80 տոկոսի «բեռը»

29-09-2018
3545 դիտում
80 տոկոսի «բեռը»

Մի անծանոթ հեղինակի ծանոթ տեսություն կա, որը պնդում է, թե աշխատանքի 80 տոկոսը կատարում է աշխատողների 20 տոկոսը, այդ աշխատողների 20 տոկոսը՝ աշխատանքի 80 տոկոսը կատարում է իր աշխատաժամանակի 20 տոկոսում, իսկ մնացած 80 տոկոսը…

Այդ նույն տեսությունը պնդում է, որ բարիքներ ստեղծում է մարդկանց 20 տոկոսը, իսկ վայելում՝ 80 տոկոսը:

Մեզ այս տեսությունն առանձնապես չէր հետաքրքրի, եթե «Իմ քայլը» դաշինքը ստացած չլիներ քվեների 81 տոկոսը:

Արդյոք դա լա՞վ էր հեղափոխության տեսանկյունից: Այս հարցին արդեն պատասխանել ենք՝ այո՛, լավ էր:

Արդյոք դա անհրաժե՞շտ էր օրվա իշխանություններին: Բնական է, որ անհրաժեշտ էր:

Արդյոք դա համապատասխանո՞ւմ էր պետականության շահին: «Պետականության շահ»: Այս երկու բառերը կարող են ամպագոռգոռ հնչել, սակայն ոչ այս դեպքում: Ո՛չ, ընկերնե՛ր, որևէ ուժի տարած, որքան էլ այն հեղափոխություն առաջնորդած ուժը լինի, 81 տոկոսը չի կարող համապատասխանել պետականության շահին: Այստեղ խախտվում է ոչ միայն պետական կառավարման ու մեխանիզմների իրավաչափ բալանսը, այլև հենց բնության օրենքը:

Եթե մենք նայենք փիլիսոփայության տեսանկյունից, ապա համոզված պետք է պնդենք, որ ճշմարտությունները ստեղծվում են հակադրությունների և բանավեճերի արդյունքում: Բնության մեջ էլ է այդպես: Բնությունը, որի միկրոօրգանիզմն է մարդը, պետությունը, որի առանցքն է մարդը և գաղափարը, նախ և առաջ կառուցված են հակադրությունների, ճոճանակներ թույլ տվող և գաղափարական առողջ հակադրություններ պարտադրող հակասությունների վրա: Այստեղ այդ բալանսը խախտվել է: Ասել կուզի՝ փնտրվում է ընդդիմություն, որը նույնչափ կարևոր է պետության համար, որքան իշխանությունը:

81 տոկոսը վտանգավոր է նաև հույսի տեսանկյունից: Հայ հասարակությունը խոհեմ, բայց շտապողական հասարակություն է: Հայ հասարակությունն արագ արդյունքներ էր պահանջում Արցախյան պատերազմի առաջին՝ հաղթական փուլը դեռ չավարտված: Հեղափոխության դինամիկան է՛լ ավելի արագ արդյունքների ակնկալիքների դինամիկա է: Մասնակիցների առնվազն 81 տոկոսը այդ դինամիկայի կրողն է: Նա արել է իր քայլը և սպասում է արդյունքների: Մարգինալ վիճակում գտնվող հասարակությունը շատ ավելի պակաս է տուժում: Ինչո՞ւ, որովհետև ակնկալիքներ չունի: Բայց եթե վերածնունդ ապրած ու հույս ունեցող հասարակությունը կոտրվեց, կոտրվում է երկար ու որոշ դեպքերում՝ անդարձ:

Արդ, հարկավոր է, որ գանք գաղափարների դաշտ: Հարկավոր է, որ իդեալիզմը և գործնական ռադիկալիզմը համադրվեն ու արդարացնեն այդ հույսը, որ փայփայում է իր քվեն տված յուրաքանչյուր քաղաքացի: Հիրավի, ծանր բեռ է 81 տոկոսը:

Հուսանք՝ 50/50-ի Հայաստանն էլ երբեք չի դառնա 80/20-ի Հայաստան։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am