«Երբեք հետ չնայեք, չհանդուրժեք բռնությունը, միշտ առաջ գնացեք... Կյանքը պայքար է». Մարիամ Գևորգյան՝ կին, որը հաղթեց / ԴԱՓՆԵ

01-10-2018
4810 դիտում
«Երբեք հետ չնայեք, չհանդուրժեք բռնությունը, միշտ առաջ գնացեք... Կյանքը պայքար է». Մարիամ Գևորգյան՝ կին, որը հաղթեց / ԴԱՓՆԵ

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Մեդիալաբը» ներկայացնում է իր «Դափնե» նախագծի պատմությունները, որոնք պատմում են կանանց մասին, ովքեր անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները հրապարակվել են www.Daphne.am կայքում, որը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ և լայն արձագանք ունեցել։

Կանանց ապաստարանում քար լռություն է։

Ընտանեկան բռնության ենթարկված կանայք հայացքներն ուղղել են 27-ամյա Մարիամին՝ փորձելով որսալ նրա արտահայտած յուրաքանչյուր բառ ու միտք: Մարիամը խոսում է հանդարտ, բայց ինքնավստահ:

«Երբեք հետ չնայեք, չհանդուրժեք բռնությունը, միշտ առաջ գնացեք... Կյանքը պայքար է, դուք պետք է պայքարեք». Մարիամ Գևորգյանի այս խոսքերը շատ կանանց կյանք են փոխել, ազատել բռնության ճիրաններից և ապագայի համար նոր դուռ բացել:

Արդեն 5 տարի է, ինչ նա աշխատում է Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում՝ որպես սոցիալական աշխատողի օգնական: Մարիամը վերականգնողական աշխատանքներ է տանում բռնության ենթարկված կանանց հետ, կազմակերպում կանանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ և նրանց կենցաղավարության հմտություններ փոխանցում:

«Ես միշտ կանանց ասում եմ, որ առաջ գնան, չհուսահատվեն, որովհետև ամեն իրավիճակից ելք կա: Բռնության ենթարկված կինը պետք է իմանա, որ «չկարողանալ» բառը չկա: Ճիշտ է, սկզբում շատ դժվար է, բայց պետք է պայքարես, որ հասնես ուզածիդ»,- ասում է Մարիամը:

16 տարեկանից Մարիամը վարսավիրություն է սովորել և գումար վաստակել: Անարդարությունների դեմ ու հանուն հավասարության պայքարելու կամքը նրան դրդել է միշտ առաջ գնալ:

«Փոքր տարիքից պայքարել եմ, միշտ ընդվզել եմ, թե ինչո՞ւ պետք է տղամարդը սա անի, կինը չանի, հատկապես, որ մեր ընտանիքում այդպես չի եղել: Մենք 4 քույրիկ ենք, ու ծնողներս երբեք մեր առջև արգելքներ չեն դրել, թե՝ դու աղջիկ ես, սա պետք է անես, դա չանես: Այդ ավանդական, կարծրատիպային մոտեցումները մեր ընտանիքում բացակայել են»,- ասում է Մարիամը:
Դժվար է պատկերացնել, որ այսօր կանանց իրավունքների պաշտպան դարձած՝ այդքան համարձակ, ինքնավստահ և կյանքով լի Մարիամը 7 տարի առաջ անցել է ընտանեկան բռնության անասելի դժվար ու դաժան ճանապարհով: Սակայն դեմքի և մարմնի վրա սպիացած բռնության հետքերը վկայում են տարիներ առաջ նրա հետ տեղի ունեցածը:

«Երբ դա պատահեց ինձ հետ, մեծ շոկ էր: Մտածում էի՝ ո՞նց կարող են այդպես վարվել ինձ հետ»,- պատմում է Մարիամը:

Յոթ տարի առաջ ամուսնանալով ու Արարատի մարզի Տափերական գյուղից Սանկտ Պետերբուրգ մեկնելով` 20-ամյա Մարիամը չէր կարող պատկերացնել, թե իր հետ ինչ է տեղի ունենալու: Ամուսնության 9 ամիսների ընթացքում նա պարբերաբար ենթարկվել է դաժան ծեծի ու խոշտանգումների ամուսնու և սկեսրոջ կողմից, ինչի հետևանքով մարմնի տարբեր հատվածներին մնացել են պատառաքաղով ծակոցների ու արդուկից այրվածքների հետքեր:
«Անընդհատ ասում էին, որ ես ոչ մի բանի պիտանի չեմ, մարդ չեմ, իրենց ստրուկն եմ, որ իմ ծնողներին կսպանեն, մի վնաս կտան, ու ես դա ընկալում էի որպես ճշմարտություն: Դա բռնարարի ամենամեծ զենքն է՝ կնոջ ինքնագնահատականը իջեցնելը, վախի մեջ պահելը»,- նշում է Մարիամը:

Ամուսնության 9 ամիսների ընթացքում Մարիամին միշտ փակի տակ են պահել, բացի ֆիզիկական դաժան բռնություններից, նաև արգելել են աշխատել, անվերջ սպառնալիքներ հնչեցրել իր և իր ընտանիքի անդամների հասցեին:

Ամենատարբեր պատճառներով՝ «տունը դանդաղ ավլելու», «կանաչին սիրուն չդասավորելու», «դուռն ուժեղ ծածկելու»... ամուսինն ու սկսեսուրը Մարիամին դաժանորեն ծեծում էին՝ ամբողջ մարմինն ու դեմքը դարձնելով «կապույտ լողակ»:

«Ամեն անգամ մի պատճառ գտնում էին: Սկեսուրս մի քանի անգամ՝ կրակայրիչով, հետո արդեն թերթն էր կոլոնում ու կրծքերս վառում: Ստիպում էր, որ լեզուս հանեմ ու կրակայրիչով վառում էր: Ցավից հետ էի քաշում, գրտնակով խփում էր գլխիս, մազերս այնպես էր քաշում, որ տեղ-տեղ կաշվի հետ պլոկվում էր: Ստիպված լեզուս հանում էի, վառելուց հետո օճառը դնում էր բերանս ու ասում՝ որ լավ զգաս, թե մրմուռն ինչ ա: Բերանս պինդ փակում էր, թե հետո օճառը կուլ կտայի...»,- պատմում է Մարիամը:

Ավելին՝ այստեղ

Տեքստ` Լիլիթ Առաքելյան
Լուսանկար` Էմմա Գրիգորյան