«Որքան էլ ցավը մեծ լինի՝ պայքարել, չվախենալ, չստորանալ, գնալ մինչև վերջ». Թագուհի Մանսուրյանը՝ կացնի հարվածներից դեպի կյանքի նոր հորիզոններ/ԴԱՓՆԵ

01-10-2018
8135 դիտում
«Որքան էլ ցավը մեծ լինի՝ պայքարել, չվախենալ, չստորանալ, գնալ մինչև վերջ». Թագուհի Մանսուրյանը՝ կացնի հարվածներից դեպի կյանքի նոր հորիզոններ/ԴԱՓՆԵ

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Մեդիալաբը» ներկայացնում է իր «Դափնե» նախագծի պատմությունները, որոնք պատմում են կանանց մասին, ովքեր անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները հրապարակվել են www.Daphne.am կայքում, որը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ և լայն արձագանք ունեցել։

Աչքերը փայլում են արցունքներից, դիմագծերը՝ դողում, ձեռքերը` ձեռք փնտրում ամուր բռնելու, չհուսահատվելու համար։ Մինչդեռ ամիսներ առաջ է հասկացել. իրեն բաժին ընկած ողբերգությունը մենակ պիտի վերապրի ու հաղթահարի:

«Երբ մենակ վերադարձա տուն հիվանդանոցից, հարևանները կանգնած նայում էին, մտա մուտք ու քայլեցի դեպի մեր դռան շեմը։ Անտանելի դժվար էր... Հասկացա, որ մենակ եմ քայլում դեպի տուն ու պետք է այդպես էլ այս կյանքում մենակ շարժվեմ առաջ ու չնայած ներքին խռովքիս ու ապրումներիս՝ կարողանամ հասնել նպատակներիս՝ հանուն տղայիս: Չունեի մեկին, որ կաջակցեր ինձ: Մայրս մահացել էր, հայրս՝ ինձ նման ողբերգություն ապրած, տարիքով մարդ, եղբայրս՝ հեռու, տղաս՝ երկու տարեկան... Ես չէի կարող իմ թուլությամբ բեռ լինել նրանց վրա»,- պատմում է ամիսներ առաջ սեփական դռան առջև նախկին ամուսնու կողմից կացնահարված ու հրաշքով ողջ մնացած 37-ամյա Թագուհին:

Չնայած մուտքի դռները փոխել են, պատերը՝ վերանորոգել, Թագուհին ամեն օր վերապրում է տեղի ունեցածը. «Ամեն անգամ դուռը բացելիս ուզում եմ կրկին վերհիշել դեպքը, թե ինչպես արեց, որ կյանքից զրկեց մորս, բայց չեմ կարողանում հիշել...»:

Զգացմունքներն ու հույզերը զսպելով՝ վերհիշում է իր ծննդյան օրը.
«Հուլիսի ութը անցկացրեցի բալիկիս հետ: Երեկոյան գնացի հաճախորդի տուն`սպասարկելու, մասնագիտությամբ դիմահարդար-մատնահարդար եմ, հաջորդ օրն այդ աղջկա հարսանիքն էր: Վերադառնում եմ տուն 1։30-ի կողմերը, նա արդեն մեր բակում է ու աղմկում է: Ինձ նկարում է հեռախոսով ու ասում, թե երեխային թողել եմ մենակ և ուշ ժամի տուն եմ գալիս: Մայրս է դուրս գալիս, սկսում է խփել ինձ ու մայրիկիս: Հետո նույն պահին զանգում է ոստիկանություն ու ասում, որ մենք ենք իրեն ծեծում: Ոստիկանությունը գալիս է մեզ տանում բաժանմունք, ինքը փախչում է: Շատ լավ գիտեր, որ մի ժամից բաց են թողնելու, նախապես մտածված զանգեց ոստիկանություն, որ այդ ժամանակահատվածում հասցներ իր սև գործն անել»:

Թագուհի Մանսուրյանի ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց հանրապետությունը: Ոստիկանությունից գիշերվա չորսին վերադարձող մայր ու աղջկան շքամուտքում կացնահարում է Թագուհու նախկին ամուսինը` 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:
«Ձեռքիս հեռախոսով լուսավորում եմ, որ դուռը բացեմ, ու հանկարծ՝ հարված ուսիս։ Շուռ եմ գալիս, տեսնեմ՝ Վլադը` սև վերնաշապիկով, կացինը ձեռքին։ Սկսում եմ ահավոր ձայնով գոռալ: Մայրս մտնում է իմ ու Վլադի մեջտեղը, դեմքով դեպի Վլադը, մեջքով դեպի ինձ: Էլ ոչինչ չեմ հիշում.... Հիշում եմ՝ ընկնում եմ գետնին, ու մեկ էլ՝ հորս աղոտ դեմքը, հետո հիվանդանոցի առաջին հարկը` լույսերի մեջ, ու սայլակի վրա նստած հորս արյունոտ դեմքը»,- կրկին վերապրելովտ տեղի ունեցածը՝ պատմում է Թագուհին:

Ավելին՝ այստեղ

Տեքստը` Գայանե Մկրտչյան
Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի