞ւ է համաներումն անհրաժեշտ, որովհետև քրեակատարողական հիմնարկները ծանրաբեռնվա՞ծ են։

- Ցմահ ազատազրկվածների դեպքում օրենքը նախատեսում է, որ 20 տարի հետո նրանք կարող են ազատության մեջ հայտնվել, բայց այսօր ցմահ ազատազրկվածների մեջ կան մարդիկ, ովքեր 24 տարի բանտում են։ Այդ վաղաժամկետը կարող էր տարածվել նրանց վրա, նրանցից շատերին նույնիսկ ռեժիմի փոփոխությունն են մերժել, ու չես հասկանում, թե ինչու։ Շատ անմարդկային իրավիճակ է, և իշխանությունները պարտավոր են բացատրել, թե ինչու չեն կիրառում համաներում։

Երբ Սերժ Սարգսյանը չէր կիրառում համաներում, հասկանում էինք, որովհետև մենք նրա կողմից որևէ մարդկային քայլ չէինք տեսել և արդեն ակնկալիք էլ չունեինք։ Հիմա այս իշխանությունից ակնկալիք ունենք եւ պահվածքն անհասկանալի է։

Պատճառներն իրենց մեջ պետք է փնտրել և պետք չի մարդկանց հետ այսպես վարվել, քանի որ իրենք շատ լավ գիտեն, թե որքան անմեղ մարդիկ կան դատապարտված, ինչ անօրինական վճիռներով են մարդիկ նստած։

Գոնե այդ համաներումը կիրառեին, մարդիկ դուրս գային այդ ահավոր վիճակից, այդ անարդարությունից։ Բայց չէ՞ որ մենք հույսեր ենք կապել, որ այս իշխանությունն է արդարադատություն իրականացնելու, մարդիկ այլևս անարդարության զոհ չեն լինելու։ Ու հիմա այս անտարբերությունն անհասկանալի է։ Հիմա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը պարտավոր է բացատրել, թե ինչո՛ւ չի կիրառվում համաներումը, որ մարդիկ այդքան չսպասեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am