«Դատավորն ասաց՝ ինչե՜ր ես խոսում, քո օգտին վճիռ կայացնե՞մ, ինձ կկանչեն կզարան՝ Բաղրամյան 26». Սեդրակ Բաղդասարյան

02-10-2018
3472 դիտում
«Դատավորն ասաց՝ ինչե՜ր ես խոսում, քո օգտին վճիռ կայացնե՞մ, ինձ կկանչեն կզարան՝ Բաղրամյան 26». Սեդրակ Բաղդասարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

- Պարո՛ն Բաղդասարյան, իրացման գոտիների բնակիչներին իրենց տներից զրկելու գործով դուք փորձում եք արդարության հասնել: Գիտենք, որ վերջին շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տարբեր գրություններ եք ուղարկում պետական մարմիններ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով արդարությունը վերականգնել, պատասխանատվության ենթարկել երկրորդ նախագահին: Կմանրամասնե՞ք՝ ի՛նչ քայլեր եք իրականացնում:

- Մեր պահանջը մեկն է՝ արդարությունը պետք է վերականգնվի: Ես ուզում եմ հետադարձ հայացք ձգել այս գործընթացի վրա, որ այնպիսի տպավորություն չլինի, թե Երևանի կենտրոնի բնակիչները ագահ էին, որոշել էին հնարավորինս շատ գումար պոկել կառուցապատողներից:

Կոնկրետ ես ծնվել ու մեծացել եմ Երևանի կենտրոնում, և ում հետ ես շփվել եմ, Կենտրոնի բնակիչներից որևէ մեկը դեմ չէ, որ Երևանը զարգանա ու գեղեցկանա: Այն ժամանակ ծրագրերի իրականացման գրասենյակի պատճառաբանությունն այն էր, թե տները պետք է քանդվեն, քանի որ մարդիկ ապրում են կռիսանոցում, դա իբր սազական չէ պետությանը:

Եթե մեր տները քանդում էին, փոխարենը՝ բնակարաններ կառուցում, եթե դա իրոք գերակա հանրային շահ էր, ապա ինչո՞ւ բնակիչը չէր կարող նույն վայրում բնակարան ստանալ, ո՞րն էր նրա մեղքը:

- Այսինքն՝ կարող էին մարդկանց հետ պայմանագրեր կնքել և հետագայում նրանց, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի տարածքում տներ տայի՞ն:

- Այո՛: Ինձ համար շատ զարհուրելի է այն հանգամանքը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը: Եվ կրիմինալ անցյալ ունեցող, Սահմանադրությունը չհարգող, մարդու արժանապատվությունը ոտնահարող մարդուն պաշտոնավարման ավարտից հետո առանձնատուն են տալիս: Ես ապշած եմ. ի՞նչ լավ գործերի համար եք պալատներ տալիս հանցագործին, ինչո՞ւ եք խրախուսում: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ժողովրդի մեջ սերմանեց կաշառակերությունը, ոտնահարում էր քաղաքացիների իրավունքները, այսօր կռիվ է տալիս, որ իրեն քառահարկ առանձնատուն տան:

Ես՝ Երևանում ծնված-մեծացած քաղաքացիս, ով ոչ մի խախտում չի արել, որոնք արել են այդ երկու նախագահները, զրկվել եմ Երևանի կենտրոնում ունեցած իմ տնից: Ես հարց եմ տալիս. Սերժ Սարգսյա՛ն, դու նամուս ունե՞ս: Երբ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ էր, մեր ձեռքը սեղմեց և խոստացավ, որ նախագահ դառնալու դեպքում մեր հարցը կլուծի: Ես ուզում եմ հասկանալ՝ իմ երեխաներն ի՞նչ մեղք էին գործել, որ արդեն 14 տարի է՝ վարձով են ապրում:
Ես նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, այլ մարմիններ: Փաստեր եմ ներկայացրել, թե ինչ հանցագործություններ են կատարվել Երևանի կենտրոնի կառուցապատման ընթացքում: Ցավոք, առ այսօր վարչապետից արձագանք չեմ ստացել: Ես հասկանում եմ, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք, բայց ապշած եմ, որ երբ այդպիսի նյութ եմ ուղարկում վարչապետին, նրա մոտից այդ նամակը գնում է կադաստր:

Ես հասկանում եմ, որ պարոն վարչապետը ժամանակ չունի, որ կարդա, բայց գոնե տեսնեն, թե ո՛ւր են ուղարկում այդ նամակը: Վարչապետը հայտարարել է, որ արդարությունը պետք է վերականգնվի, բոլոր գողացված գումարները պետք է հետ բերվեն, ես էլ իմ նամակում առաջարկներ եմ արել նրան:

- Իսկ ինչպե՞ս պետք է լուծվի արդարության վերականգնման հարցը, և ձեր ո՞ր առաջարկություններն եք կարևորում:

- Քաղաքացիների նկատմամբ նախագահի հանցագործության հետևանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով ՀՀ բյուջեից իրացման գոտիների բնակիչներին վճարվել է ավելի քան 700 հազար եվրո փոխհատուցում: Գուցե մեկն ասի՝ էդ ի՜նչ  փող է որ Սաշիկի 30 մլն դոլարի դիմաց: Բայց 700 հազար դոլարով մենք զինվորի համար փամփուշտ կարող էինք գնել: Ինձ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը օտարեց կենտրոնի բնակիչների տները, որ քաղաքը սիրո՞ւն լիներ:

Նա մեր կողմից նկարված «Օտարում» ֆիլմում ասում էր՝ հզո՜ր է, հզո՜ր: Նրա պատկերացումը դա էր:

Երբ Ռոբերտ Քոչարյանը Երևան եկավ, նա չէր պատկերացնում, թե Երևանն ինչ քաղաք է, նա չէր պատկերացնում, որ այս քաղաքն ունի իր պատմությունը, մշակույթը: Չի կարելի պատմամշակութային հուշարձանը քանդել, փոխարենը բետոնե շենք կառուցել ու ասել՝ հզո՜ր է: Այն փաստը, որ ինքը կատարել է հանցագործություն, այլևս չի էլ քննարկվում: Այսօր խոսվում է նրա ահռելի ունեցվածքի մասին: Իմ առաջին առաջարկը հենց դրան է վերաբերում: Երևանի կենտրոնից տեղահանվել է շուրջ 5000 բնակիչ:

Պետք է ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրել, չեմ ասում՝ դա բոլորին պետք է վերաբերի, բայց այն մարդիկ, ովքեր տուժել են, և դրա իրավական հիմքերը կան, պետք է փոխհատուցում ստանան: Պետք է հանձնաժողովին կից ստեղծվի հիմնադրամ՝ «Քոչարյանից տուժածներ» կամ «Պետական կարիքներից տուժածներ» անվանումով, որտեղ կբերվեն Քոչարյանի, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի, պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի միջոցները:

Դավիթ Հարությունյանն էր ապահովում Քոչարյանի իրավական դաշտը, նա քաղաքացուն ասում էր՝ դու դիմիր ՄԻԵԴ, ես խնդիր չունեմ, բայց հաշվի առեք, որ ես կլինեմ ձեր հակառակորդը: Այդ մարդկանց՝ միլիոնների հասնող գույքը պետք է աճուրդով վաճառվի կամ բռնագանձվի, գումարները հավաքվեն հիմնադրամում, այդ գումարի մի մասը պետք է ուղղվի տուժած բնակիչների արդարացի իրավունքների վերականգնմանը, մի մասը՝ բյուջեին պատճառված վնասի վերականգնմանը: Խոսքն այն 700 հազար եվրոյի մասին է, որը հատուցվել է ՄԻԵԴ-ի վճիռների համար, իսկ մյուս մասը պետք է ուղղվի երկրի զարգացմանը:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել., որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Երևանի կենտրոնի բնակիչների իրավունքները համատարած խախտվել են:

- Իհարկե, դա փաստ է: Հյուսիսային պողոտայի մասին դեռևս 2006 թվականին իր գնահատականը տվել է Սահմանադրական դատարանը, այդ գործողությունները ճանաչել է հակասահմանադրական: Բայց այդ որոշումից հետո բնակիչներից որևէ մեկի իրավունքը չի վերականգնվել:

Կառավարության հովանու ներքո Հայաստանում կատարվել է սև փողերի լվացում, կոռուպցիա: Ես մի օրինակ բերեմ. կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ առանց մրցույթի հողամասեր են տրամադրվել կառուցապատողներին: Ինչո՞ւ առանց մրցույթի, եթե ասում են՝ բացառիկ գերակա հանրային շահի համար է այդ գործը, ինչո՞ւ մրցույթ չէր հայտարարվում:

Յուրայիններին էին ներգրավում այդ աշխատանքներում, փողերը բերում էին ուրիշ տեղից, այստեղ լվանում էին: Ռոբերտ Քոչարյանը մի հանդիպման ժամանակ իմ տիկնոջն ասել էր՝ չէ՞ որ ձեզ ինչ-որ մի բան տվեցինք: Ես ծնվել եմ քաղաքի կենտրոնում, ունեի սեփական տուն՝ իր հողամասով, ինձ երկրի նախագահն ասում է՝ ձեզ ինչ-որ բան տվեցին:

- Հույս ունե՞ք, որ կառավարությունը կլսի ձեր առաջարկները, ընթացք կտա դրանց:

- Ես Եվրադատարանում իմ գործը շահել եմ, վճիռը կոչվում է՝ «Սեդրակ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»: Եվ ես հաղթել եմ: Եթե այն ժամանակ կարողացել եմ հաղթանակի հասնել, ապա այսօր նախադրյալ տեսնում եմ, որ պետք է այդ հարցը լուծվի:

Ի վերջո, ժամանակն է, որ այս խայտառակությանը վերջ տրվի: Ես գտնում եմ, որ մեր նոր կառավարությունը մի քանի ոլորտներում՝ մարդու իրավունքների, սեփականության ոտնահարման, պետք է որոշում կայացնի, տեղի ունեցածին քաղաքական գնահատական տա: Նույնը պետք է արվի Երևանի պատմամշակութային հուշարձանների քանդման հարցում: Պետք է այդ ամենին տալ քաղաքական գնահատական, ինչը ցույց կտա, որ արդեն գիծ ենք քաշել, նախորդ գործելաոճն այլևս չի լինի: Լուծման օրինակներից մեկը ես ցույց տվեցի:

Այսօր սխալ կլինի, եթե իրացման գոտիների բնակիչներն ասեն՝ պետական բյուջեից պետք է մեզ փոխհատուցեք մեր խախտված իրավունքների համար:

- ՄԻԵԴ-ի վճիռներից հետո նաև մասնագիտական շրջանակներում հարց էր առաջանում, որ պետք է պատժել դատավորներին, ովքեր ժամանակին սխալ վճիռներ են կայացրել: Նաև կային առաջարկներ դատավորների գրպանից փոխհատուցման գումարը գանձելու մասին: Սա կարո՞ղ էր արդյունավետ գործել:

- Դատավորները բոլորը վախենում էին: Դատավորն ինձ ասում էր՝ ես 60 հազար դոլար եմ տվել էս աթոռի համար, եթե հիմա քո օգտին վճիռ կայացնեմ, էս աթոռից կզրկվեմ: Մի դատավոր էլ ասաց՝ ինչե՜ր ես խոսում, քո օգտին վճիռ կայացնե՞մ, ինձ կկանչեն կզարան: Ես չհասկացա, հարցրեցի՝ որտե՞ղ է կզարանը, ասաց՝ Բաղրամյան 26-ում: Կզարան՝ դրանք դատավորի խոսքերն են: Դա խոսում է այն մասին, որ Քոչարյանի ժամանակ բոլորը կզած են եղել: Ոչ մի դատավոր իր մեջ ուժ չունեցավ իրացման գոտիների բնակիչների օգտին վճիռ կայացնելու, և գործերը գնացին Եվրոպական դատարան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am