«Այսօր խորհրարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն նեգատիվ առումով»․ Ըստ Փաշինյանի, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերին

02-10-2018
1365 դիտում
«Այսօր խորհրարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն նեգատիվ առումով»․ Ըստ Փաշինյանի, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի դեկտեմբերին:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ այսօր վարչապետը խորհրդարանում քննարկում է ունեցել ԱԺ նախագահի ու ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներից հետո լրագրողներին ասաց, որ Հայաստանում կան հակահեղափոխական ուժեր: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հեղինակը խորհրդարանական երեք ուժեր են՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:

«Ես կարծում եմ, որ այսօր խորհրարանում տեղի է  ունեցել շատ կարևոր իրադարձություն նեգատիվ առումով: ՀՀԿ-ն և կարծես թե ոչ միայն ՀՀԿ-ն, հերթական անգամ ցույց են տվել, որ իրենք ճիշտ չեն գնահատում Հայաստանում հաստատված իրավիճակը: Այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների, և ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարևոր քաղաքական հայտարարություն»,- ասաց  Փաշինյանը:

Նա հաստատեց, որ իր կարծիքով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն են կատարում, որպեսզի խոչընդոտեն արտահերթ ընտրությունների անցկացման իր օրակարգը:

«Հիմա, եթե հարց էր գնում՝ Հայաստանում հակահեղափոխություն կա, թե ոչ, կարող ենք հստակ արձանագրել, որ, այո, Հայաստանում կա հակահեղափոխություն: Եվ հակահեղափոխություն են բոլոր նրանք, քաղաքական այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից նախաձեռնություն է: Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես ասում եմ՝ ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է և ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռևանշի իշխանության նկատմամբ: Մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այսքանից հետո պետք է արձանագրել հետևյալը՝ վերջին զարգացումներից հետո 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: